Հեղափոխությունից հետո Հայաստանը սփյուռքի համար ավելի գրավիչ է դառնում

Հեղափոխությունից հետո Հայաստանը սփյուռքի համար ավելի գրավիչ է դառնում

Հոդվածի առանցքում

  • Անցյալ տարվա ապրիլի «Թավշյա հեղափոխությունից» հետո, երբ կառավարությունը տապալվեց փողոցային խաղաղ բողոքի ցույցերի արդյունքում, այդ միտումը, կարծես, աճում է և Արսլանյանի նման պատմությունները դառնում են ավելի տարածված: Ներգաղթի վերաբերյալ ճշգրիտ թվեր դժվար է ստանալ՝ հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես է հավաքվում պաշտոնական վիճակագրությունը, բայց վերջին տվյալները ցույց են տալիս հստակ աճ:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի, Լիբանանի և Իրանի էթնիկ հայերը ղեկավարում են շարժումը ՝ Հայաստանում տեսնելով այն հնարավորությունները, որոնք իրենց ծննդավայրերում չունեն:

Երբ Սարին Արսլանյանը անցած տարվա սկզբին ուղևորվում էր Հայաստան, մտադրություն չուներ մնալ երեք շաբաթից ավելի: Հետո տեղի ունեցավ հեղափոխությունը:

Ավելի քան մեկ տարի է անցել, բայց Բելգիայից գրող և վավերագրական կինոռեժիսոր Արսլանյանը դեռ Երևանում է, որտեղ նա մշտական ​​բնակություն է հաստատել: «Այն, ինչ  տեսա, ինձ ստիպեց մնալ», – ասաց նա Eurasianet- ին:

Հայաստանը վաղուց է գրավել հայկական սփյուռքի միլիոնավոր անդամներին, բայց լիակատար «հայրենադարձումը», տերմին, որն օգտագործվում է մշտապես երկիր տեղափոխվող էթնիկ հայերի համար, համեմատաբար աննշան է:

Ըստ «Repat Armenia» – ի, որը երկրի ամենամեծ ՀԿ-ն է և զբաղվում է սփյուռքահայ միգրանտներին ներգրավելու ու Հայաստանում նրանց ընտելացմանը նպաստելու գործով, մոտավորապես 50,000 հայրենադարձ է հաստատվել Հայաստանում 1991 թվականից հետո:

Անցյալ տարվա ապրիլի «Թավշյա հեղափոխությունից» հետո, երբ կառավարությունը տապալվեց փողոցային խաղաղ բողոքի ցույցերի արդյունքում, այդ միտումը, կարծես, աճում է և Արսլանյանի նման պատմությունները դառնում են ավելի տարածված:

Ներգաղթի վերաբերյալ ճշգրիտ թվեր դժվար է ստանալ՝ հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես է հավաքվում պաշտոնական վիճակագրությունը, բայց վերջին տվյալները ցույց են տալիս հստակ աճ: Հայաստանի պետական վիճակագրական ծառայությունը գրանցել է, որ 2018-ին ավելի քան 15,000 մարդ է ներգաղթել երկիր՝ ամենամեծ ցուցանիշը 12 տարվա ընթացքում, – ասաց Կովկասյան ինստիտուտի երևանյան վերլուծական կենտրոնի վիճակագրագետ և հետազոտող Հրանտ Միքայելյանը: Ըստ երևույթին, երկրի բարեփոխված հեղինակությունն ու տնտեսության աճը նպաստում են դրա բարձրացմանը, ասել է Միքայելյանը Eurasianet- ին:

Հայաստանի սփյուռքը տասնյակ հազարավոր համայնքներ ունի տարբեր երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Իրանում, Լիբանանում, Ռուսաստանում և Ֆրանսիայում: Հայրենադարձության պատճառները համապատասխանաբար տարբեր են:

Repat Armenia ընկերության գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի կարծիքով, վերջերս հայրենադարձվածներին հայրենիք մղող երկու հիմնական պատճառ կա, հիմնականում դա կախված է այն երկրի եկամուտի մակարդակից, որտեղից նրանք գալիս են:

«Հիմնական երկրները, որտեղից հայրենադարձության մեծ հոսք կա, Ռուսաստանն է, Իրանը և Լիբանանը», – ասել է Մարաշլյանը Eurasianet- ին: Այդ երկրներից յուրաքանչյուրում կա քաղաքական ու տնտեսական ​​լճացում և  «երիտասարդներն այնտեղ իրենց համար հնարավորություններ չեն տեսնում»:

Մինչև վերջերս դա կարելի էր ասել հենց Հայաստանի մասին: Անցյալ տարի կառավարության փոփոխությունն այդ ընկալումը գլխիվայր շրջեց:

Ռուսաստանը աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքի հայրենիքն է և շարունակում է համարվել Հայաստանից աշխատանքային միգրանտների ամենաընդունելի ուղղությունը: Մարաշլյանի խոսքերով, այդ տենդենցը վերջին երկու տարում թուլացել է, քանի որ տուժել է Ռուսաստանի տնտեսությունը, և 2018 թվականին ամենամեծ թվով հայրենադարձները եղան Ռուսաստանի հայերը:

«Առաջին անգամ սփյուռքի հարցում  Հայաստանն ունեցավ այս «wow» էֆեկտը, ասաց Մարաշլյանը, ով իրեն հին մոսկվացի է համարում: «Ռուսաստանի երիտասարդ հայերը սկսել են մտածել, որ այստեղ որոշ հնարավորություններ կան: Հատկապես միջին խավի շատ մասնագետներ սկսեցին մտածել հայրենադարձության մասին»:

Միքայելյանն էլ նշել է, որ 2013 թվականից Ռուսաստանում եկամուտների մակարդակի «բավական մեծ» անկում է գրանցվել և դա Հայաստան միգրացիայի հիմնական շարժիչ ուժն է:

Թեև արևմտյան երկրներից հայրենադարձությունը զգալիորեն չի ավելացել, այնուամենայնիվ, ըստ Մարաշլյանի, դարձյալ աճ կա:

Հարուստ երկրներից, ինչպիսին ԱՄՆ-ը և Կանադան է, հայերի Հայաստան տեղափոխվելն այլ հիմնավորում ունի: Նրանց համար տնտեսական հեռանկարները հաճախ հետին պլան են մղվում: «Ամերիկահայերի համար Երևան տեղափոխվելն ավելի շատ զգացմունքային որոշում է», – ասաց Մարաշլյանը: «Ավելի հարուստ երկրներից այստեղ տեղափոխվողների համար դա ռացիոնալ և զգացմունքային համադրություն է, իսկ տնտեսական գործոնն այնքան էլ ուժեղ չէ», ասել է նա:

Ամերիկացի հայրենադարձները հակված են ավելի շատ ուշադրություն դարձնել  օրինակ, աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռության վրա, մի բան, որը դժվար է գտնել Կալիֆոռնիայում, որտեղ կենտրոնացած է ԱՄՆ հայ բնակչությունը:

Գրավում է նաև փոքր լճում մեծ ձուկ լինելու հնարավորությունը: «Շատ ամերիկահայ հայրենադարձներ նշում են, որ դժվար է դրսևորվել Ամերիկայում», – ասաց Մարաշլյանը: «Այդպիսի մեծ երկրում քոնը ստեղծելու հավանականությունը քիչ է»:

Անցյալ տարի կառավարության փոփոխությունը բարձրացրել է Հայաստանի հեղինակությունը ամերիկահայերի շրջանում որպես մի վայրի, որտեղ նրանք կարող են պահպանել կապն արմատների ու մարդկանց հետ: «ԱՄՆ-ում հայկական համայնքները հաճախ կենտրոնացած են միայն մշակույթի, լեզվի և ցեղասպանության վրա», – ասում է Մարաշլյանը: «Հիմա մարդիկ սկսում են մտածել հայրենիքի հետ կապեր հաստատելու մասին»:

Իրականության ստուգում

Մինչ Հայաստանի բարեփոխված հեղինակությունը մեծ ոգևորություն է առաջացնում հայրենադարձների մեջ, տնտեսական իրականությունը դեռևս ճնշում է այդ քայլը կատարողների ցանկությունը: Անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է միջինը 6,2 տոկոսով, բայց միջին ամսական աշխատավարձը շարունակում է մնալ 179,000 դրամ (մոտ 375 դոլար):

Դա նշանակում է, որ առավել հաջողակ հայրենադարձները պետք է փող վաստակեն արտերկրում և ոչ թե ապավինեն հանրապետության աշխատատեղերին: Արտահաստիքային աշխատանքի մշակույթը հատկապես ՏՏ մասնագետների շրջանում, հայրենադարձությունն ավելի կենսունակ է դարձրել, ասաց Մարաշլյանը:

Կառավարությունն էլ է ձգտում զարկ տալ հայրենադարձությանը: Սփյուռքի նախարարությունը, որին տարիներ շարունակ քննադատում էին շոշափելի ձեռքբերումների բացակայության և անորոշ ռազմավարության պատճառով, հունիսին փոխարինվեց Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատարի գրասենյակի: Այն ղեկավարում է Կալիֆոռնիայի Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Հունիսի 14-ին Սինանյանին ներկայացնելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցանկանում է, որպեսզի նոր կառույցը «հիմնականում կենտրոնանա … հայրենիքի տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքում սփյուռքահայերի ներգրավվածությունն ընդլայնելու վրա»:

Փաշինյանը բազմիցս ասել է, որ ցանկանում է հակադարձել տասնամյակներ շարունակվող երկրի ուղեղների արտահոսքին և հավակնոտ նպատակներ է հետապնդում էթնիկ հայերին Հայաստան ներգրավելու համար: Այն բանից հետո, երբ նախնական վիճակագրական տվյալները ցույց տվեցին, որ անցած տարվա վեց ամսվա ընթացքում միգրանտների թիվը ավելի քան 13,000 է, Փաշինյանն ասաց. «Հուսով եմ, որ մեր կառավարության պաշտոնավարման ժամանակահատվածում այդ 13,000-ը կավելանա մինչև 130,000, 200,000, 1.300,000-ի»:

Ապացույցներ կան, որ հեղափոխության փայլը սկսում է մարել: Վերջերս անցկացված հարցումը ցույց տվեց, որ աջակցությունը Փաշինյանի կառավարությանը դեռևս ուժեղ է, բայց ընկնում է: Հարցվածների թիվը, որոնք ասում են, որ երկիրը «ճիշտ ուղղությամբ է շարժվում», 2018-ի հոկտեմբերի 72 տոկոսից  այս տարվա մայիսին հասել է 60 տոկոսի:

Կառավարությունը պետք է իրականացնի տնտեսական և քաղաքական բարեփոխումներ, մասնավորապես դատական համակարգում, որպեսզի պահպանի Հայաստանի գրավչությունը որպես հայրենադարձման վայր, ասաց Մարաշլյանը: «Հիմա ժամանակը շատ կարևոր է, մենք պետք է օգտագործենք այս պահը»:

Առայժմ մթնոլորտը նպաստում է, որ սփյուռքը հայրենիք վերադառնա: Արսլանյանը հեռանալու մտադրություն չունի. Ժամանելուց հետո նա ստեղծել է արվեստի կազմակերպություն և շարունակում է խորացնել արմատները երկրում: «Դուք կզգաք, որ այստեղ մեծ հույս կա», – ասաց նա: «Հայաստանն անսպասելի դառնում է հնարավորությունների երկիր»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment