Հայկական ներգաղթի ալետվության հետևանքները

Հայկական ներգաղթի ալետվության հետևանքները

1922 թվականին Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում  միլիոնավոր հայեր կոտորվեցին Թուրքիայի կառավարության կողմից իրականացված զանգվածային ոչնչացման արդյունքում: Չնայած Թուրքիան շարունակում է հերքել, որ Հայոց ցեղասպանության միջոցով բնաջնջեց հայ բնակչության ավելի քան կեսը: Փրկվածներից շատերը տեղահանվեցին՝ հայտնվելով շփոթության մեջ, թե որտեղից են սկիզբ առնում իրենց արմատները:

«Ես ուզում եմ, որ մտածեք ձեր ինքնության մասին: Ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն դրա հետևանքները սերունդները դեռ զգում են», – ասել է հայկական ծագումնաբանության անկախ հետազոտող Ջորջ Աղջայանը՝ պրոֆեսոր Քեն Մարտինի ֆոտոլրագրության դասընթացի ժամանակ:

Աղջայանը մասնակցել է Մարտինի ֆոտոլրագրության դասին, որպեսզի ավելի լավ բացատրի հայկական ներգաղթի ճգնաժամն ու մեկ դար անց դրա ազդեցությունը հայ գաղթականների ժառանգների վրա: Վոսթերի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո, Ա. Աղջայանը մինչև 2014 թ. աշխատել է ապահովագրության և կառուցվածքային ֆինանսավորման ոլորտում՝ կենտրոնանալով հայկական հետազոտությունների վրա:

Հայկական, ամերիկյան, օսմանյան և սիրիական աղբյուրների միջոցով նա կատարել է խորը հետազոտություն՝ օգնելով շատ ընտանիքների վերականգնել իրենց տոհմածառի պատկերը: Ուսումնասիրելով իր ընտանիքի պատմությունը և խորանալով հայկական ծագումնաբանության մեջ՝ Աղջայանը նաև շատ բացահայտումներ է արել իր ընտանիքի մասին:

Ճանապարհորդելով Թուրքիայում և տարբեր հայերի պատմությունները գրառելով՝ Աղջայանը կարողացել է կապ հաստատել շատ ու շատ հայ ընտանիքների հետ:

Ունենալով հայկական արմատներ՝ Մարտինն ու Աղջայանը նշել են, թե հատկապես հայերի համար որքան կարևոր է իմանալ իրենց ծագումնաբանությունը:

«Հայերի ցեղասպանության հետևանքով լիակատար խզում է առաջացել մեր ընտանիքներում», – ասել է Աղջայանը:

Ցեղասպանությունը բազմաթիվ ընտանիքներ բաժանեց և հանգեցրեց ինքնության կորստի:

Ցեղասպանությունից հետո ողջ մնացած շատ հայեր ստիպված էին իսլամ ընդունել և մահացած համարվել իրենց հարազատների համար: Փաստորեն, նրանք, ովքեր ստիպված էին հրաժարվել քրիստոնեական հավատքից և դառնալ մուսուլման, նրանք ևս Ցեղասպանության զոհ էին՝  ցեղասպանված 1,5 միլիոն հայերի մի մասնիկն էին:

«Հայ լինելն ու քրիստոնյա լինելը շատ փոխկապված է:Հայերի գոյատևման միակ պատճառն այն է, որ նրանք իսլամ չեն ընդունել: Միակ պատճառը, որ դարձյալ հայ են համարվում, քրիստոնյա մնալն է», – ասել է Աղջայանը:

Նրանք, ովքեր կարողացան փախչել առանց իսլամ ընդունելու, պահպանեցին հայ քրիստոնյայի ինքնությունը: Մի մասը ստիպված էր հրաժարվել իր ինքնությունից, շատերն էլ պարտադրված պայքարում էին հայերի դեմ:

«Որոշ ընտանիքներում երկու կողմում էլ մեղավորներ կան: Պատկերացրեք, թե հոգեբանորեն դա ինչպես կարող էր ազդել ձեր վրա», – ասում է Աղջայանը:

Ըստ Աղջայանի,  Հայաստանը ստեղծվել է շատ անկայուն աշխարհամասում: Գտնվելով Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի խաչմերուկում՝ դարեր շարունակ Հայաստանն անցել է աշխարհաքաղաքական բազմաթիվ տեղաշարժերի ու կռիվների միջով, որոնք հայերին ստիպել են հեռանալ հայրենիքից:

Հայերի առաջին խոշոր կոտորածը 1890-ական թվականին էր, թիրախը տղամարդիկ էին: Այդ ժամանակ շատերը լքեցին երկիրը և եկան Վոսթեր՝ ԱՄՆ-ում հիմնելով հայկական առաջին համայնքը: 1915-ին սկսված ցեղասպանությունից հետո տեղի ունեցավ հայերի հերթական խոշոր տեղաշարժը:

Աղջայանը հուզված պատմում էր, թե ինչպես է իր տատիկը տեսել սպանված հորը և նրա գլխատված մարմինը թողել գետի մյուս կողմում: Աղջայանը ասել է, որ տատի քույրերից երկուսին ուղարկել են անապատ և նրանց մասին այլևս չեն լսել, իսկ երրորդը սովամահ է եղել մահմեդական որբանոցում: Չնայած բոլոր դժբախտություններին, նրա տատիկը կենդանի է մնացել՝ վեց տարի ծառայելով մահմեդական ընտանիքում: Նրան փրկել է քույրերից մեկը, ում հաջողվել էր ողջ մնալ՝  ամուսնանալով մահմեդականի հետ: Միասին նրանց հաջողվել է խուսափել պատերազմի հետևանքներից և մինչև Վոսթերում վերջնական հաստատվելը, մեկնել են Կանադա:

«Մարդկանց մեծ մասը կարծում է, որ բոլոր տվյալները ոչնչացվել են և ոչինչ հնարավոր չէ գտնել, քանի որ եկեղեցիները այրվել են, մարդիկ՝ սպանվել, փաստաթղթերը՝ ոչնչացվել: Դա մասամբ է ճիշտ», – ասում է Աղջայանը:

Օսմանյան արխիվներում կատարած ուսումնասիրությունների ժամանակ Աղջայանը հանդիպել է հայկական, թուրքական և քրդական փաստաթղթերի:

Ճանապարհորդությունների ընթացքում նա բազմաթիվ հայերի է հանդիպել, որոնք փնտրել են իրենց հարազատներին: Շրջելով Թուրքիայի գյուղերով՝ Աղջայանը լուսանկարել է հայերին, ներկայացրել նրանց պատմությունները, տարիներ շարունակ կատարած ուսումնասիրությունների միջոցով օգնել ընտանիքների միջև կապերի հաստատմանը:

Աղջայանն ընդգծել է, որ թեև ցեղասպանությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ, շատ ավելի կարևոր է հասկանալ դրա թողած ազդեցությունը:

«Դա տառապանք տեսած մարդկանց փորձության մասին է և թե տարիներ անց դա ինչ նշանակություն ունի նրանց ժառանգների համար, ի նկատի ունենալով ոչ միայն այն ժամանակը, երբ այդ դեպքերը տեղի էին ունենում», – ասում է Աղջայանը:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment