Հուսահատ կենսաթոշակառուները վտանգում են իրենց կյանքը՝ մաքրելով նավթով հարուստ Բաքվի փողոցները 

Հուսահատ կենսաթոշակառուները վտանգում են իրենց կյանքը՝ մաքրելով նավթով հարուստ Բաքվի փողոցները 

Հոդվածի առանցքում

  • 1991-ի անկախությունից հետո Բաքուն օգտագործել է իր նավթային և գազային հարստությունը՝ խորհրդային անցյալի մեծ մասը թոթափելու և այն բարձրահարկ երկնաքերերով ու բարձրակարգ խանութներով փոխարինելու նպատակով: Բայց մի բան չի փոխվել: Փողոցները դեռ մաքրում են տարեց կանայք, որոնք օգտագործում են երկար ձողերով հարմարեցված ավելներ:  Թարանայի պես նրանցից շատերը չեն սիրում այս աշխատանքը, բայց հարկադրված են կատարել:  Կենսաթոշակը ցածր է: Ադրբեջանում նվազագույն կենսաթոշակը 110 մանաթ է՝ մոտ 65 դոլար:

Ուշադրությանն արժանի

 

Բաքվի Սաբայիլ թաղամաս ամեն օր քաղաքի հայտնի քամին բերում է փոշի և աղբ: Եվ ամեն առավոտ կյանքի վեցերորդ տասնամյակը գլորող թոշակառու Թարանան վերցնում է ավելն ու սկսում օրվա իր միակ գործը՝ մաքրել փողոցները: Շողշողացող Aquatic Palace-ի ֆոնին Թանարան աշխատանքը սկսում է խաղաղ փոքր փողոցից, որը շրջապատված է նորակառույց ռեստորաններով և արվեստի կենտրոններով: Ապա հասնում է մինչև Ադրբեջանի մայրաքաղաքից դուրս տանող մայրուղի:

Աշխատանքը վտանգավոր է, քանի որ այն կատարելու համար պետք է քայլել արագ երթևեկությամբ փողոցների կենտրոնում: «Վարորդներին ես չեմ հետաքրքրում: Մի անգամ մեքենան գրեթե հարվածեց ինձ», – ասում է Թանարան: Տասնամյակից ավելի այս աշխատանք կատարելու արդյունքում սկսել է լավ չլսել: Աշխատել է մշտական քամու և աղմուկի մեջ:

1991-ի անկախությունից հետո Բաքուն օգտագործել է իր նավթային և գազային հարստությունը՝ խորհրդային անցյալի մեծ մասը թոթափելու և այն բարձրահարկ երկնաքերերով ու բարձրակարգ խանութներով փոխարինելու նպատակով: Բայց մի բան չի փոխվել: Փողոցները դեռ մաքրում են տարեց կանայք, որոնք օգտագործում են երկար ձողերով հարմարեցված ավելներ:

Թարանայի պես նրանցից շատերը չեն սիրում այս աշխատանքը, բայց հարկադրված են կատարել:  Կենսաթոշակը ցածր է: Ադրբեջանում նվազագույն կենսաթոշակը 110 մանաթ է՝ մոտ 65 դոլար: (Թարանայի կենսաթոշակը ամսական 140 մանաթ է):

Ցածր կենսաթոշակները ստիպում են շատ թոշակառուների շարունակել աշխատել, որպեսզի կարողանան ապրել: Բաքվի Յասամալ թաղամասից փողոց մաքրող Գուլնարան Eurasianet-ին պատմել է, որ այդ աշխատանքն անում է, քանի որ ընտանիքում միակն է, որ կարող է աշխատել: Ամեն առավոտ ժամը 5-ին է սկսում աշխատանքը և նրան ամսական վճարում են մոտ 250 մանաթ: «Այլընտրանք չունեմ: Պետք է տան վարձը վճարեմ և հաց գնեմ», – ասում է նա:

Էլմիրան նույնպես աշխատում է Յասամալի փողոցներում: Ասում է, որ ամսական վաստակում է 300 մանաթ:  Առանց այդ գումարի դժվար կլինի երեխաներին դպրոց ուղարկել: Գոհ է, որ աշխատանք ունի, բայց դժգոհում է, որ որոշ անտաշ վարորդներ աղբը դուրս են նետում մեքենայի պատուհանից անմիջապես իր առաջ: «Կարող էի նաև առանց դրա ապրել», – ծիծաղով ասում է նա:

Բաքուն հետխորհրդային ծաղկող  միակ քաղաքն է, որը դեռ մաքրում են տարեց մաքրուհիները:  Մոսկվայում, օրինակ, այդ աշխատանքը հիմնականում անում են Կենտրոնական Ասիայից ժամանած աշխատանքային միգրանտները:

Սակայն վերջերս Բաքվում փողոցները մաքրողների հետ պատահած մահացու վթարներից հետո հանրային քննարկում է սկսվել, թե ինչու պետք է այդքան հարուստ քաղաքում փողոցը մաքրելու դժվար և վտանգավոր աշխատանքը կատարեն տարեց կանայք:

Նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցները ահազանգեցին:  2018-ի հունվարին լրատվական կայքերից մեկը հրապարակել էր տեսանյութ՝ ներկայացնլով թե ինչպես են փողոցները մաքրողները վտանգում իրենց կյանքը արագ երթևեկության մեջ: Տեսանյութը տարածեցին այլ կայքեր ևս: Նաև Ադրբեջանի անվտանգության ծառայությունների հետ կապերով հայտնի կայքը: Սրանից երկու ամիս անց, երբ փողոցը մաքրող 53-ամյա կինը մահացավ ավտովթարի հետևանքով, այդ կայքը հրապարակեց ևս մեկ տեսանյութ՝ քննադատելով իշխանություններին:

2018-ի ապրիլին մեքենան հարվածել էր 82-ամյա կնոջ և ընդդիմադիր Meydan TV-ն դա լուսաբանեց ականատեսների միջոցով, որոնցից մեկն ասաց՝ նրա համազգեստն արագ հանել են՝ փորձելով թաքցնել, որ փողոցը մաքրողն էր:

Հասարակությունը վրդովված է ոչ միայն ողբերգությունների պատճառով, այլև, որ տեսնում է՝ իշխանությունը չի արձագանքում դրանց: Տարեց կնոջ մահով ավարտված միջադեպից հետո Առողջապահության հարցերով խորհրդարանական խմբի փոխնախագահ Մուսա Գուլիևն ասել է «տարեց կանայք ստիպված չեն կատարել այդ աշխատանքը» և հռետորական հարց է տվել, թե  «եթե մեկը ֆիզիկապես կարող է դա անել, ինչու ո՞չ»:

Գուլիևին խիստ քննադատեցին սոցցանցերում: Հարցրեցին, թե արդյոք Գուլիևի ընտանիքի անդամները երբևէ կաշխատեն որպես փողոց մաքրող: Նրան հորդորեցին մեկնաբանություններից առաջ մեկ օր փողոց մաքրել: Պահանջեցին նաև հրաժարականը՝ պնդելով, որ նրա գործը ժողովրդին ծառայելն է, ոչ թե խոշտանգելը»:

Այժմ Բաքվում սկսել են մեքենաներ ձեռք բերել, որոնք կմաքրեն  փողոցները: 2018-ի օգոստոսին քաղաքը սկսել է օգտագործել  գերմանական արտադրության փողոց մաքրող 10 մեքենա: Դրանք գնել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Այս մեքենաները մաքրում են Բաքվի խոշոր, գերծանրաբեռնված ճանապարհներից մի քանիսը, ասել է Բաքվի բնակարանային և կոմունալ տնտեսությունների վարչության սանիտարահիգիենիկ ծառայությունների ղեկավար Մուբարիզ Հուսեյնովը: Պատվիրել են ևս 50 մեքենա, որոնց մի մասը փոքր է և կարող է մաքրել նեղ փողոցները:

Բայց շատերը համոզված են, որ դա չի լուծի խնդիրը, և մեքենաների ձեռք բերման շուրջ ևս հանրային արձագանքը խառն է: «Այդ կանայք կմնան առանց աշխատանքի: Ինչպե՞ս պիտի ապրեն», – հարցնում է դժգոհողներից մեկ:

Յասամալ թաղամասի փողոցները մաքրող Գյուլնարան ասում է, որ իր աշխատանքը չափազանց ռիսկային է մարդկանց համար և  ասում է նաև, որ վստահ է՝ մեքենաները չեն փոխարինի իրեն: «Եթե անգամ մեքենաներ են գնում, դա ինձ չի խանգարի: Մենք ավելի շատ փոքր փողոցներ ունենք, քան խոշոր մայրուղիներ», – ասում է նա:

Թարանան էլ ասում է, որ չի կարծում, թե մեքենաներն ինչ-որ բան կփոխեն, բայց եթե դրանք իրեն առանց աշխատանքի թողնեն, իշխանությունը պատասխանատու կլինի իր և իր պես անգործ մնացածների համար ապրելու այլ միջոց գտնել: Թեև այս հարցում ևս լավատես չէ: «Ինձ իմ երկրի քաղաքացի չեմ զգում», – ասում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment