Մետրոպոլիտենի ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի մշակույթի զարգացման ընթացքը 

Մետրոպոլիտենի ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի մշակույթի զարգացման ընթացքը 

Հոդվածի առանցքում

  • Այստեղ ներկայացված են շուրջ 140 թանգարանային նմուշներ, այդ թվում՝ եկեղեցական  պարագաներ, հարուստ մանրանկարներով հին ձեռագրեր և մանածագործվածքներ։

Ուշադրությանն արժանի

Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսը նվիրված է Հայաստանին ու այդ երկրի 14 դարերի պատմությանն ու մշակույթին: Ծրագրի համակարգող Հելեն Էվանսը «Armenian Mirror-Spectator» թերթի թղթակից Թալին Բաբայանի հետ զրույցում նշել է, որ ցուցահանդեսը համընկել է Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի հետ: Նախաձեռնության նպատակն է ուշադրություն սևեռել արևմտյան աշխարհի հեռավոր արևելքում գտնվող այս փոքրիկ երկրի ազգային ինքնությանն ու հարուստ մշակույթին:      

Էվանսը, ով Բյուզանդական արվեստի մասնագետ է, ատենախոսության պաշտպանությունից հետո, տարիներ շարունակ, ցանկանում էր կազմակերպել հայոց պատմությանը վերաբերող միջոցառում: Վերջապես այս ցանկությունն իրականություն դարձավ՝ ի շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մատենադարանի, Պատմության ազգային թանգարանի, եվրոպական, մերձավորարևելյան և ամերիկյան մի քանի խոշոր հաստատությունների: 

Ներկայացված նմուշները խոսում են հայ արվեստի բազմազանության մասին: Ինչպես նշում է Էվանսը, Հայաստանն ավելի շատ աչքի է ընկնում հին ձեռագրերով։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է դրանցից մեկը՝ նկարազարդված միջնադարյան հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի կողմից։ Ոչ պակաս նշանավոր են նաև հայ արվեստի գործերը քանդակագործության, եկեղեցական պարագաների ու մանածագործվածքների ասպարեզներում:

Ցուցադրությանը ներկայացվել են մոտ 140 թանգարանային նմուշներ, ներառյալ՝ եկեղեցական  պարագաներ, հարուստ մանրանկարներով հին ձեռագրեր, որոնք երբեք չեն ցուցադրվել Միացյալ Նահանգներում:  

«Կարծում եմ՝ ցուցահանդեսն ապացուցում է, որ օտարերկրյա նվաճողների հարձակումներին բազմիցս ենթարկված հայերն ու հայկական մշակույթը միշտ վերածնվել ու հանդես են եկել որպես արվեստի ոլորտում հսկա ժառանգություն ունեցող մտավորական ժողովուրդ»,- ասում է Էվանսը «Art Newspaper»-ին տված հարցազրույցում:

Ցուցադրությունը սկսվում է իրերով, որոնք ներկայացնում են մ.թ. 301 թվականին քրիստոնեություն ընդունած Հայաստանը և ավարտվում 17-րդ դարի նմուշներով՝ ուշ միջնադարի ժամանակաշրջանի տպագրված գրքեր, հայ վաճառականների գործունեության մասին փաստեր, որոնց շնորհիվ հայերն ազդեցիկ դեր են ունեցել Պարսկաստանում, Ղրիմում և Իտալիայում:   

Ակնհայտ է, որ առևտրային կապերը նպաստում էին մշակույթների միջև փոխգործակցությանը։ Նենսի Քենին գրում է, որ 11 դարի ոսկյա ականջօղերում կարելի է տեսնել իսլամական արվեստի ազդեցությունը, իսկ 13-րդ դարի արքեպիսկոպոսի չինական վիշապի պատկերով հագուստը ընդգծում է մշակութային ավանդույթների բազմազանությունը:       

 «Մենք ներկայացնում ենք հայ մշակույթը՝ ընդգծելու համար, թե ինչպես են հայերը ընդունելով քրիստոնեություն՝ ստեղծել ինքնության մի տեսակ, որը շարունակում է գոյություն ունենալ հազարամյակներ ի վեր: Այն պարունակել է տարրեր, որոնք միշտ համախմբել ու շարունակում են համախմբել հայերին»,- ասում է Էվանսը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment