Ով էր Շարլ Ազնավուրը Լոս Անջելեսի ու աշխարհի հայության համար

Ով էր Շարլ Ազնավուրը Լոս Անջելեսի ու աշխարհի հայության համար

Հոդվածի առանցքում

  • Ազնավուրն օգնեց մեր պատմությունը հասանելի դարձնել աշխարհին, դա ավելի մեծ ներդրում է, քան նրա կատարած յուրաքանչյուր երգը:

Ուշադրությանն արժանի

Ես երկար տարիներ ապրում եմ Լոս Անջելեսում ու երբեք չեմ այցելել Հոլիվուդի փառքի ծառուղի որևէ աստղի մահվան կապակցությամբ: Սակայն երկուշաբթ օրն այլ էր:   

Շառլ Ազնավուրի մահվան լուրը հայտնի դարձավ գիշերը հոկտեմբերի 1-ին, երբ դեռ չէի արթնացել: Ես դրա մասին տեղեկացա սոցցանցերից: 94-ամյա Ազնավուրը աշխարհի ամենահայտնի երգիչներից էր, ֆրանսիացի, ով ստեղծագործել է մանկուց և իր վերելքն է սկսել Էդիտ Փիաֆի հովանու ներքո: Նրա կարիերան տևեց տասնամյակներ, անցնելով մի քանի սերունդներով, իսկ նրա ստեղծագործությունները հաղթահարեցին լեզվական բոլոր խոչընդոտները: Նա երգում էր տարբեր լեզուներով, ներառյալ անգլերեն, բայց փորձում էր իր ֆրանսերեն լեզվով երգերը հասցնել մարդկանց, ովքեր բացի «մերսի» բառից ուրիշ որևէ այլ բառ չգիտեն ֆրանսերեն: Նրա գործերն այնքան ազդեցիկ էին, որ դուք կարող էիք զգալ նրա երգերն առանց որևէ մի խոսք հասկանալու:

Բացի այդ, Ազնավուրն արմատներով հայ էր: Իմ պապիկների նման, նա եղել է այն սերունդից, որն առաջին էր ծնվել հայրենիքից դուրս Ցեղասպանությունից հետո: Նա եղել է իր ծննդավայր երկրի մի մասնիկ, որտեղ ծնվել ու մեծացել է, բայց նաեւ խորապես կապված է եղել իր արմատների հետ, որոնք գրեթե կորսվել էին: Նա երգ է ունեցել Ցեղասպանության մասին, ֆրանսերեն «Ils sont tombés», թարգմանաբար «Նրանք ընկան»: Նա խաղացել է Ատոմ Էգոյանի 2002 թվականի «Արարատ» ֆիլմում, որը նույնպես նվիրված էր Ցեղասպանությանը:  Իր հուղարկավորության օրը Հայաստանում հայտարարված է սգո օր:

Երկուշաբթի կեսօրից հետո դուրս եկա Հոլիվուդ/Վինե մետրոյի կայանից եւ գրեթե անմիջապես հայտնվեցի իր աստղի մոտ՝ Փառքի ծառուղում: Այստեղ դրված էր  մի բարձր ծաղկեպսակ, որի մոտ կանգնած էր մի տղամարդ, նա կարծես հեռուստատեսության թղթակից լիներ: Սակայն այս պատկերը չէ, որ ակնկալում էի տեսնել այստեղ: Ազնավուրը հայտնի էր ամբողջ աշխարհում, բայց, եթե դուք ապրում եք Լոս Անջելեսում և ծանոթեք նրա ստեղծագործություններին, ապա, հավանաբար, դուք կամ ֆրանկոֆիլ եք, կամ հայ, կամ մարդ, ով հետաքրքրված է երաժշտությամբ: ԱՄՆ-ի համար օտար լեզվով փոփ երաժշտությունը դեռ անընկալելի է:

Այն պահին, երբ ես ժամանեցի, այստեղ էին երկու-երեք լրագրողներ: Ինքս վստահ չէի՝ եկել եմ սգալու, թե թղթակցելու: Ես ծաղիկներ չէի բերել Ազնավուրի աստղի վրա դնելու համար ու անհարմար էի զգում մարդկանց մի կողմ քաշել ու հարցազրույց վերցնել։ Մոտ մեկ ժամ դիտում էի տեսարանը, թե ինչպես են այստեղ գալիս նրա երկրպագուները:

Ազնավուրի հայ լինելը չէ, որ ինձ ստիպեց հետաքրքվել նրանով: Ես վաղուց մեծ հետաքրքրություն ունեի դրամատիկ երգիչների նկատմամբ, այն երգիչների, ովքեր կարող էին մի պոեմ երգել․ օրինակ՝ Մորիսին, Նիկ Քեյվը և Մարկ Ալմոնդը: Անհնար էր չիմանալ շանսոնի երհգիչներին: Ես ֆրանսերեն չգիտեմ, բայց միայն ձայնը կարողանում էր ամբողջապես փոխանցել սիրո, կորստի, ուրախության եւ հուսահատության խորությունը, որոնք ես ուզում էի լսել: Ազնավուրի հայ լինելը ի հավելում էր դրան: Նրա մահը մեծ կորուստ է հայի ինքնության համար:

Դեպի Փառքի ճամուղու իր աստղի ճանապարհին քայլում են երկու տարեց կին և  հայերենով խոսում միմյանց հետ: Այստեղ նրանք վերադասավորում են ծաղիկները, մոմերը և պաստառները, որոնք գնալով ավելի են շատանում: Մոտենում է մի այլ կին՝ երկու երեխաների հետ, ձեռքին՝ մանուշակագույն վարդերի ծաղկեփունջ: Նա ծաղիկները խոնարհում է աստղին: Ես ուշադրությամբ հետևում եմ նրա շարժումներին: Նրանք նրբորեն դիպչում են Ազնավուրի աստղին, կարծես թե հրաժեշտ են տալիս, ծնկի են իջնում՝ կարծես եկեղեցում լինեն: Ես նկատում եմ ծաղիկներից կախված հայկական ոճով խաչը:

Դեպքի վայրն ինձ մտովի տարավ դեպի իմ ընտանիք՝ հայրիկիս, երեք պապիկ-տատիկներիս եւ մյուս հարազատների հուղարկավորությունները: Ես հիշեցի, թե ինչպես էր իմ ընտանիքը հրաժեշտ տալիս իր հարազատներին: Կան ավանդույթներ, օրինակ՝ հոգեճաշը, որն ինձ մոտ ասոցացվում է քյաբաբի և երկար ելույթների հետ, կա 40-օրյա սգո ժամկետ: Հայկական հուղարկավորությունը մի բան է, որից հեռու էի որպես ամերիկացի, սակայն որին առերեսվեցի երկուշաբթի՝ Հոլիվուդի ծառուղում:

Մի պահ զրույցի բռնվեցի կողքս կանգնած կնոջ հետ: Նրա անունը Նարե Մկրտչյանն էր, նա կինոռեժիսոր էր, ում կարճամետրաժ ֆիլմը՝ «The Other Side of Home», ներկայացվել էր Օսկարի: Մկրտչյանն ասում էր, որ նա ամբողջ առավոտ լաց է եղել: «Կարծում եմ՝ Ազնավուրն ավելի մեծ էր, քան կյանքը», – բացատրում է նա: Նարեն պատրաստվում է Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմ նկարահանել: Նրանք մեկ անգամ հանդիպել են Փարիզում: Instagram- ում կա այդ հանդիպման լուսանկարը: Մկրտչյանն ասում էր, որ շատ անմիջական է եղել նրանց շփումը։ «Ազնավուրն ասում էր, որ որևէ մեկն իրեն կաշկանդված չի զգում իր մոտ», – հիշում էր նա: Նարեն ասում էր, որ նրանք հետագայում մի քանի անգամ խոսել են հեռախոսով, եւ Ազնավուրը միշտ ինքն էր պատասխանում զանգերին։

Ես հարցրեցի նրան, թե ինչ նշանակություն ունի Ազնավուրը սփյուռքահայերի համար: «Հայկական սփյուռքի համար նա շատ ավելին էր, քան երգիչ, նա շատ ավելին էր, քան դերասան, նա շատ ավելին էր, քան մշակույթի գործիչ», – ասաց նա: «Ազնավուրը մի փոքր երկրի եւ մի փոքր ժողովրդի, որի մասին շատ մարդիկ չգիտեն, ձայնն էր, նա Ցեղասպանություն վերապրածների ու ներգաղթյալների զավակ էր, Ցեղասպանություն, որը դեռևս չեն ճանաչել»։

Ես մտածում էի նրա խոսքերի շուրջ, երբ մետրոյով վերադառնում էի: Մինչև երկուշաբթի, Ազնավուրը հայ մեծագույն կենդանի կատարողն էր։ (Հիմա այդ տեղը զբաղեցնում է Շերը): Քչերին է հաջողվում աշխարհին ճանաչելի դարձնել իրենց տաղանդը: Մարդիկ ասում են, որ ներկայանալի լինելը մեծ նշանակություն ունի, Ազնավուրն իրոք ներկայացնում էր մեզ: Նա օգնել է մեր պատմությունը հասանելի դարձնել աշխարհին, և դա ավելի մեծ ներդրում է, քան նրա կատարած յուրաքանչյուր երգը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

 

Write a comment