Ով է առաջին ռեփերը

Ով է առաջին ռեփերը

Ռուսաստանի մշակույթի նախարարը պնդում է, որ իր երկրի ամենահայտնի բանաստեղծներից մեկը հանդիսանում է ռեփ երաժշտության հիմնադիր և որ ժանրը կարող է ապագայում դառնալ արվեստի ռուսական ուղղություն:

Վլադիմիր Մայակովսկին 20-րդ դարի սկզբի բանաստեղծ է, որը հայտնի էր իր ֆուտուրիստական ոճով, բուրժուազիայի դեմ երգիծական հարձակումներով և 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխության աջակիցը լինելով: Իոսիֆ Ստալինի օրոք նա սկսեց քննադատել կոմունիստական կարգերը: 1930 թ.-ին՝ 36 տարեկան հասակում,  նա ինքնասպան է լինում:

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ելույթ ունենալով Վալդայի ակումբում՝ ասել է, որ ինքը ոգևորված չէր ռեփի հանդեպ իր որդու ֆանատությամբ, սակայն այն ուսումնասիրելուց հետո, հայտնաբերել է, որ «Մայակովսկին է եղել առաջին ռեփերը»: Դրա մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Մեդինսկին ասում է՝ քանի որ «ռուսական մշակույթը բացառապես բաց է, հանդուրժող, պատասխանատու և օտարի հանդեպ ընկալունակ», ապագա սերունդները «շուտով կարող են ասել, որ ռեփն արվեստի ռուսական ձև է, որը մի գուցե առաջացել է Ամերիկայում, բայց զարգացել Ռուսաստանում»:

Մեդինսկին պատմում է, որ ռեփի տեսության ծագումն իր որդուն բացատրելուց հետո իր որդին գնացել է դպրոց և «այդ ամենը պատմել դասընկերներին, այժմ նրանք բոլորը կարդում են Մայակովսկի և համակարծիք են իր հետ»:

Մայակովսկու ռեպերտուարը ոչ միայն ժանրեր է անցել, այլ նաև հարթակներ: Հայտնի բանաստեղծի, նկարչի, դրամատուրգի և դերասանի ստեղծագործությունները գրավեցին Խորհրդային Միությունը՝ չնայած, որ ստալինյան օրերին Մայակովսկին մեծ հիասթափություն էր ապրել ու ինքնասպան եղել: 1993 թ. Newsweek-ի հոդվածում Մայակովսկու ստեղծագործությունները ներկայացվել են որպես «կատարողական արվեստի, պանկի և նույնիսկ ռեփի հիմնադիր գործեր»: Newsweek-ը նաև նշել է, որ Մայակովսկու գործերը չեն արգելվել Ստալինի հրահանգով:

Ինչ վերաբերում է ռեփին և հիփ-հոփին, ապա շատերը երաժշտական ​​այս ուղղության հիմնադրումը կապում են 1970-ականների սկզբի Նյու Յորք քաղաքի Բրոնքս թաղամասի և դրան հաջորդած 1979 թվականի հանրաճանաչ դարձած The Sugarhill Gang-ի «Ռեփերների հրճվանքը» գործի հետ : 1999 թ-ի Ego Trip’s Book of Rap Lists հրապարակման արդյունքում DJ Kool Herc-ին տրվել է առաջին հիփ-հոփ DJ- ի կոչումը, ով իր առաջին համերգը տվեց 1973 թ. այժմ արդեն հայտնի 1512 Sedgwick պողոտայի բնակելի շենքում, որը գտնվում է Բրոնքս թաղամասի Մորիս Հեյցի շրջանում:

Ըստ Nielsen Music-ի զեկույցի, ռեփը՝ որպես աֆրոամերիկացիների կողմից հիմնված անդեգրաունդ շարժում, ու նրա քույր ժանր հիփ-հոփն ու R&B անցյալ տարի Միացյալ Նահանգներում պաշտոնապես դարձան երաժշտական ​ամենատարածված ​ուղղությունները:

Մեդինսկին առաջինը չէ, որ խոսում է ռեփի այլընտրանքային ծագման մասին: Իր հերթին Նյու Մեքսիկոյի համալսարանի պրոֆեսոր Ֆերենց Սզասը պնդում է, որ այս ժանրի իրական հիմնադիրները միջնադարյան շոտլանդացիներն են, որոնք տիրապետում էին բանաստեղծությունների միջոցով միմյանց պատասխաններ տալու արվեստին: Գիտնականները պնդում են, որ աֆրոամերիկացի համայնքին այս ոճի հետ ծանոթացրել են առաջին անգամ Միացյալ Նահանգներում գտնվող շոտլանդացի ստրկատերերը: Դրա մասին գրում է «The Telegraph»-ը իր 2008 թվականի հոդվածում:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment