Մեր ձեռքերը ձեզ կհասնեն ամենուր. Լրագրողի սպանությունն անհանգստացրել է սաուդցի այլախոհներին

Մեր ձեռքերը ձեզ կհասնեն ամենուր. Լրագրողի սպանությունն անհանգստացրել է սաուդցի այլախոհներին

Հոդվածի առանցքում

  • Արտասահմանում ապրող սաուդցիներն արդեն սեփական մաշկի վրա զգացել են կառավարության ճնշումները: Ասում են՝ խուսափում են այլ սաուդցիներից, քանի որ չի բացառվում լրտեսությունը:

Ուշադրությանն արժանի

Մարդու իրավունքների համար պայքարող սաուդցի կինակտիվիստը մեքենա վարելիս կանգնեցվել է, ձերբակալվել ու ԱՄԷ-ից օդանավով ուղարկվել Սաուդյան Արաբիա, որտեղ օդակայանից անմիջապես բանտարկվել: 

Կանադայում, երբ սաուդցի ուսանողը հրաժարվել է դադարեցնել Սաուդյան Արաբիան քննադատող տեսանյութեր նկարահանելն ու YouTube-ում տեղադրելը, թագավորությունում նրա երկու եղբայրներին բանտարկել են

Այնպես որ, երբ Ջամալ Քաշողին` Էր Ռիյադին քննադատող սաուդցի լրագրողը, անցած շաբաթ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետացավ, դա չզարմացրեց արտասահմանում ապրող սաուդներին: Ամեն ինչ փոխվեց, երբ թուրքական ոստիկանությունը հայտնեց, որ լրագրողը սպանված է

Նույնիսկ այն երկրի դեպքում, որը հակառակորդներին վերահսկելու համար օգտագործում էր վախն ու հետապնդումներըդժվար էր հավատալ օտար երկրում հայտնի հեղափոխական լրագրողին սպանելու հնարավորությանը

Թագաժառանգ արքայազն Մոհամմադ բին Սալմանն առաջ է քաշում Սաուդյան Արաբիան մոդեռնիզացնելու իր տեսլականը, նա քննադատություններին փոքրինչ հանդուրժողական էր արձագանգում: Բայց նա բանտարկել է կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների, գործարարների և անգամ՝ արքայազների

Առայժմ անհասկանալի է, թե ինչ է պատահել  Ջամալ Քաշողիին, որին ոչ ոք չի տեսել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո: Թուրքական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ նրան հյուպատոսարանի ներսում սպանել են սաուդցի գործակալները և նրա մարմինն անդամահատել են: Սաուդյան պաշտոնական աղբյուրները հերքում են այս տեղեկությունը` պնդելով, որ Ջամալ Քաշողին հեռացել է հյուպատոսարանից՝ այնտեղ մտնելուց կարճ ժամանակ անց

Բայց արտասահմանում ապրող սաուդցիները կարծում են, որ իրենց կառավարությունը Քաշողիին թիրախավորել է նրա հայտնի լինելու պատճառով: Ապրում էր Միացյալ Նահանգներում, պարբերաբար ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ և հոդվածներ էր հրապարակում The Washington Post-ում

«Սա շատ հստակ ուղերձ է, որ իրենց ձեռքերը կարող են  հասնել մեզ` ուր էլ որ լինենք»,- ասում է Ղանեմ ալ Դոսարին, որը Սաուդյան Արաբիայից է, ապրում է Լոնդոնում և սոցցանցերում մեծ թվով հետևորդներ ունի

Եթե պարզվի, որ իսկապես սաուդցի գործակալներն են սպանել լրագրողին, դա կարող է բարդացնել Սաուդյան Արաբիայի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ նաև Թուրքիայի

Թուրքիայի նախագահը պահանջել է, որ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանն ապացուցի` ամուսնության համար անհրաժեշտ փաստաթղթերը կարգավորելու նպատակով հյուպատոսարան մտած լրագրողը դուրս է եկել այնտեղից

«Եթե նա դուրս է եկել, դուք պետք է ապացուցեք դա տեսանյութով»,- Բուդապեշտում ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը, գրում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Քաշողիի մահը կարող է բարդացնել նաև Սաուդյան Արաբիայի և Թրամփի վարչակազմի հարաբերությունները

«Կատարվածը մտահոգել է ինձ: Չեմ սիրում նման բաներ լսել: Հուսով եմ` այս իրավիճակը կկարգավորվի: Այս պահին կատարվածի մասին ոչ ոք ոչինչ չգիտի, բայց բավական տհաճ պատմություններ են պտտվում: Սա ինձ դուր չի գալիս»,- ասել է նախագահ Թրամփը

Պետքարտուղար Մայք Պոմպեոն սաուդյան կառավարությանը կոչ է արել «աջակցել Քաշողիի անհետացման հետաքննությանն ու արդյունքները ներկայացնել թափանցիկ կերպով»:

33-ամյա թագաժառանգ Մոհամմադը, թագավորությունում որոշ լիբերալիզմ է ավելացրել` թույլ տալով կանանց մեքենա վարել, թուլացնելով հզոր կրոնական ոստիկանության դիրքերը և վերացնելով համերգների և կինոթատրոնների գոյության արգելքը: Բայց այս ռեֆորմները գալիս են հզոր ավտորիտար մեկից, որը փորձում էր լռեցնել քննադատությունները երկրի ներսում և դրսում

Արտասահմանում ապրող բազմաթիվ սաուդցիներ արդեն զգացել են կառավարության ճնշումները: Որոշները կորցրել են կառավարությունից ստացվող կրթաթոշակը, մյուսներին խաբեությամբ տուն են վերադարձրել ու ձերբակալել: Մի մասի ընտանիքի անդամներին են ձերբակալել կամ արգելել դուրս գալ երկրից: Սաուդցիներն ասում են, որ հիմա իրենք խուսափում են այլ սաուդցիներից, քանի որ նրանք կարող են լրտեսներ լինել: Չեն ճամփորդում արաբական այլ երկրներ, որտեղ ձերբակալվելու և Սաուդյան Արաբիա ուղարկվելու հավանականությունը մեծ է

«Նրանց համար կարևոր չէ` հայտնի ես, թե ոչ, քանի հետևորդ ունես սոցցանցերում: Եթե քննադատում ես նրանց` նույնիսկ մի քիչ, գալիս են քո հետևից»,- ասում է Օմար Աբդուլազիզը, որը հիմա ապրում է Կանադայում

Արտասահմանում ապրող սաուդցիները միավորված ընդդիմություն չեն, ակտիվիստներ, գրողներ և սոցմեդիայի դեմքեր են, որոնք խոսում են խնդիրների մասին: Նրանց պահանջները տարբեր են` միապետության տապալումից մինչև գործող սիստեմում պարզապես մի քիչ ազատություն

Լոույաին ալ Հաթլուլը հայտնի դարձավ 2014-ից, երբ ձերբակալվեց ու կալանավորվեց 73 օրով միայն որովհետև փորձում էր իր մեքենան վարելով Սաուդյան Արաբիայից անցնել ԱՄԷ, որտեղ ապրում էր: Դրանից հետո կառավարությունը պարբերաբար փորձել է լռեցնել նրան` ձերբակալելով կամ հարցաքննելով նրան: Բայց մարտին, ԱՄԷում մի մեքենա, որը լիքն էր անվտանգության սպաներով, կանգնեցրել է նրա մեքենան, ձեռնաշղթաներ հագցրել, տարել օդանավակայան, նստեցրել Սաուդյան Արաբիա ուղևորվող մասնավոր ուղղաթիռ: Վայրէջքից հետո նրան ձերբակալել են

Նրա ամուսինը` Ֆահադ ալ Բութայիրին, որը սաուդցի հայտնի դերասան և կատակերգու է, այդ ժամանակ Հորդանանում էր: Զույգի ընկերները պատմում են, որ նրան էլ այնտեղ են ձեռնաշղթաներ հագցրել, նստեցրել դեպի Սաուդյան Արաբիա ուղևորվող օդանավ

«Կարծես` դու անպաշտպան ես: Կարող ես ձերբակալվել ամենուր և արտահանձնվել»,- ասում է զույգի ընկերներից Մանալ ալ Շերիֆը, որն ապրում է Ավստրալիայում:  

Ազատ արձակվելուց հետո Լոույաին ալ Հաթլուլին նորից ձերբակալեցին այս մայիսին: Անվտանգության զինված սպաները ներխուժել են նրա տուն և կալանավորել նրան` կանանց վարելու իրավունքը պաշտպանող ակտիվիստներին ձերբակալելու որոշման շրջանակում: Այդ օրերին ձերբակալվածների մեծ մասը դեռ բանտում է: Եվ հստակ չէ, թե նրանք պաշտոնապես ինչ հանցանք կատարելու մեջ են մեղադրվում

Լոույաին ալ Հաթլուլը և նրա ամուսինն ամուսնալուծվել են: Ամուսինը ջնջել է թվիթերի իր հաշիվը, որտեղ նախկինում նշված էր, որ տիկին Հաթլուլի հպարտ ամուսինն է: Այս հուլիսին բանտում նա դարձավ 29 տարեկան 

Անցած շաբաթ Bloomberg-ին տված հարցազրույցում թագաժառանգ արքայազն Մոհամմադն ասել է, որ ձերբակալված կանանց մի մասը տեղեկություններ էին փոխանցում Կատարին և Իրանին, որոնք թագավորության թշնամիներն են: Նա հավելել է, որ թագավորությունում փոփոխությունները հեշտությամբ չեն գա` հիշեցնելով, որ Միացյալ Նահանգներում ստրկությանը վերջ տրվեց արյունոտ քաղաքացիական պատերազմով

«Մենք փորձում ենք կանխել ծայրահեղականությունն ու ահաբեկչությունն առանց քաղաքացիական պատերազմի, առանց պետության աճը կանգնեցնելու: Եվ ավելի լավ է դրա համար պետք է փոքր գին վճարենք, քան մեծ կասկածներ ունենանք»,- ասել է արքայազնը

Կանադայում բնակվող Օմար Աբուդլազիզի դեմ թագավորությունը գործի դրեց այլ տեխնիկա: Երբ նա սկսեց սոցցանցերում քննադատել թագավորության առաջնորդներին, ուսանող էր: Թագավորությունը չեղարկեց նրա կրթաթոշակը: Նրան ասացին, որ պետք է վերադառնա Սաուդյան Արաբիա` խնդիրը կարգավորելու: Դրա փոխարեն նա քաղաքական ապաստան խնդրեց և ստացավ 2014-ին

Այդ ժամանակից նա YouTube-ում մեծ լսարան է ստեղծել, հրապարակում է տեսանյութեր, որոնցում քննադատում, ծաղրում է թագավորության առաջնորդներին: Կառավարությունը փորձել է նրան լռեցնել, վերադարձնել Սաուդյան Արաբիա, բայց երբ մերժել է, ձերբակալել են նրա երկու եղբայրներին ու ընկերներին

Օգոստոսին Տորոնտոյի համալսարանի Citizen Lab-ը պարզել է, որ Աբդուլազիզի հեռախոսը գաղտնալսում էին Սաուդյան Արաբիայի համար աշխատող հաքերներ` իսրայելական ընկերության միջոցով: Ցանցահեններին հասանելի են եղել նրա հեռախոսում գրանցված համարները, անձնական լուսանկարները, հաղորդագրությունները, հայտնի մեսինջերներով զանգերը: Կարող էին ակտիվացնել նաև նրա հեռախոսի միկրոֆոնը և տեսախցիկը` լսելու նրա զրույցները, տեսնելու այլ գործողությունները

27-ամյա Աբուդլազիզը զարմացած էր, թե որքան հեռու կարող է գնալ իր երկրի կառավարությունն իրեն լռեցնելու համար

«Այո, ես այդ ռեժիմի քաղաքացին էր: Մենք ուզում էինք խոսքի ազատություն, մարդու իրավունքներ: Բայց հասանք նրան, որ տուժում են մեր ընտանիքները, գաղտնալսում են մեր հեռախոսները, սպանում են լրագրողներին: Սա խելահեղություն է»,- ասել է Օմար Աբուդլազիզն ու ավելացրել, – «Ես պարզապես մի տղա եմ, որն ունի Twitter և YouTube: Ինչու է աշխարհի ամենահզոր մարդկանցից մեկը` Մոհամմադ բին Սալմանը վախենում ինձնից»: 

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment