Հունգարիայի վարչապետն արգելել է գենդերային ուսումնասիրությունները համալսարաններում

Հունգարիայի վարչապետն արգելել է գենդերային ուսումնասիրությունները համալսարաններում

Հոդվածի առանցքում

  • Ըստ Հունգարիայի վարչապետի՝ գենդերային հարցի ուսումնասիրությունները գիտության հետ կապ չունեն: Հունգարիայի կրթական հաստատություններում գենդերային ուսումնասիրություններն ավելի քան 20 տարվա դասավանդման պատմություն ունեն:

Ուշադրությանն արժանի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, կառավարության որոշմամբ, երկրի բոլոր համալսարաններում արգելել է գենդերային ուսումնասիրության դասաժամերը՝ համարելով, որ դրանք ոչ թե գիտական, այլ գաղափարախոսական արմատներ ունեն:

Բուդապեշտում գործող Կենտրոնական Եվրոպայի հեղինակավոր Համալսարանը (CEU), որը գենդերային ուսումնասիրությունների դիպլոմ շնորհող երկու համալսարաններից մեկն է, քննադատել է որոշումը՝ այն անվանելով ակադեմիական ազատությունների ու համալսարանի ինքնավարության խախտում:

Օրբանի ստորագրած որոշումն ուժի մեջ է մտել վերջերս: Այն դադարեցնում է այդ ուղղության պետական հավատարմագրումն ու մագիստրոսի աստիճանի համար կրթական ծրագրերին հատկացվող ֆինանսական աջակցությունը:

Որոշումն արգելում է դպրոցներում նոր կուրսերի մեկնարկը, միաժամանակ այդ կուրսերին արդեն մասնակցող ուսանողներին թույլատրում է ավարտել ուսումնական տարին:

Ըստ փոխվարչապետ Զսոտ Սեմյենի՝ գենդերային ուսումնասիրությունների դասաժամերը համալսարաններում տեղ չունեն, քանի որ դրանք ոչ թե գիտություն են, այլ` գաղափարախոսություն: Նրա խոսքով՝ աշխատաշուկան գենդերային ուսումնասիրությունների շրջանավարտների կարիք չունի: «Ոչ ոք չի ցանկանում աշխատանքի ընդունել գենդերոլոգների»:

CEU-ն, որի հիմնադիրն ամերիկացի լիբերալ միլիարդեր Ջորջ Սորոսն է, զգուշացրել է, որ գենդերային ուսումնասիրությունների ծրագրերի չեղարկումն «էական կորուստ է Հունգարիայի գիտական համայնքի համար և բացասական ազդեցություն կունենա ժողովրդավար մտածողությամբ հանրային քաղաքականության վրա»:

Հունգարիայի կրթական համալիրներում գենդերային ուսումնասիրություններն ավելի քան 20 տարվա դասավանդման պատմություն ունեն:

Օրբանի կառավարության որոշումը կասկածի տակ է դնում համալսարանի անկախությունն ու մեծացնում է պահպանողական քաղաքականության ճնշումը հասարակության վրա:

CEU-ն հունգարական կառավարության հետ արդեն մեկ անգամ բախվել էր 2017թ.-ին, երբ Օրբանի վարչակազմն օրենք ընդունեց, ըստ որի՝ օտարերկրյա հավատարմագրումով համալսարանները պարտադիր պետք է հենակետ ունենային իրենց հայրենի երկրներում:

Հաշվի առնելով CEU-ի ամերիկյան արմատները, 2017թ-ին հաստատված նոր օրենքով այն պետք է Միացյալ Նահանգներում համալսարան ունենա, որն այս պահին գոյություն չունի:

«Ստոպ Սորոս». հունգարական օրենսդրության մեկ այլ կետ թիրախավորում է ամերիկացի միլիոնատիրոջը՝ նրան մեղադրելով հունգարիայի պետական հիմքերը խարխլելու և միգրացիան խրախուսելու մեջ:

Հուլիսին Եվրոպական Միությունը Հունգարիայի կառավարությանը զգուշացրել էր, որ «Ստոպ Սորոս»-ը եվրոպական օրենքի խախտում է, որը թույլ չի տալիս այդ կազմակերպությանը  աջակցել փաստաթուղթ չունեցող միգրանտներին:

ԵՄ նամակը հրապարակվել է ՄԱԿ-ի միգրացիայի գլոբալ համաձայնագրից Հունգարիայի դուրս գալուց մեկ օր անց: Համաձայնագիր, որի մաս չի կազմում նաև ԱՄՆ-ը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment