Հայաստանում քարոզարշավը սկսվել է. Փաշինյանին մեղադրում են այն ավելի շուտ սկսելու մեջ

Հայաստանում քարոզարշավը սկսվել է. Փաշինյանին մեղադրում են այն ավելի շուտ սկսելու մեջ

Հոդվածի առանցքում

  • Նոյեմբերի 26-ին պաշտոնապես սկսված քարոզարշավին միացած կուսակցությունների մեծ մասը հույս ունի անցնել խորհրդարան, թեև «Գելափ»-ի հարցումները այլ բան են ցույց տալիս։

Ուշադրությանն արժանի

Հայաստանում առանցքային խորհրդականական ընտրությունների քարոզարշավը սկսվեց նոյեմբերի 26-ին, բայց դրանից երկու օր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավը առիթ դարձավ, որ մեղադրանքներ հնչեն, թե նա քարոզարշավն ավելի շուտ է սկսում:

Փաշինյանի խոսքով՝ նոյեմբերի 24-ի քայլարշավը նախաձեռնվել էր եզրափակելու Թավշյա հեղափոխության առաջին փուլը: Փաշինյանն ու իր աջակիցները քայլեցին 37 կմ Երևանի տարածքում, ինչպես ապրիլին էին քայլել ու այնպիսի ուժ հավաքել, որ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը ստիպված էր հետ քայլ անել և նրան փոխարինեց Փաշինյանը:

Բայց որոշ դիտորդների կարծիքով՝ այս քայլարշավն ավելի նման էր նախընտրականի, ինչը, ըստ ԿԸՀի, մինչև նոյեմբերի 26-ն արգելված էր: Ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 9-ին։ Սպասվում է, որ հաղթանակ կտոնի Փաշինյանի «Իմ Քայլը» դաշինքը, որը գլխավորում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Սովորաբար քայլարշավները կազմակերպվում են կառավարությանը դժգոհություն հայտնելու նպատակով, բայց եթե կառավարությունն է քայլարշավ կազմակերպում, դա միայն կարող է նշանակել նախընտրական միջոցառում», – «Հետք»-ին տված հարցազրույցում ասում է փաստաբան և ակտիվիստ Արա Ղազարյանը:

Քայլարշավից մեկ շաբաթ առաջ Փաշինյանը մի քանի այցեր էր կատարել մարզեր: Դա ակնհայտորեն որպես վարչապետ նրա պարտականությունն էր, բայց որոշ խմբեր հայտարարեցին, որ այդ այցերը ևս պարունակում են նախընտրական էլեմենտ: Պնդում են, որ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործվել է քաղաքական նպատակներով: Այս մեղադրանքը պարբերաբար հնչում էր նախորդ իշխող կուսակցության` ՀՀԿի հասցեին:

Փաշինյանը պատասխանեց  մեղադրանքներին` ասելով, որ դրանց նապատակը իրեն իր աշխատասենյակում փակելն է, բայց Transparency International-ի հայաստանյան գրասենյակի հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է, որ Փաշինյանն օգտագործում է երկակի ստանդարտներ:

«Եթե քաղաքացիական պայմանագիրն ընդդիմություն լիներ և Transparency International-ը խոսեր այս մասին, նրանք կպաշտպանեին մեզ և կասեին, որ աշխատանքային ժամերին չպետք է քարոզարշավ իրականացվի», – 168.am-ին ասել է Հոկտանյանը:

Քարոզարշավը վաղ սկսելու համար Փաշինյանին քննադատեցին նաև նրա քաղաքական հակառակորդները: «Օրենքի նման պարբերական խախտումները և քայլարշավը եղան, երբ քարոզարշավը դեռ չէր սկսվել : Նա ցանկանում է, որ ընտրությունները դառնան դեմագոգիկ, քանի որ այդ դեպքում քաղաքական բանավեճ չի լինի: Կլինի միայն մեկ կարծիք և բազմությանը հաճելի հռետորաբանություն», – news.am-ին ասել է քաղաքական վերլուծաբան և ՀՀԿի կազմում այժմ ընտրություններին մասնակցող Դավիթ Շահնազարյանը:

Փաշինյանն քննադատեցին նաև երթի սակավաթիվ մասնակցների համար։  Փորձագետ և բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց լուսանկար, որտեղ երևում էր՝ Փաշինյանի հետ երթին մասնակցում է միայն մի քանի հարյուր մարդ: «Եթե չհաշվենք լրագրողներին, անվտանգության ուժերին և ոստիկաններին, շատ տխուր պատկեր կստացվի», – գրել էր նա:

Փաշինյանը հակադարձեց, թե տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել երթին, բայց դա հնչեց փոքրինչ պաշտպանողական նոտայով. «Նրանց, ովքեր խոսում են այսօրվա երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ»:

Նա պատասխանեց նաև ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելու մեղադրանքներին` խոստանալով, որ 2 շաբաթով արձակուրդ կվերցնի քարոզարշավին լիարժեք մասնակցելու նպատակով:

Նոյեմբերի 26-ին պաշտոնապես սկսված քարոզարշավին միացած կուսակցությունների մեծ մասը հույս ունի անցնել խորհրդարան: Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիսի ժամանակ հակադարձեց Փաշինյանի հայտարարությանը, թե իր կուսակցությունը կստանա  0 քվե. «Ակնհայտորեն մենք 0 քվե չենք ստանա: Մենք հազարավոր ձայներ կստանանք, տասնյակ հազարավոր ձայներ»:

Աշոտյանը նաև հեգնեց արձակուրդ գնալու Փաշինյանի որոշումը. «Ինչո՞ւ է թողել երկրի հոգսերը, ո՞ւր է վարչապետի պետական մտածելակերպի հատկանիշները, ինչո՞ւ ես թողել գնացել, առանց այդ էլ լավ չէիր աշխատում, հարգելի վարչապետ: Դասական չէ, երբ վեց ամիս առանց երևելի ցուցանիշների աշխատած կառավարության վարչապետը քարոզարշավի խաթր երկու շաբաթով երկիրը թողնում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի հույսին»:  

«Սասնա ծռերը»` զինված ծայրահեղական խումբը, որ հիմա կուսակցություն է ստեղծել, իր քարոզարշավը սկսեց խորհրդարանի շենքի առջև բացօթյա ասուլիսով: Կուսակցությունը գլխավորող Վարուժան Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ կուսակցությունը կանցնի խորհրդարան, բայց հավելեց, որ նորընտիր խորհրդարանը կարճ կյանք կունենա և առաջիկա երկու տարում նոր ընտրություններ կլինեն:

«Բարգավաճ Հայաստանը» նույնպես մամուլի ասուլիս հրավիրեց, որի ժամանակ կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանը անուղղակի բարձրացրեց ԼԳԲՏ համայնքի իրավունքներին վերաբերող հարցը, որը Փաշինյանի որոշ ընդդիմախոսներ փորձում են օգտագործել ներկա իշխանությունների դեմ: Խորհրդարանում այս կուսակցության ներկայությունը, Պետրոսյանի խոսքով, կկարգավորի հայկական ընտանիքի հարցը, որը, նրա կարծիքով, վտանգված է:

«Լուսավոր Հայաստանը», որն ընտրություններին մասնակցում է իր կոալիցիոն գործընկեր «Քաղաքացիական պայմանագրից» առանձին, նույնպես երթ կազմակերպեց Երևանում: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք կլինեն խորհրդարանում երկրորդ ուժը. «Հեղափոխությունը որոշեց, թե որն է առաջին ուժը: Դեկտեմբերի 9-ին ժողովուրդը կընտրի ընդդիմություն»:

Միաժամանակ նոյեմբերի 26-ին հրապարակված «Գելափ»-ի հարցումները «Իմ Քայլ»-ից բացի մյուս ուժերի համար մտահոգիչ տվյալներով էր: Ըստ այդ տվյալների, ընտրողների ավելի քան 68 տոկոսն ասել է, որ կքվեարկի Փաշինյանի թիմի օգտին, 7 տոկոսը կաջակցի «Բարգավաճ Հայաստան»-ին: Մյուս կուսակցություններից ոչ մեկը 2 տոկոսից ավելի քվե չի ստանա, թեև հարցմանը մասնակցածների 13 տոկոս հրաժարվել է պատասխանել և 7 տոկոսը չէր կողմնորոշվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment