Հոլանդական եկեղեցին փախստականներին պաշտպանելու համար շարունակական պատարագ է մատուցում

Հոլանդական եկեղեցին փախստականներին պաշտպանելու համար շարունակական պատարագ է մատուցում

Հոդվածի առանցքում

  • Հոլանդական եկեղեցում պատարագն անդադար շարունակվում է ավելի քան 700 ժամ՝ ավելի քան մեկ ամիս ու առայժմ չի դադարելու՝ հայ փախստականներին արտաքսումից փրկելու համար:

Ուշադրությանն արժանի

Պաստորները Հաագայի Բեթել եկեղեցի են գալիս Հոլանդիայի բոլոր անկյուններից  ու հերթափոխում են օր ու գիշեր չդադարող պատարագը վարելու համար: Այս կերպ եկեղեցին հայ ընտանիքին պաշտպանում է պաշտոնյաներից, որոնք օրենքի համաձայն չեն կարող ներխուժել մի վայր, որտեղ կրոնական ծառայություն է մատուցվում: Իր հերթափոխն ավարտող պաստորն այրվող մոմը փոխանցում է հաջորդին ու պատարագն անդադար շարունակվում է:

Թամրազյանների ընտանիքը՝ Սասունը, Անուշը և նրանց երեք զավակներ Հայարփին, Վարդուն ու Սեյրանը, ծննդավայր Հայաստանը լքել են 9 տարի առաջ, երբ Սասունի քաղաքական ակտիվությունը մահվան սպառնալիքների հանգեցրեց: Նրանք Հոլանդիայից քաղաքական ապաստան խնդրեցին ու դատավորը նրանց փախստականների կարգավիճակ շնորհեց, տարիներ անց կառավարությունն այդ որոշումը փոխեց:

Ընտանիքն այնուհետև երեխաներին ներում շնորհելու հայց ներկայացրեց. դա հազվադեպ տրվող թույտվություն է, որը շնորհում են այն փախստականներին, որոնք Հոլանդիայում ապրել են հինգ տարուց ավելի, բայց այդ հայցը նույնպես մերժվեց:

Երբ Թամրազյաններն իմացան, որ արտաքսման հրամանը տրված է, նրանք Հաագայի բողոքական եկեղեցուց օգնություն խնդրեցին: Հոկտեմբերի 25-ին Բեթել եկեղեցին նրանց ընդունեց ու Թամրազյաններն այդ օրվանից եկեղեցուց դուրս չեն եկել:

Անուշ Թամրազյանը խոստովանում է. «Անհնար է նկարագրել այն զգացմունքները, երբ այդքան մարդ քեզ օգնում է»:

Եկեղեցու խոսնակն ասում է. «Մենք անում ենք այն, ինչ միշտ ենք արել՝ ընտանիքին աջակցելու համար է, ցույց տալու, որ մենք, որպես եկեղեցի, նրանց կողքին ենք, որ կա Աստված, որը ոչ մեկին թույլ չի տա ընկնել»:

Բողոքական նախարարների խորհրդի նախագահ Տեո Հետեման նկատում է.«Եկեղեցին ցանկանում է ժամանակ ու տարածություն ստեղծել կառավարության հետ դիլեմայի շուրջ երկխոսության համար: Ընտրելու համար կառավարության հանդեպ հարգանքի ու երեխաների իրավունքների միջև:

Երբ սկսում էինք, գիտեինք՝ երկար պատարագ է լինելու, գիտեինք, որ հնարավոր է շաբաթներով կամ ամիսներով այստեղ մնանք: Պատրանքներ չունենք. այս ամենը կարող է ավարտվել հայրենադարձությամբ, աքսորով, հնարավոր է մենք այլևս չկարողանանք պատարագ մատուցել, բայց դա դեռևս չօգնելու պատճառ չէ»:

Հակամիգրացիոն ծայրահեղական շարժումը Հոլանդիայում մեծ տարածում է գտնում՝ փախստականների համար լարված մթնոլորտ է ստեղծում: Բայց Թամրազյանները խնդրի մյուս կողմն էլ են տեսնում. հարյուրավոր մարդիկ գալիս են եկեղեցի՝ իրենց աջակցությունը հայտնելու, մոտ 300 պաստոր կամավոր պատարագ է վարում: Եկեղեցու պատարագը Թամրազյանների ու Հոլանդիայում նման դրության մեջ հայտնված 400 երեխաների համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment