Մակեդոնիայի հանրաքվեի արդյունքները Ռուսաստանի հերթական հաղթանակն է

Մակեդոնիայի հանրաքվեի արդյունքները Ռուսաստանի հերթական հաղթանակն է

Առաջին հայացքից թվում է՝ Մակեդոնիայի ընտրողների հրաժարումն իրենց երկիրն անվանափոխելուց հանդիսանում է զուտ տեղական հետաքրքրության հարց: Կիրակնօրյա հանրաքվեի արդյունքները, սակայն, լայնորեն դիտարկվում են որպես Վլադիմիր Պուտինի նշանավոր հաղթանակ, Եվրամիության և ՆԱՏՕ-ի պարտություն և Ռուսաստանի՝ արևմտյան երկրներում ժողովրդավարական գործընթացների վրա ազդելու կարողության և պատրաստակամության վառ օրինակ:

Նախքան հանրաքվեն Արևմտյան պաշտոնյաները զգուշացրել էին, որ Մոսկվան փորձում է նվազեցնել հանրաքվեի մասնակիցների թիվը, որպեսզի արդյունքներն անվավեր դառնան:

Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ավելի քան 90% -ը քվեարկել է ի օգուտ անվանափոխման, սակայն մասնակցությունը կազմել է մոտ 36%: Խորհրդարանի որոշման համար անհրաժեշտ էր 50%  մասնակցությունը: Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը խոստացել է շարունակել գործընթացը, սակայն հանդիպել է ազգայնականների լուրջ դիմադրությանը:

Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ անկայունությունն ու պառակտումը բխում է Ռուսաստանի շահերից: Եթե ​​հանրաքվեն հաջողվեր, ապա կկարգավորվեին Հունաստանի հետ վիճելի այն հարցերը, որոնք արգելափակում են Մակեդոնիայի մուտքը Եվրամիություն և ՆԱՏՕ: Արևմտյան Բալկաններում, մասնավորապես՝ Սերբիայում, Կոսովոյում և Մոնտենեգրոյում, Մոսկվան փորձում է կանխել արևմտյան ազդեցության հետագա ընդլայնումը:

2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական ներգրավվածությանը ծանոթ մարդիկ քաջատեղյակ են, թե ինչ մեթոդներ է Մոսկվան կիրառել Մակեդոնիայում: Ապատեղեկատվության տարածում, «կեղծ լուրեր», կիբերհարձակումներ և խարդախություններ, Facebook-յան ու Twitter-յան էջերի «կոտրում» և գաղտնի կանխիկ վճարումներ. ահա այն զինանոցը, որը կոմունիստական ​​ժամանակաշրջանի «բոլշևիկյան ոսկու» ոճով օգտագործվել է Մակեդոնիայում:

Ռուսաստանը հերքում է միջամտությունը: Սակայն արևմտյան դիվանագետները պնդում են, որ միայն անցյալ ամիս Facebook-ում հայտնվել են 40 նոր հաղորդագրություններ, որոնք կոչ են անում բոյկոտել հանրաքվեն՝ ընդգծելով. «Դուք պատրաստվո՞ւմ եք թույլ տալ, որ ալբանացիները փոխեն ձեր անունը»:  Գրառումը միտված է սրելու սլավոնական արմատներ ունեցող մակեդոնացիների առանց այն էլ լարված հարաբերությունները էթնիկ ալբանացի փոքրամասնության հետ:

Սկոպյեում տեղի ունեցած մի միջադեպի ժամանակ անվանափոխությանը դեմ մի խումբ ֆուտբոլասերներ բախվել են ոստիկանության հետ: Հետագայում նրանցից մի քանիսը խոստովանեցին, որ անկարգություններ հրահրելու համար նրանց վճարել են: Սոցիալական ցանցերում տարածվեց հայտնի երգչի լուսանկարը, որտեղ երևում էր նրա վնասված դեմքը: Պնդում էին, թե իբր նրան ծեծել են ոստիկանները:

Զաևը հայտարարում է՝ նրան տեղեկացրել են, որ անկարգություններ հրահրելու համար Ռուսաստանին համակրող հույն գործարարները վճարել են շուրջ 21,000 դոլար: Զաևին աջակցություն է հայտնում ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթիսը, որը Սկոպյա կատարած այցի ժամանակ հայտարարում է՝ «անկասկած [Ռուսաստանը] փող է փոխանցվել և քարոզչություն է իրականացվում»:

Մաթիսի աջակցման փորձին զուգահեռ, ԱՄՆ կոնգրեսը տրամադրել է 8 միլիոն դոլար՝ հանրաքվեի դրական արդյունքի համար: Բացի այդ, ամերիկյան կողմին են միացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Ստոլտենբերգը և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն էլ, որոշ հրապարակումների համաձայն, միջոցներ է տրամադրել հանրաքվեի անցկացման համար:

Բոլորը փորձում էին համոզել մակեդոնացիներին, որ իրենց ապագա անվտանգությունն ու բարգավաճումը սերտորեն կապված է Արևմուտքի հետ ավելի ինտեգրվելու հետ: Սակայն Մոսկվային հաջողվեց ապակողմնորոշել մակեդոնացիներին:

Ըստ Մաթիսի, Մակեդոնիայում տեղի ունեցածը ուղղակիորեն կապված է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում ռուսական միջամտության հետ:

«Մենք այլև չենք հանդուրժելու, որ Ռուսաստանն այլ երկրներում իրականացնի այն, ինչ արեց Մակեդոնիայում», – ասել է նա:

Իր հերթին, Ստոլտենբերգը նշել է. «Մենք ականատես եղանք, թե ինչպես երկար տարիներ Ռուսաստանը  փորձում է միջամտել այս տարածաշրջանում ժողովրդավարական քաղաքական գործընթացներին»:

Ռուսաստանի միջամտությունը տարածվեց նաև հյուսիսային Հունաստանում, որտեղ հուլիսին չորս դիվանագետներ արտաքսվեցին՝ Սալոնիկում հակամակեդոնական տրամադրություններ բորբոքելու համար: 2016 թվականին Մոսկվային մեղադրեցին Չերնոգորիայում հեղաշրջման փորձ կատարելու մեջ, որով փորձ էր արվում կանխել երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին:

Ռուսաստանի ազդեցության քարոզարշավն, ինչպես Եվրոպայի այլ շրջաններում, այնպես էլ Մակեդոնիայում օգտագործում էր ազգայնական պոպուլիստական աջակողմյան տարրերին և շահարկում նրանց ինքնությունն ու ռասայական պատկանելիությունը՝ ընդգծելով Եվրամիությանը միանալու սպառնալիքները: Մնում է պարզել, թե արդյոք Մոսկվայի գործողություններն ազդել են ուժերի հարաբերակցության վրա:

Պարադոքսն այն է, որ անկախ, թե ինչպես են կոչում իրենց երկիրը, մակեդոնացիների մեծ մասը կողմ է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Այդ են վկայում վերջին հարցումները: Ի հարկե, դրա մասին հիմա խոսելն ավելորդ է: Եվրոպայում իշխանության և ազդեցության համար շարունակվող պայքարում Ռուսաստանը գրանցեց ևս մեկ հաջողություն:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment