Մալթան և ադրբեջանական փողերի լվացքատունը

Մալթան և ադրբեջանական փողերի լվացքատունը

Հոդվածի առանցքում

  • Աշխարհի առաջատար բիզնես ամսագիր Forbes-ը հոդված է հրապարակել Ադրբեջանում կոռուպցիայի և փողերի լվացման մասին` մի քանի անգամ անդրադառնալով նաև այդ խորամանակ գործարքներին Մալթայի մասնակցությանը: Երկու օր անց իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթում հրապարակվեց հոդված, որում մանրամասն վերլուծում էին փողերի մասշտաբային լվացմանը, կոռուպցիոն գործարքներին և Եվրոպայում բաժանված կաշառքներին Ադրբեջանի առնչությունները: Եվ նորից մասնակի անդրադարձ կար Մալթային և Pilatus բանկին:

Ուշադրությանն արժանի

Աշխարհի առաջատար բիզնես ամսագիր Forbes-ը հոդված է հրապարակել Ադրբեջանում կոռուպցիայի և փողերի լվացման մասին` մի քանի անգամ անդրադառնալով նաև այդ խորամանակ գործարքներին Մալթայի մասնակցությանը:

Երկու օր անց իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթում հրապարակվեց հոդված, որում մանրամասն վերլուծում էին փողերի մասշտաբային լվացմանը, կոռուպցիոն գործարքներին և Եվրոպայում բաժանված կաշառքներին Ադրբեջանի առնչությունները: Եվ նորից  մասնակի անդրադարձ կար Մալթային և  Pilatus բանկին:

Իտալական մեդիան գրեց, որ  շվեդական Hilux Services ընկերությունը, որի սեփականատերն ադրբեջանցի է, առնչություններ ունի Pilatus բանկի հետ և դատախազները հիմա համոզված են, որ այն մեծ ցանցի մի մասն է եղել: Ցանցը օգտագործվել է անօրինական հսկայական միջոցներ լվանալու նպատակով:

Այսպես կոչված Ադրբեջանական լանդրոմատով անցել է 3 մլրդ եվրո: Ադրբեջանական այդ փողերն փոխանցվել են Եվրոպա և օգտագործվել քաղաքական գործիչներին կաշառելու, կեղծ դրական PR-ի և շքեղ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով:

Այս գործն այժմ քննում է Միլանի դատախազությունը, որի թիրախում Danske բանկն է և այլ բանկերի ու կառույցների մեծ ցանց` ներառյալ լատվիական ABLV բանկը:

Հետաքրքիր է, որ սա այն նույն բանկն է, որն մեղադրվում էր 17 Black կոչվող կեղծ ընկերությանը փոխանցումներ կատարելու մեջ: Կեղծ ընկերության սեփականատերը Յորգեն Ֆենեչն է, որը նաև Tumas Group-ի սեփականատերն է և Electrogas Consortium-ի բաժնետերը` Ադրբեջանի պետական նավթային ընկերության` ՍՈՔԱՐ-ի հետ:

Հրապարակված յուրաքանչյուր հոդվածով ավելի ու ավելի հստակ է դառնում, որ միջազգային հետաքննողները գնում են նույն այն ճանապարհով, որով անցել էր լրագրող Դաֆնե Կարուանա Գալիզիան` 2017-ի հոկտեմբերին իր սպանությունից առաջ:

Լրագրողը հետաքննել ու գտել էր կասկածելի գործարքների ցանց` ավելի քան 50 հաշվեհամարներից, որոնք պատկանում էին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների: Լրագրողը պնդում էր, որ այդ գործարքներով մշակվում են կոռուպցիոն գործարքներից ստացած փողերը: Գալիզիան նաև պարզել էր, որ երկու հաշվեհամարների սեփականատերը Ադրբեջանի քաղաքական շրջանակներում նշանավոր դեմքեր են և որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսքաթի աշխատակազմի ղեկավար Քեյթ Սշեմբրին ևս այդ բանկում հաշվեհամար ուներ:

Բանկում կասկածելի գործարքների և հաճախորդների մասին տեղեկություններն ուղարկվել են Մալթայի բանկային համակարգի վերահսկողությամբ զբաղվող կառույցին, բայց երկրի իշխանությունները հայտարարել են, որ բանկն օրինական է գործում: Փաստացի բանկի դեմ քայլեր ձեռնարկվեցին միայն երբ դրա տնօրեն Ալի Սադր Հաշեմինեջադը ձերբակալվեց ԱՄՆ-ում: Նրան այժմ սպառնում է մինչև 125 տարվա ազատազրկում` ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքով:

Այս փաստը կարծես թե այն մոդելի մի մասն է, որը Մալթայի իշխանություններն օգտագործում էին, թեև  Pilatus բանկի մասին մի քանի աղբյուրներ նրանց զգուշացրել էին: Քայլեր ձեռնարկվեցին միայն այն ժամանակ, երբ ատասահմանում արդարադատությունը կամ մեկ այլ պետություն նրանց այլ ելք չէր թողել: Նույնը կարելի է ասել միջազգային մամուլում վերջին հետաքննութունների մաիսն, որոնք հաստատում եին Կարուանը Գալիցի հայտարարությունը, որ հարուստ, կոռումպացված և հաճախ քաղաքական դեմքերը Մալթան օգտագործում են որպես լվացքատուն:

Ադրբեջանում կոռուպցիայի և ադրբեջանական լվացքատան մասին բոլոր հոդվածներում մի քանի անդրադարձ կա այդ ամենին Մալթայի մասնակցության մասին: Եվ սա ամեն ինչ ավելի ամոթալի է դարձնում, քանի որ երևում է` լրագրողներն ու արտասահմանցի դատախազներն իրենց աշխատանքն ավելի լավ են անում, քան Մալթայի իշխանությունները, որոնք գիտեին իրավիճակի մասին և կարող էին քայլեր ձեռնարկել:

Թեև Pilatus բանկին կարող են զրկել արտոնագրից, Մալթայի հեղինակությունը տուժում է` այն կշարունակվի հիշատակվել որպես փողերի լվացման կետ: OCCRP-ն վերջերս Մալթան և դրա iGaming ինդուստրիան անվանեց «իտալական մաֆիայի բանկոմատ» և շատ միջազգային գործակալություններ ԵՄ-ից և Եվրոպոլից զգուշացրել են Մալթայում եղած ռիսկերի մասին:

Թեև Ադրբեջանի անօրինական գործարքների մասին հոդվածներն ամեն օր ավելանումն են, Մալթան շարունակում է այս պետության հետ պահպանել ջերմ հարաբերություններ: Ադրբեջանցի օլիգարխները Մալթան նույնիսկ անվանում են Ադրբեջանի մարզ: Քանի որ փողերի լվացման, կաշառքների և կոռուպցիոն գործարքները շարունակում են մնալ մամուլի էջերին, հարց է առաջանում` միջազգային հանցագործության և անօրինական այս գործարքներում ուրիշ ինչ դեր է ունեցել Մալթան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment