Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին. Վրաստանն ընտրեց իր առաջին կին նախագահին՝ համոզիչ հաղթանակով

Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին. Վրաստանն ընտրեց իր առաջին կին նախագահին՝ համոզիչ հաղթանակով

Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ՝ կովկասյան երկրի պատմության մեջ դառնալով առաջին կինն այդ պաշտոնում: 66-ամյա նախկին արտգործնախարարը 60 տոկոս ձայն հավաքեց, նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն, որը նույնպես նախկին արտգործնախարար էր, 40 տոկոս ձայն  հավաքեց: Զուրաբիշվիլիի նպատակն է ավելի սերտ կապեր հաստատել թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության հետ: Նրան սատարում էր «Վրացական երազանք» կուսակցությունը:

Ընդդիմադիր խմբերն ասում են, որ եղել են ընտրախախտումներ, Թրանսփարենսի ինթերնեյշնլը ևս ահազանգել է դրանց մասին՝ ներառյալ կուսակցության անդամների հայտնվելը ընտրատեղամասերում: Իշխող կուսակցությունը հերքել է մեղադրանքները:

Գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» թեկնածու Վաշաձեն չի ընդունել պարտությունը՝ ասելով, թե կսպասի վերջնական նախնական արդյունքներին:

«Ես կոչ եմ անում վրացիներին պաշտպանել մեր ազատությունը, ժողովրդավարությունը և օրենքը: Կոչ եմ անում զանգվածային խաղաղ ցույցեր սկսել և պահանջել արտահերթ ընտրություններ»,- ասել է նա Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը:

Զուրաբիշվիլին հայտարարել է հաղթանակի մասին՝ հղում անելով էքզիթ փոլի արդյունքներին: Նա ասել է, որ քվեարկողները «ճիշտ և սկզբունքային ընտրություն» են կատարել:

Զուրաբիշվիլիի ծնողները Վրաստանից Փարիզ են գաղթել 1921 թվականին՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո, որտեղ և նա ծնվել է: Զուրաբիշվիլին աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում և 2003-ին գործուղվել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ որպես դեսպան:

Ավելի ուշ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նրան նշանակեց արտգործնախարար: Տիկին Սալոմեն այդ պաշտոնում մնաց մեկ տարի՝ 2005-2006թթ.: Պաշտոնից հեռացվելուց հետո միացավ ընդդիմությանը և սկիզբ դրեց «Վրացական ուղի» կուսակցությանը: Քաղաքականությունից հեռացավ 2010-ին, երբ ՄԱԿ-ում Իրանի հարցով փորձագետ նշանակվեց:

2013-ի նախագահական ընտրություններին մասնակցելու նրա հայտը մերժվեց, որովհետև երկքաղաքացի էր: 2016-ին պատգամավոր ընտրվեց  Թբիլիսիի Մտածմինդա շրջանից:

Երկրի ղեկավարի պաշտոնի ստանձնումը մեծ արարողակարգ է ենթադրում, քանի որ ուժի մեջ է մտնում նոր Սահմանադրությունը: Զուրաբիշվիլիի հաղթանակը նաև ցուցիչ է, թե ինչ սպասել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Սա վերջին անգամ էր, որ վրացիները նախագահ էին ընտրում ուղղակի քվեարկությամբ: Հաջորդը կընտրվի խորհրդարանի պատգամավորների և տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից:

Եվրոպական տնտեսության Լոնդոնի դպրոցի վերլուծաբան Մաքս Ֆրազը Եվրանյուզին հայտնել է, որ նոր նախագահը հայտնի է իր սուր և կոշտ մեկնաբանություններով:

«Նա քաջ հայտնի է իր հանպատրաստից մեկնաբանություններով, որոնք ոչ միշտ են համընկնում պաշտոնական քաղաքական գծի հետ»,- ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment