Հունաստանում բողոքի ցույցեր են․ Մակեդոնիայի անվանափոխության հարցը մնում է չլուծված

Հունաստանում բողոքի ցույցեր են․ Մակեդոնիայի անվանափոխության հարցը մնում է չլուծված

Հոդվածի առանցքում

  • Հունաստանի խորհրդարանը պետք է որոշում կայացնի «Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիան» «Հյուսիսային Մակեդոնիա» անվանափոխելու օրինագծի շուրջ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և նրա մակեդոնացի գործընկեր Զորան Զաևը հունիսին համաձայնության են եկել երկարամյա խնդրի կարգավորման հարցում: Ցուցարարները, սակայն, բողոքում են, քանի որ նրանց կարծիքով Հյուսիսային Մակեդոնիա անվանումը տարածքային հավակնությունների առիթ կտա համանուն հունական շրջանի հանդեպ: Խնդիրն առանցքային է նաև շատ հույների համար, որոնք Ալեքսանդր Մակեդոնացու ղեկավարած Մակեդոնիան համարում են Հունաստանի մշակույթի ու ազգային ինքնության մաս:

Ուշադրությանն արժանի

Տասնյակ հազարավոր մարդիկ հեղեղել էին Աթենքի փողոցները հարևան Մակեդոնիայի հետ կնքած գործարքի դեմ իրենց անհամաձայնությունը հայտնելու համար: Հունաստանի խորհրդարանն այս շաբաթ պետք է քվեարկի գործարքը վավերացնելու կամ չեղարկելու օգտին:

Հազարավոր ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Հույները բողոքում են Հունաստանի ու Մակեդոնիայի կառավարությունների միջև կնքած գործարքի դեմ: Հիմա Մակեդոնիան պաշտոնապես կոչվում է Մակեդոնիայի Նախկին Հարավսլավաան Հանրապետություն:

«Այս գործարքի հետ չենք համակերպվելու, չենք կարող հենց այդպես հանձնել մեր Մակեդոնիան, մեր պատմությունը»,-ասում է ցուցարարներից մեկը՝ Ամալիա Սայրամին, 65-ամյա թոշակառուն և կապտա-սպիտակ հունական դրոշը ծածանելով՝ հավելում, – «Մակեդոնիան հունական է»:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ի պատասխան՝ բողոքի ակցիայի մասնակիցները քարեր, ներկ և ծխառումբեր են նետել իրավապահների ուղղությամբ: Որոշ ցուցարարներ դրոշներով փաթաթված նաև փայտերով էին հարձակվում ոստիկանների վրա:

9 ոստիկան տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ցուցարարների շրջանում վիրավորների մասին տեղեկություն չկա, թեև տեղի լրատվամիջոցները հայտնում էին, որ ոստիկանները մահակներ են կիրառել:

Պաշտոնապես բողոքի ակցիային մասնակցել է 60 հազար մարդ, թեև ակցիայի կազմակերպիչները խոսում են ավելի քան 100 հազարի մասին: Հարյուր հազարավոր մարդկանց ամբողջ Հունաստանից ու հատկապես երկրի հյուսիսից ավտոբուսներով բերում էին մայրաքաղաք:

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ

Բողոքի ակցիան սկսվեց որոշիչ քվեարկության նախաշեմին: Երկրի խորհրդարանը պետք է որոշի՝ հավանության արժանացնել «Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիան» «Հյուսիսային Մակեդոնիա» անվանափոխելու օրինագիծը: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և նրա մակեդոնացի գործընկեր Զորան Զաևը հունիսին համաձայնության են եկել երկարամյա խնդրի կարգավորման հարցում: Անվանափոխության դիմաց Հունաստանը պետք է դադարեցնի խոչընդոտել  ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին Մակեդոնիայի անդամակցությունը:

Հունաստանի խորհրդարանում դեբատները սկսվել են երկուշաբթի, օրենսդիրներն ուրբաթ պետք է որոշեն վավերացնե՞լ փաստաթուղթը, թե՝ ոչ:

Ցուցարարները բողոքում են, քանի որ նրանց կարծիքով Հյուսիսային Մակեդոնիա անվանումը տարածքային հավակնությունների առիթ կտա համանուն հունական շրջանի հանդեպ: Խնդիրն առանցքային է նաև շատ հույների համար, որոնք Ալեքսանդր Մակեդոնացու ղեկավարած Մակեդոնիան համարում են Հունաստանի մշակույթի ու ազգային ինքնության մաս:

Այդուհանդերձ, հակասական գործարքը վավերացվելու բոլոր շանսերն ունի: Մակեդոնիայի խորհրդարանն արդեն վավերացրել է այն, հիմա հերթը Հունաստանինն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment