Հիլարի Քլինթոն. Կցանկանայի նախագահ լինել

Հիլարի Քլինթոն. Կցանկանայի նախագահ լինել

Հոդվածի առանցքում

  • Հիլարի Քլինթոնը հնարավոր է 2020թ.-ին առաջադրվի: Հիլարի Քլինթոնն իր հավանական առաջադրման վերաբերյալ ոչ միանշանակ ակնարկներ է արել` «Նյու Յորք Սիթի»-ին ասելով, որ նա ԱՄՆ նախագահի հարմար թեկնածու է:

Ուշադրությանն արժանի

Հիլարի Քլինթոնը հնարավոր է 2020թ.-ին առաջադրվի: Recode տեխնոլոգիական վեբ կայքի լրագրող Կառա Սուիշերի հետ զրույցում նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հարցին Քլինթոնը նախ ասել է՝ ոչ, կարճ դադարից հետո կրկնել` ոչ: Բայց երբ Սուիշերը նկատում է, որ Քլինթոնը վարանում է, Հիլարին փորձում է վերաձևակերպել պատասխանը՝ ասելով, որ հաջոր դեմոկրատ նախագահի համար գերխնդիրը Միացյալ Նահանգների դիրքերը միջազգային արենայում ամրապնդելն է:

«Դե, կցանկանայի նախագահ լինել, այնպիսի աշխատանք է սպասվում, որին ես ինձ պատրաստ եմ համարում` հիմնվելով սենատում 8 տարվա աշխատանքի ու պետդեպում դիվանագիտական անցյալիս վրա», – ասել է նա:

Զրույցի հաջորդ օրը Սուիշերն իր թվիթերյան էջում գրառում է արել: Սոցցանցերում լայն տարածում գտած արձագանքները կարծես համընկնում էին Քլինթոնի ասածների հետ:

«Թվիթերցիներ, հանգստացեք: Չնայած հնչեց այնպես, թե @HillaryClinton-ը հրաժարվում է բացառել իր մասնակցությունը նոր արշավին, բայց իմ տպավորությունն է, որ նա կցանկանար նախագահ լինել, բայց չէր ցանկանա ընտրարշավի մասնակցել», -գրել է նա:

Վերջին շաբաթների ընթացքում Քլինթոնն ավելի հաճախ է աչքի ընկնում, հաճախ հանրային վայրերում է հայտնվում, ֆինանսավորում է դեմոկրատներին:  Անցած շաբաթ նա խոսել է Դոննա Շալալայի` Քլինթոնի վարչակազմի անդամի կազմակերպած դրամահավաք միջոցառմանը, որը Ֆլորիդայում արշավի է մասնակցում:

«Նա միշտ հաղթող է լինելու և ես միշտ նրա հետ եմ լինելու»,- ասել է Շալալան՝ Քլինթոնի մասին խոսելով Մայամիում կայացած միջոցառմանը, որին մոտ 200 դեմոկրատ էր մասնակցում:

Չնայած Քլինթոնը դեմոկրատների շրջանում շատ մեծ աջակցություն է վայելում, նրա ակտիվությունը ոչ բոլոր դեմոկրատներն են ողջունում: Կուսակցության շատ անդամներ կնախընտրեին, որ Քլինթոնն ավելի պասիվ լիներ ու հանրության ուշադրությունը չշեղեր միջանկյալ ընտրություններին դեմոկրատների հիմնական ուղերձներից:

Ներկայացուցիչների պալատում փոքրամասնության ներկայացուցիչ Նենսի Փելոսիի պես Քլինթոնը հանրապետականների պաստառների վրա պատկերված է եղել հրեշի կերպարանքով: Քլինթոնը բազմիցս մերժել է հանրային ակտիվ կյանքից հրաժարվելու հորդորները:

Քլինթոնն ասել է, որ 2020-ին առաջադրվելու հավանականությունը չի քննարկի հաջորդ շաբաթ միջանկյալ ընտրությունների ավարտից ոչ շուտ:

«Նույնիսկ չեմ մտածի դրա մասին, քանի դեռ չեն կայացել նոյեմբերի 6-ին միջանկյալ ընտրությունները, բայց ամեն ինչ կանեմ, որ 2021թ.-ի հունվարին Սպիտակ տանը դեմոկրատ նախագահ ունենանք»:

Քլինթոնը վստահություն է հայտնել, որ առնվազն 20 դեմոկրատ թեկնածու կլինի նախագահի պաշտոնի համար: «Կարծում եմ՝ շատ լավ թեկնածուներ կունենանք, բայց եկեք սպասենք: Կտեսնենք: Ես ուղղակի կսպասեմ ու կհետևեմ իրադարձությունների զարգացմանը»:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment