Հեղափոխությունից հետո Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարդիկ ձգտում են սեփական փոփոխությունը բերել

Հեղափոխությունից հետո Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարդիկ ձգտում են սեփական փոփոխությունը բերել

Ինչպես շատ հետխորհրդային քաղաքներ, Երևանը ևս մատչելի չէ: Մայթերը հաճախ չունեն թեքահարթակներ, եթե ունեն էլ, դրանք հաճախ չափազանց կտրուկ են՝ անվտանգ օգտագործման համար: Ընդամենը մի քանի հարմարեցված ավտոբուս, իսկ մետրո հասնելու համար պետք է թռչել շարժասանդուղքի վրայով, որպեսզի հասնես վագոնին:  Գյուղերում վիճակն ավելի տխուր է:

Ինչպես բոլոր բնագավառներում, այստեղ ևս մեծ հույսեր են կապում նոր կառավարության հետ, որոնք իշխանության եկան այս գարուն «թավշյա հեղափոխությամբ»: Զարուհի Բաթոյանը, որը հաշմանդամների իրավունքների պաշտպանության հայտնի ակտիվիստ է, ներկա էր հեղափոխության ցույցերի ժամանակ և պարբերաբար ելույթներ էր ունենում բազմության առաջ: Այդչափ մարդկանց առաջ հաշմանդամության իրավունքների մասին անվասայլակի վրա նստած ելույթ ունենալն աննախադեպ էր:

Հիմա Բաթոյանը նոր կառավարության կազմում է՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որպես աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար: Այս նոր պաշտոնում նա փորձում է որոշակի փոփոխություններ անել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

«Առաջ մենք ունեինք մի իրականություն, որտեղ մարդիկ խոսում էին հավասար հնարավորությունների և ներառման մասին, բայց դրանք պարզապես խոսքեր էին: Նույնիսկ երբ գաղափարները լավն էին, դրանք կիրառելիս խնդիրներ էին առաջանում»,- ասաց նա «Eurasianet»-ին:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ տնտեսական էական անհարմարություններ են զգում: Մոտ 186 հազար հաշմանդամների շրջանում գործազրկության մակարդակը 92 տոկոս է, երբ սովորական մարդկանց շրջանում 18 տոկոս է: Հաշմանդամություն ունեցողների շրջանում վճարները շատ ցածր են՝ ամիսը 35-45 դոլարին համարժեք, պետության կողմից տրամադրվող բուժօգնությունը չի ծածկում բոլոր անհրաժեշտ բուժումները:

Նոր կառավարության օրակարգում առաջնահերթ խնդիրներ են կոռուպցիայի դեմ ագրեսիվ պայքարը, ինչպես նաև խորհրդարանական նոր՝ արտահերթ ընտրությունները: Հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանությունը լավագույն դեպքում երկրորդ պլանում է: Կառավարության՝ փոփոխությունների մասին  խոստումների իրագործումն առայժմ անորոշ է: Բայց հեղափոխական ռիթմը ոգևորում է հաշմանդամների իրավունքների որոշ պաշտպանների, որոնք փորձում են արագացնել փոփոխությունների տեմպը:

Օգոստոսի 6-ին Հայաստանի կույրերի միավորման երկու տասնյակից ավելի անդամներ գրավեցին ասոցիացիայի գլխավոր գրասենյակը: Նստելով նախասրահում՝ ակտիվիստները գոչում էին կարգախոսներ, սուլում, դռներ փակում և կահույքով ժամանակավոր բարիկադներ սարքում:

Ակտիվիստները միավորման ղեկավարներին մեղադրում էին կոռուպցիայի մեջ, ֆոնդերի յուրացման, ֆորմալ ղեկավարող ՀՀԿ-ի հետ կապերի մեջ, ինչպես նաև թույլ տեսնողների շահերը պաշտպանելու անկարողության: Նրանք պահանջում էին միավորման նախագահի հրաժարականը և նոր, թափանցիկ ընտրությունների անցկացում թե նախագահի, թե գործադիր մարմնի համար:

Տեսողական խանգարումներ ունեցող 28-ամյա ակտիվիստ Սիփան Ասատրյանը, որը միավորման գրավման առանցքային դեմքերից էր, ասել է, որ բողոքը «ոգեշնչված» է եղել թավշյա հեղափոխությամբ:

«Միավորման ղեկավար մարմնում տարիքով մարդիկ են: Նրանք միայն ետ են նայում՝ դեպի խորհրդային անցյալ, բայց ոչ ապագա»,- ասել է նա:

Ըստ Սիփանի՝ այդ մարդիկ, Հայաստանի հասարակության մեծ մասի պես չեն գնահատում հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները:

«Նրանք չեն պատկերացնում, որ կույր մարդը կարող է համակարգչով աշխատել: Նրանք չեն պատկերացնում, որ կույր մարդը կարող է ինքնուրույն տեղաշարժվել»:

Գրավումը 31 օր տևեց, ավարտվեց սեպտեմբերի 12-ին, երբ միավորման նախագահը հրաժարական տվեց: Ակտիվիստները դա կես-հաղթանակ համարեցին, քանի որ բաց ընտրությունների փոխարեն գործադիր մարմինը նոր նախագահ նշանակեց և հրաժարվեց առաջ շարժվել դեպի 2019-ի ընտրություն:

Ասատրյանն ասաց, թե նոր նախագահ Ռաֆիկ Խաչատրյանը խոստացել է, որ նոր ընտրությունը կլինի «արդար և թափանցիկ»: Ասատրյանի և իր երիտասարդ ակտիվիստնեի համար դժվար է հավատալ այս խոստմանը: Նրանք դիմել են Պետեկամուտների կոմիտե՝ ուսումնասիրելու  թույլ տրված չարաշահումները:

Խաչատրյանն, իր հերթին, ասում է, որ թավշյա հեղափոխության աջակիցներից է. «Հեղափոխությունը մարդկանց շանս տվեց ազատ խոսելու: Ցույցերի միջոցով նրանք իրենց դժգոհություններն են արտահայտում»:

Բայց ասաց, որ միավորումը գրաված ակտիվիստները հեռուն են գնացել. «Նրանք անպատասխանատու պահանջներն էին ներկայացնում: Նրանք մերժում էին զիջումների գնալ»:

Ըստ Խաչատրյանի՝ ցուցարարները չեն ներկայացնում միավորման 1800 անդամներին: Նա կազմակերպիչներին մեղադրեց՝ գրավումը հետագայում սեփական քաղաքական կարիերայի համար օգտագործելու մեջ: Մինչդեռ Ասատրյանը հայտարարեց, որ գրավման ժամանակ նա զբաղված էր Երևանի ավագանու ընտրություններով՝ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի ցուցակում էր: Նա դա արել է իր նախկին ղեկավարի՝ Զարուհի Բաթոյանի խորհրդով: Դատելով «Իմ քայլ»-ի տպավորիչ հաղթանակից՝ Ասատրյանը կլինի քաղաքային նոր խորհրդում:

Այնուամենայնիվ, Խաչատրյանն ընդունում է, որ ցուցարարների որոշ պահանջներ արդարացի են: Նա խոստովանել է, որ գործադիր մարմնի անդամների ընտանիքներին և ընկերներին վարձակալության է տրվել միավորմանը պատկանող գույքը, բայց դա հազվադեպ է եղել և արվել է միավորման ֆինանսական դրությունը բարելավելու համար: Անդրադառնալով չարաշահումների քննությանը՝ ասել է, որ ժամանակը ցույց կտա: Ըստ նրա՝ կառույցը ձգտում է բարեփոխվել և այն բաց է առաջարկների և նախաձեռնությունների համար, որոնք կանեն ցուցարարները:

Երևանի ավագանու ընտրության ժամանակ «Իմ քայլը» դաշինքն իր ծրագրում նախատեսեց ռեֆորմներ հաշմանդամություն ունեցողների համար՝ նոր մատչելի ավտոբուսների պարկ և քաղաքի հարմարեցում: Ակտիվիստներն ավելի ուշադիր կհետևեն, թե որքանով է նոր ադմինիստրացիան կատարում խոստումները:

Բաթոյանն ասում է, որ նախորդ ավագանու ժամանակ այն փոքր բարեփոխումներն էլ, որ արվել են հաշմանդամություն ունեցողների համար, արվել են հատվածաբար՝ գործում գրեթե չներառելով հենց այդ մարդկանց:

Նա նշեց, որ 2010-ին Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների միջազգային կոնվենցիան, բայց չի իրագործել անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումները՝ ապահովելու կառույցների մատչելիություն, հանրային տրանսպորտ և այլն՝ ըստ միջազգային ստանդարտների: Բաթոյանն ասում է, թե մտադիր է հասնել օրենսդրական հստակ փոփոխությունների՝ վստահեցնելով, որ նոր նախագծերի ստեղծման և մշակման գործում ներգրավված են տեղական ակտիվիստներ և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

«Մենք չենք կրկնի նախորդ իշխանության սխալները»,- ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment