Հունաստանը պնդում է, որ  կորած Տենեա քաղաքը գտնվել է

Հունաստանը պնդում է, որ  կորած Տենեա քաղաքը գտնվել է

Հոդվածի առանցքում

  • Հունաստանի մշակույթի նախարարությունը հայտնում է, որ հնագետները հայտնաբերել են կորած քաղաք Տենեայի առաջին մնացորդները: Քաղաքն, ըստ հույների, կառուցել են պատերազմի գերի տրոյացիները՝ Տրոյայի պարտությունից հետո:

Ուշադրությանն արժանի

Նախարարության հաղորդագրության համաձայն, պեղումներն իրականացվել են սեպտեմբերից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, հունական Պելեպոնես շրջանում, Պեղումների արդյունքում հայտնաբերվել են Տենեա կորած քաղաքի գոյության իրեղեն ապացույց: Մինչև հիմա դրա գոյության մասին մեզ հասած տեղեկությունը հիմնականում անտիկ ձեռագրերից էր:

Գտածոների մեջ պատեր են, կավի նմուշներ, մարմար, շինությունների քարե հատակներ, կենցաղային խեցեղեն ու հին հռոմեական շրջանի ավելի քան 200 հատ մետաղադրամ: Շինություններից մեկի հիմքում հայտնաբերվել է նաև մարդկային մնացորդներով երկու սափոր,  որն արտասովոր երևույթ է հին հույների համար, նրանք սովորաբար հանգուցյալներին թաղում էին քաղաքի դարպասներից դուրս՝ հատուկ գերեզմանոցներում:

Առաջատար հնագետ Ելենա Կորկան, որն այդ տարածքում պեղումներ է իրականացնում 2013թ.-ից, Associated Press-ի հետ զրույցում ասել է, որ իր թիմը մինչև այս տարի հիմնական պեղումներն իրականացնում էր հարուստ գերեզմանոցներում,որոնք շրջապատում էին Տենեան: Դրանցից մեկում հայտնաբերված երկու երիտասարդների մարմարե արձանները մաքսանենգները 2010թ.-ին գողացել էին ու ավելի ուշ փորձել էին 10 միլիոն եվրոյով վաճառել:

«Այս տարի մենք հայտնաբերեցինք հենց քաղաքի մի մասը», –ասել է Կորկան:

Պեղումները գերեզմանոցներում շարունակվում են, դրանք տեղակայված են ժամանակակից Հիլիմոդի գյուղից մոտ 100 կմ հեռավորության վրա, դա Աթենքի հարավարևմտյան մասում է:

Հնագետները հայտնաբերել են հուղարկավորության 9 վայր, որտեղ գտել են ոսկի, պղինձ, ոսկորներ ու 4-րդ դարի հին հռոմեական մետաղադրամ:

Մինչև օրս քիչ բան էր հայտնի Տենեայի մասին: Գիտենք, որ Տենեայի քաղաքացիներից է ձևավորվել հույն  գաղութաբնակների կորիզը, որոնք էլ հետագայում Սիցիլիայում հիմնել են Սիրակուզե քաղաքը:

Կորկայի խոսքով՝ պեղումների ընթացքում ավելի շատ տեղեկություն ի հայտ կգա: Պեղումները կտևեն մի քանի տարի:

«Քաղաքում հայտնաբերված բազմազան խեցեղեն իրերը նաև Արևելքի ազդեցությունն են կրում, երևում է և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի ներկայությունը: Սա կարող է նաև քաղաքական կուրսի մասին վկայել»:

Տենեան վերապրել է հռոմեական արշավանքից հարևան Կորինթոսի ոչնչացումը, Հռոմեական իշխանության օրոք այն ծաղկում է ապրել: Ամենայն հավանականությամբ քաղաքը մեծ վնաս է կրել գոթերի ներխուժման ժամանակ, իսկ սլավոնական արշավանքների ժամանակ վերջնականապես դատարկվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment