Շառլ Ազնավուր. Ավելին, քան ֆրանսիական Ֆրենկ Սինատրա

Շառլ Ազնավուր. Ավելին, քան ֆրանսիական Ֆրենկ Սինատրա

Հոդվածի առանցքում

  • Ֆրենկ Սինատրայի հետ ունեցած բազում նմանություններին զուգահեռ Ազնավուրն ուներ մի տարբերություն՝ նա երգում էր իր երգերը:

Ուշադրությանն արժանի

Նա մի երգ ուներ, այն կատարելիս՝ մեկ շարժումով հուզում էր ամբողջ դահլիճը…

2018թ.-ի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ 94-ամյա Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը: Երգիչը նոր էր վերադարձել Ճապոնիա կատարած համերգային շրջագայությունից: Փարիզի հաշմանդամների տանը կազմակերպած հրաժեշտի արարողությանը ներկա էր Ֆրանսիայի նախագահը, Հայաստանի վարչապետը, կինոյի ու երաժշտարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ 85-ամյա Ժան Պոլ Բելմոնդոն, Միրեյ Մեթյոն, Էնրիկո Մաթիասը: Սա խորհրդանշական կերպով ցույց տվեց, որ հայ ներգաղթյալի որդին դարձել էր ֆրանսիական մշակույթի խորհրդանիշը:

Դագաղը Փարիզի Հաշմանդամների տան բակ բերվեց հայկական ավանդական դուդուկի մեղեդու և երկու երկրների պետական օրհներգերի ներքո: Արարողության ավարտին հնչեցին Ազնավուրի ամենաճանաչված` Emmenez-moi-ն և Take me all Over the World երգերը: Խորհրդանշական շքերթը շարունակվեց երեկոյան` նրա պատվին վառվեցին Էյֆելյան աշտարակի լույսերը, Երևանում էլ մոմավառություն կազմակերպվեց: Ֆրանսիան բազմաթիվ հանրահայտ երգիչների ու երգահանների հայրենիքն է, նրանց մեջ է Ժակ Բրելը, Էդիթ Պիաֆը, Ժան Սաբլոն, Սերժ Գենսբուրգն ու Լեո Ֆերրեն: Բայց Ազնավուրն ամենաազդեցիկն է եղել ու ամենաերկար կարիերան է ունեցել՝ Երկրորդ Աշխարհամարտից մինչև 2018թ.: Նրա երգացանկում ավելի քան 1400 երգ կա, որից 1300-ը նրա հեղինակած երգերն են: Նա խաղացել է ավելի քան 60 ֆիլմերում, այդ թվում` Ֆրանսուա Տրյուֆոյի «Սպանել դաշնակահարին» ֆիլմում գլխավոր հերոսի դերը: Ազնավուրը երբեմն ասում էր, որ կցանկանար բոլորի կողմից ընդունվել որպես դերասան, որը երգում է, քան որպես երգիչ, որը խաղում է:

Իրականությունն այն է, որ Ազնավուրը ներկայացնում էր ֆրանսիական շանսոնի ավանդույթները: Նրան հաճախ ֆրանսիական Ֆրենկ Սինատրա էին անվանում: Եվ իրոք` նմանություններ կան: Օրինակ՝ այն հատկությունը, որը Սինատրային էին վերագրում. «Յուրաքանչյուր երգ մի մոնո-ներկայացում էր»:

Երկուսն էլ միլիոնավոր սկավառակներ են վաճառել, Ազնավուրի դեպքում` ավելի քան 180 միլիոն: Սինատրայի պես Ազնավուրի կարիերան տասնամյակներ տևեց: Երկուսն էլ հաջողված երգիչներ ու դերասաններ էին: Երկուսն էլ պարգևատրվել են հայրենիքում և դրա սահմաններից դուրս: Մեկ անգամ նրանք դուետով են հանդես եկել: 1993-ին երգել են You Make Me Feel so Young-ը:

Բայց, ի տարբերություն Սինատրայի, Ազնավուրը գրեթե իր բոլոր երգերի հեղինակն էր, մի քանի լեզուներով երգել է հանդուրժողականության, անկեղծության, հուսահատության, ափսոսանքի մասին` անտեսելով տաբուները, երգել համասեռամոլության, ֆեմինիզմի, ամուսնության, ներքին զգացմունքների մասին:   

Ազնավուրին պատվել են ազգային ու միջազգային մակարդակով: Նա Ֆրանսիայի Պատվո Լեգիոնի հրամանատար էր, Հոլիվուդի փառքի ճեմուղում էլ 2017-ին բացվեց նրա անվան աստղը:

Նա հավասարապես հավատարիմ էր Ֆրանսիային ու Հայաստանին: Հայաստանում 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Ազնավուրը գրեց «Քեզ համար Հայաստան» երգն ու հիմնեց «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական կազմակերպությունը: 2002-ին նկարահանվել է Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանդի մասին պատմող Ararat  ֆիլմում: 2004-ին Հայաստանը նրան Ազգային հերոսի կոչում շնորհեց, ավելի ուշ նա դարձավ UNESCO-ի դեսպանը և Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում:

Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ազնավուրին համեմատեց Գիյոմ Ապոլինեյերի հետ ու հավելեց, որ Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում:

Ազնավուրը  ծնվել է Փարիզում` ցեղասպանությունից Ֆրանսիայում ապաստան գտած հայ ընտանիքում: Նրա դայակը չէր կարողանում արտասանել «Շահնուր» հայկական անունը և նրան «Շառլ» էր ասում:

Նրա հաջողությունն անհավանական էր թվում. նա ցածրահասակ էր, ոչ բոլոր աղջիկները նրան գեղեցիկ կհամարեին, ձայնային տվայլները նույնպես հեռու էին լավագույնից: Ճակատագիրը նրան ծանոթացրեց Էդիթ Պիաֆի հետ, հետագա ութ տարիների ընթացքում Շառլը Պիաֆի պատրոնաժի ներքո էր:

Լավագույն շանսոնյեն լինելուց բացի, նա նաև պատվավոր քաղաքացի էր, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Շառլի ծնողներն աջակցել են դիմադրությանը` իրենց տանը թաքցնելով բազմաթիվ հրեաների և կոմունիստների:

2017.-ի հոկտեմբերի 26-ին, Երուսաղեմում Շառլի ընտանիքն արժանացավ Ռաուլ Վալենբերգի անվան պարգևի` Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայում հրեա ընտանիքներին ապաստան տալու համար: Մրցանակն Ազնավուրը ստացավ Իսրայելի նախագահ Ռուևեն Ռիվլինից:  

Ամերիկացիների համար Շառլից ամենավառ հիշողությունը թերևս Notting Hill ֆիլմի վերջին դրվագում նրա She երգն է` Էլվիս Կոստելոյի կատարմամբ: «Կյանքիս իմաստ նա է, նա…»: Բայց Շառլի կյանքի իրական իմաստն այլ է: Մի մարդու պատմություն, որը սիրում էր իր հայկական ծագումը և որը դարձավ ֆրանսիացիների կուռքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment