Միխայիլ Գորբաչով. Ջորջ Բուշի հետ սառը պատերազմին վերջ դրեցինք, իսկ այսօր խաղաղությունը վտանգված է

Միխայիլ Գորբաչով. Ջորջ Բուշի հետ սառը պատերազմին վերջ դրեցինք, իսկ այսօր խաղաղությունը վտանգված է

Հոդվածի առանցքում

  • Երբ լսեցի Ջորջ Բուշի մահվան մասին, հիշեցի մեր հանդիպումները, որոնք բեկումնային էին մեր և մեր երկրների միջև հարաբերությունների համար:

Ուշադրությանն արժանի

Մեր առաջին լուրջ զրույցը տեղի ունեցավ 1987 թվականի դեկտեմբերին Վաշինգտոն կատարած իմ պաշտոնական այցի շրջանակում: Ջորջն այն ժամանակ փոխնախագահ էր, որը պայքարում էր նախագահի պաշտոնի համար: Այցը նշանավորվեց միջին հեռահարության միջուկային զինատեսակների պայմանագրի ստորագրմամբ, որից հետո պետք է մեկնեի ռազմաօդային ուժերի բազայից: Արարողակարգի համաձայն կամ գուցե իր անձնական ցանկության համաձայն, փոխնախագահը եկավ՝ ինձ ուղեկցելու: Ջորջն առաջարկեց իմ մեքենայով գնալ, որն անսովոր էր, իրականում արարողակարգից դուրս էր:

Հետագայում, շատ առիթներով հիշում էինք այդ «զրույցը մեքենայում»: Այդ զրույցը հաճոյախոսությունների սովորական փոխանակման շրջանակից դուրս էր: Մենք համաձայնեցինք, որ մեր երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի են բարձրանալու և որ մեր առջև նոր հնարավորություններ են բացվում, որոնք պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործենք: Փոխնախագահն ինձ վստահեցրեց, որ եթե ինքն ընտրվի նախագահի պաշտոնում, ապա նախագահ Ռեյգանի հետ մեր սկսածը կշարունակենք:

Եվ որ ամենակարևորն է, մենք ասացինք, որ երրորդ երկրների հետ հարաբերություններում մենք միմյանց շահերը չենք անտեսելու:

Այդուհանդերձ, երբ Բուշն ընտրվեց նախագահ, ամերիկյան մեդիայում որոշ հրապարակումներ եղան, որոնք պնդում էին, թե նոր վարչակազմը մեզ հետ լուրջ աշխատանք տանելու համար դեռ պատրաստ չէ և որ դադար է վերցնում ծանրութեթեև անելու համար: Նոր վարչակազմն ինչու՞ պետք է սպասեր: Մենք բոլոր տեսակի ազդակները ստանում էինք, ակտիվությունն ակնհայտ էր:

Մենք կորցնում էինք մեր հարաբերությունների իմպուլսը, գիտեինք, որ Բուշի վարչակազմում մարդիկ կան, որոնք Բուշին դրդում էին հապաղել:  

Այնպես որ մեսիջը, որը ստացանք 1989թ.-ի սեպտեմբերին շատ կարևոր էր. Նախագահը պատրաստ էր հանդիպել դեռ մինչև պաշտոնական այցերի փոխանակումը: Այն ինչ տեղի ունեցավ դեկտեմբերին կայացած Մալթայի գագաթնաժողովին, կարելի է առանց չափազանցության պատմական բեկում համարել:

Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում բուռն փոփոխությունների ֆոնին և Գերմանիայի վերամիավորման գործընթացի արագացման պայմաններում, մասնավորապես` գերմանական պատի փլուզումից հետո, Բուշն ասաց.«Ես զգուշավոր քայլեր կանեի»,- և հավելեց ,- «ես պատի վրա չէի բարձրանա, քանի որ չափազանց շատ բան է վտանգված»:

Երբ երկու պատվիրակությունները հանդիպեցին, Բուշն ուրվագծեց մեր երկրների միջև գործակցության եզրագծերն ամենատարբեր ոլորտներում, այդ թվում ՝ զինաթափման: Ընդհանուր առմամբ, դրանք կառուցողական քայլեր էին: Ես ասացի, որ Միացյալ Նահանգների նախագահը պետք է իմանա, որ Խորհրդային Միությունը ոչ մի պարագայում պատերազմ չի նախաձեռնի, բացի այդ, ԽՍՀՄ-ը Միացյալ Նահանգներին այլևս թշնամի չի դիտարկում և այդ մասին բացեիբաց է հայտարարում: Մեր զրույցը շարունակվեց այդ ոգով:

Մալթայի գագաթնաժողովին Սառը պատերազմին վերջ դրվեց: Սա պարզ դարձավ  երբ կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում քաղաքական գործընթացներն ու Գերմանիայի վերամիավորման գործն արագացան: Միասին գործակցելով` մեզ հաջողվեց դրանք խաղաղ ճանապարհով իրականացնել:

Մի քանի ամիս անց մեկ այլ թեստ անցանք. Սադամ Հուսեյնի ներխուժումը Քուվեյթ: Այդ ժամանակ պարզ դարձավ, որ Սառը պատերազմն այլևս անցյալում է: Խորհրդային Միությունն ու Միացյալ Նահանգները սկզբունքային դիրքորոշում ունեին: Անհրաժեշտ էր հակադարձել ագրեսիային, բայց Միացյալ Նահանգների կողմից Իրաքի օկուպացիա կամ ռեժիմի փոփոխություն չպետք է տեղի ունենար: Այս ամենը տեղի էր ունենում իմ երկրում բարեփոխումների ժամանակաշրջանին զուգահեռ: Իմ նախաձեռնած բարեփախումները հարձակման էին ենթարկվում տարբեր կողմերից. ոչ միայն նրանց, որոնք ցանկանում էին կանգնեցնել ժողովրդավարական գործընթացն ու ժամացույցի սլաքը հետ պտտել, այլ նաև անջատողականների, որոնք աջակցում էին Ռուսաստանի տաք գլուխներին:

Այս իրավիճակում շատ կարևոր էր հստակ հասկանալ Միացյալ Նահանգների մտադրությունը: Այդ հարցը հստակ սեղանին դրեցի 1991թ.-ի հուլիսին` Լոնդոնում կայացած G-7 գագաթնաժողովին, ԽՍՀՄ նախագահն այդ Մեծ յոթյակի հանդիպմանն առաջին անգամ էր մասնակցում:

«Կարծում եմ», – ասաց Բուշը, – «Ձեր հաջողությունը Միացյալ Նահանգների հետարքրության շրջանակում է: Միացյալ Նահանգների շահերից է բխում, որ հանրապետությունների խնդիրները կարողանաք կարգավորել: Խորհրդային Միության փլուզումը մեր շահերից չի բխում»:

Թեև G-7- ի հանդիպման ժամանակ մեր արևմտյան գործընկերները չկարողացան կոնկրետ քայլեր ձեռնարկել Խորհրդային Միության վերափոխմանն աջակցելու համար, այդուհանդերձ Ջորջ Բուշի խոսքերին ես լուրջ վերաբերվեցի:

Երկու շաբաթ անց Ջորջ Բուշի՝ Խորհրդային Միություն այցի ժամանակ, մենք լուրջ և հեռանկարային քննարկումներ ունեցանք: Մենք ոչ միայն ստորագրեցինք ռազմավարական սպառազինությունները նվազեցնելու մասին պայմանագիրը, տեղի ունեցավ աննախադեպ քննարկում՝ միջազգային անվտանգության ապագայի շուրջ, որը պետք է ստեղծվեր միացյալ ջանքերով: Սակայն այդ հեռանկարը չեղարկվեց 1991թ.-ին պետական հեղաշրջման փորձի շնորհիվ: Խռովությունը ճնշվեց, բայց իմ դիրքերը որպես Խորհրդային Միության նախագահ էապես թուլացան: Մենք չկարողացանք պահպանել Խորհրդային Միությունը:

Ես շատ լավ եմ հիշում դեկտեմբերի 25-ի մեր զրույցը, որից  մի քանի ժամ հետո ես հայտարարեցի Խորհրդային Միության նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Մենք վերանայեցինք մեր գործակցության արդյունքը: Մեր հիմնական ձեռքբերումը ռազմավարական ու տակտիկական բնույթի միջուկային սպառազինության ոչնչացումն էր: Միասին մենք նպաստեցինք աշխարհի ամենատարբեր անկյուններում հակամարտությունների դադարեցմանը: Մենք հիմք դրեցինք մեր երկրների միջև գործակցությանը:

Այդ պատմական արդյունքներն այսօր վտանգված են: Աշխարհը նոր դիմակայության ու սպառազինությունների նոր մրցավազքի եզրին է:

Իշխանությունից հեռանալուց հետո մենք Ջորջի հետ հաճապ էինք քննարկում մտահոգիչ միտումները, որոնք վտանգում էին խաղաղությունը: Մեր կարծիքները իրավիճակի գնահատման հարցում երբեմն տարբերվում էին, բայց մեկ հարցի շուրջ մենք միշտ միակարծիք էինք: Սառը Պատերազմի ավարտը մի կողմի հաղթանակի չէր մյուսի նկատմամբ: Սառը պատերազմն ավարտվեց միացյալ ջանքերի արդյունքում: Այսօր միայն համատեղ ջանքերը կարող են կանխել նոր դիմակայությունն ու ավերիչ պատերազմի վտանգը՝ այդպիսով վերայանգնելով նոր աշխարհակարգի հաստատման հեռանկարը, նոր, ավելի ապահով ու մարդկային:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment