Հայկական Լեգեոնի պատմությունը, որն ունի ատելությամբ ու վրեժխնդրությամբ լի մութ էջեր, վերջապես բացահայտվել է

Հայկական Լեգեոնի պատմությունը, որն ունի ատելությամբ ու վրեժխնդրությամբ լի մութ էջեր, վերջապես բացահայտվել է

Հոդվածի առանցքում

  • Պատերազմի մեջ գտնվող երկիրը տալիս է վտանգավոր խոստումներ: Հետո գալիս է դավաճանությանը շրջանը:

Ուշադրությանն արժանի

Խոստումերի շրջան

Պատերազմի մեջ գտնվող երկիրը տալիս է վտանգավոր խոստումներ: Առաջին համաշխարհային պատերազմը խոստումների և կեղծիքների ժամանակ էր: Առաջինը եղան խոստումները. 1916 թ-ին բրիտանացիները խոստացան արաբներին, որ կարող են ձեռք բերել անկախություն: 1917 թ-ին հրեաներին ասացին, որ կարող են հայրենիք ունենալ, իսկ ֆրանսիացիները 1915 թ. Ցեղասպանության զոհ դարձած հայերին խոստացան, որ կարող են վերադառնալ և Արևելյան Թուրքիայում իրենց հայրենիքն ազատագրել:

Դավաճանության շրջան

Այնուհետև եկավ դավաճանության ժամանակը: Գերտերությունները նախընտրում էին ստեղծել լեգեոններ՝ հռոմեական բազմազանության օրինակով: Դրանք բաղկացած էին օտարերկրացիներից: Այսպիսով, բրիտանացիները ստեղծեցին արաբական լեգեոն՝ Օսմանյան թուրքերի դեմ անկախության պատերազմ վարելու համար, և հրեական լեգեոն՝ Պաղեստինում Օսմանյան թուրքերի դեմ պայքարելու համար: Ֆրանսիան էլ ստեղծեց հայկական լեգեոն ` Օսմանյան թուրքերի դեմ Կիլիկիայում պայքարելու համար:

Արաբները կորցրեցին Պաղեստինը, Սիրիան և Լիբանանը: Հրեաները չստացան ամբողջ Պաղեստինը: Իսկ հայկական լեգիոնի զինվորները օգնեցին փրկել Պաղեստինը, սակայն մնացին լքված՝ իրենց սեփական այրված քաղաքների մոխրի մեջ:

Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների շարքում հայերի ճակատագիրն ամենաողբերգալին էր, քանի որ նրանք չվերականգնեցին իրենց հայրենիքը: Պատմությունը չի սիրում պարտվողներին: Իսկ երկու անգամ պարտվողին՝ առավել ևս: Այսպիսով, Հայկական լեգիոնի պատմությունը մինչ օրս հիմնականում չէր վերծանվել և մատնվել էր մոռացության:

Սյուզան Փոլ Փաթի. «Հայկական լեգեոներները. Առաջին աշխարհամարտի զոհաբերություններն ու պատերազմները»

«Հայկական լեգեոներները. Առաջին աշխարհամարտի զոհաբերություններն ու պատերազմները» Սյուզան Փոլ Փաթիի հուզիչ գործը ներկայացնում է այս լեգեոնի զինվորների վերապրած ցավն ու տառապանքները՝ լի ողբերգությամբ: Գիրքը պատմում է, թե ինչպես հայկական զորամիավորումները հուսահատորեն փնտրել են Կոստանդնուպոլսից հայ փախստական կանանց գնացքը, իսկ երբ գտել են, պարզվել է՝ արդեն ուշ է. նրանցից շատերին առևանգել ու բռնաբարել են այն օսմանները, որոնք սրի էին քաշել իրենց ընտանիքները: Երիտասարդ կանացից շատերը գերադասել են մնալ իրենց նոր, թուրք ամուսինների հետ, քանի որ հրաժարվել նրանցից ՝ նշանակում էր հավիտյան բաժանվել նաև իրենց կիսով չափ թուրք երեխաներից:

Թուրքական ընտանիքի հետ գնացքով ճանապարհորդող մի հայուհի՝ ոսկեզօծ զարդերով, սկզբում հրաժարվել էր հայկական լեգիոնի զինվորների օգնությունից: Սակայն հաջորդ կայարանում դուրս էր եկել գնացքից ու միացել հայկական լեգիոնին: Հետագայում նա «ամուսնացել էր իրեն փրկած լեգեոների հետ»: Սարգիս Նաջարյանը «տեսել էր մի հարուստ թուրք ընտանիքի, որը ճանապարհորդում էր Ադանա-Մերիսի գնացքով: Այդ ընտանիքում նա նկատել էր մի գեղեցիկ աղջնակի, ով ըստ նրա, պետք է հայ լիներ»: Նա կարողացել է աղջկան «պոկել» այդ ընտանիքից և ուղարկել մանկատուն: Այդ տարիներին հայ կանանց բռնի կրոնափոխությունն ու ամուսնությունը հաճախակի հանդիպող երևույթ էր, որի մասին, սակայն, հազվադեպ էր խոսվում:

Երբ Նաջարյանը գտել է իր քրոջը՝ Եղիսաբեթին, նա արդեն նշանված էր և հրաժարվել է լքել ապագա ամուսնուն՝ վախենալով իր կյանքի համար: Եղիսաբեթն անգամ գումար է առաջարկել Նաջարյանին՝ հեռանալու դիմաց: Հետագայում, երբ եղբայրը կրկին հանդիպել է քրոջը, «նա արդեն ամուսնացած էր հարուստ արաբ բեդուինի հետ, դաջվածք ուներ և երջանիկ էր»: Պահպանվել է երիտասարդ և գեղեցիկ Եղիսաբեթի լուսանկարը: «Ես ունեմ հայկական արյուն», – ասել է նա եղբորը, – «բայց ինձ մեծացրել են որպես մահմեդական: Երբ լսում եմ աղոթքի գնալու կոչը, պետք է աղոթեմ: Եվ սա անելու եմ մինչև կյանքիս վերջ»:

Հայկական լեգեոնի անդամներից շատերը Եգիպտոսում էին հայտնվել ֆրանսիացիների շնորհիվ, նրանք 1915 թ.-ին՝ Մուսա լեռան հայտնի 40-օրյա պաշտպանությունից հետո, ֆրանսիական նավերով այդտեղ էին տեղափոխվել իրենց ընտանիքների հետ: Մյուսները եկել էին Եվրոպայից, նույնիսկ՝ Ամերիկայից: Տղամարդիկ, ովքեր խոսում էին  հայերեն, ֆրանսերեն, ամերիկյան անգլերեն, եկել ու միացել էին այն պայքարին, որը պիտի օգներ վերադարձնել իրենց այն հայրենիքը, որը թուրքերի կողմից ենթարկվել էր ցեղասպանության և որը այդ ցեղասպանության արդյունքում կորցրել մեկ ու կես միլիոն հայերի:

1918 թ. հուլիսի դրությամբ ֆրանսիացիները հավաքագրել են 58 հայ սպաների, 4360 զինվորների, ներառյալ` 288 ֆրանսահայերի, և հրետանային երկու գումարտակ: Հայկական լեգեոներներին համախմբվելու էր մղել վրեժխնդրության ցասումը, չնայած աշխատության հեղինակ, հայոց պատմության մասնագետ Սյուզան Փաթին միակողմանի համակրում է այս հերոսներին:

1918-ին կռվելով Պաղեստինի Մեջիդդոյի ճակատամարտում, որը կոչվում է նաև Արմագեդոն (հայերը այն կոչել են Արարա)` հայ լեգեոներներն արժանացան գեներալ Էդմունդ Ալենբի գովասանքին: Հովհաննես Կարապետյանը հիշում է, թե ինչպես ինքն ու իր հայ զինակիցները հասան մինչև թուրքական դիրքեր: «Նրանք, ովքեր դեռ մահացած չէին, կերազեին մահացած լինեին », – ասում է նա: «Ցեղասպանության հիշողությունները դեռևս այնքան թարմ էին… որ մեր սրտերում կար միայն վրեժխնդրություն: Չեղավ որևէ կարեկցանք վիրավոր թուրքերի նկատմամբ: Նրանք բոլորն էլ սպանվեցին»:

Հայ զինվորականները ֆրանսիական և բրիտանական զորքերի հետ առաջ էին շարժվում դեպի Կիլիկյան հայկական տարածքներ ու լեռներ, որտեղից ընդամենը երեք տարի առաջ  թուրքական ցեղասպանները բռնի հեռացրել էին նրանց:

Հիասթափության շրջան

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դաշնակիցների դեմ ազգայնական պայքարից հետո, ֆրանսիացիները հայկական լեգեոնը սկսեցին դիտարկել ավելի շուտ խնդրահարույց, քան վստահելի ուժ: Մարաշում ապրող հայ ընտանիքները, որոնք հույս ունեին, որ կվերահաստատվեն Մարաշի իրենց կավե տներում, նորից կանգնեցին հայրենիքը լքելու, հազարավոր զոհեր տալու վտանգի առջև և միանալով նահանջող ֆրանսիական զորքերին, հինգ տարի հետո կրկին ստիպված եղան հեռանալ հայրենիքից՝ ճանապարհին տալով նորանոր զոհեր:

Հովհաննես Կարապետյանը գրել է, թե ինչպես է նա հիվանդանոցում ուրախությամբ լսել դաշնակիցների կողմից «Անկախ Հայաստանի Հանրապետության» ճանաչման մասին լուրը, իսկ երեք օր հետո իմացել, որ թուրքերը կրկին կոտորել և տեղահանել են Մարաշի հայությանը: «Ուրախության և երջանիկ օրերը միանգամից փոխարինվեցին երկար տարիների ցավով և ողբով»: Հաղթանակած արևմտյան տերություններին այլևս պետք չէր գաղութային պատերազմը Կիլիկիայում: Բրիտանացիներին միաժամանակ սպառնում էր արաբական ապստամբությունը Իրաքում, իսկ ֆրանսիացի սպաները գրեթե լքել էին հայ լեգեոներներին, որոնք պաշտոնապես ֆրանսիական բանակի կազմում էին: 40 տարի անց Ալժիրում ֆրանսիացիները նույն կերպ վարվեցին իրենց հավատարիմ «Հարքիսների» հետ:

Հայերը՝ իրենց հպարտությամբ ու վրեժխնդրությամբ, թերևս, չէին կարող ակնկալել, որ երբևէ իրենց ճանապարհը դեպի Գողգոթա  կվերադառնա: Նրանք չէին գիտակցում այն անմխիթար ապագան, որն սպասում էր իրենց, երբ 1919 թ. Վերսալյան խաղաղության համաժողովին նրանց մասնակցությունը մերժվեց: Առաջին Համաշխարհային պատերազմում որպես հաղթանակած կողմ՝ ընդդեմ գերմանա-ավստրո-հունգարա-օսմանյան դաշինքի, արդյոք նրանց էլ պարտավոր չէին ընդգրկել: Ենթարկվելով հրոսակախմբերի, թուրքական զինվորների հարձակումներին՝ քաղցած ու ծարավ, «ազատագրման» բանակի նահանջող զինվորների մոտ մեկ հարց էր ծագում: Ինչպես պատահեց, որ ցեղասպանության ժամանակ որոշ հայ ընտանիքներ մնացել էին իրենց գյուղերում: Ի՞նչ գործարք էին կնքել նրանք թուրք բռնարարների հետ: Ինչու՞ հայ փախստական աղջիկները հայտնաբերվել էին բեդվինների հետ և ունեին դեմքին դաճվածքներ, որոնք հետագայում հեռացվեցին իրենց փրկիչների կողմից:

Հետագայում արևելյան հատվածում ստեղծված Հայաստանի հանրապետությունը, որը շատ արագ ճնշվեց խորհրդային կարգերի կողմից, և որի հիմքի վրա այսօր, նույն տարածքում գոյություն ունի մի  քաջ, բայց կոռումպացված Հայաստան, ժամանակին այդքան էլ հետաքրքրված չէր իր հայազգի լեգիոնի անդամների ճակատագրով: Իսկ Լեգիոնի ողջ մնացած անդամները վերադարձան Լիբանան՝ այդտեղ ապաստան գտած փախստական ​​հայերի մոտ, կամ Ֆրանսիա ու Ամերիկա, որտեղ նրանք ապրում էին, երբեմն հավաքույթների ժամանակ հանդիպում էին, ծածանում հին դրոշներն ու հիշում մեծ տերությունների տված կեղծ խոստումները, ապաստանած երկրներում ստեղծում իրենց փոքր Հայաստանները: Լեյտենանտ Ջոն Շիշմանյանը գեներալ Ալենբեից նույնիսկ ստացավ հետպատերազմյան անձնական նամակ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ես ցավում եմ, որ հայերի ունեցած ներդրումը բավարար չափով ճանաչում չստացավ: Ես գիտեմ, որ նրանք կռվել են արիաբար: Ես հպարտ եմ, որ նրանց հրամանատարն եմ եղել»:

Այս նամակը գրել է նա, ով այդ պահին Եգիպտոսի բարձրագույն հանձնակատարն էր ու նամակը ուղարկել էր Քահիրեից՝ 1919 թ.-ի Սուրբ ծննդյան տոնից անմիջապես հետո:

Արարայի ճակատամարտում( կամ Մեջիդոյի, կամ Արմագեդոնի) հայերը տվեցին 23 զոհ. նրանք ընկան անապատի ռազմի դաշտում: Հետագայում նրանց մասունքները տեղափոխվեցին Երուսաղեմի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment