Հայաստանում ոստիկանության բռնությունների հարցով հետաձգված արդարադատություն  

Հայաստանում ոստիկանության բռնությունների հարցով հետաձգված արդարադատություն  

Հստակ ապացույցներ կան, որ ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել Հայաստանում 2016թ.-ի հուլիսին անցկացված ցույցերի խաղաղ մասնակիցների մեծ մասին, հարձակվել են դեպքերը լուսաբանող լրագրողների վրա: Սակայն երկու տարի անց ոչ միայն որևէ պաշտոնական անձ չի ենթարկվել քրեական պատասխանատվության, այլև դադարեցվել է միջադեպի հետաքննությունը:

Սեպտեմբերի վերջին իշխանությունները դադարեցրին ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունների վերաբերյալ քրեական հետաքննությունը՝ ընդգծելով պատասխանատու պաշտոնյաների հայտնաբերման անկարողությունը: Սա նշանակում է արդարադատության հետաձգում, հավանաբար, անորոշ ժամանակով:

Human Rights Watch-ը փաստաթղթերով ապացուցել է, որ դաժան պատասխան է տրվել բողոքի ցույցերի մասնակիցներին: Ցույցերը բռնկվել էին 2016 թ. հուլիսի 17-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում, երբ  Հիմնադիր խորհրդարանի արմատական ընդդիմադիր խմբի զինված մարդիկ ուժով գրավեցին ոստիկանության բաժանմունքը:

Հուլիսի 29-ին ոստիկանները խլացնող նռնակներ են կիրառել զավթած ոստիկանատան մոտ հավաքված բազմության նկատմամբ, ինչի արդյունքում որոշ ցուցարարներ և լրագրողներ այրվածքներ ու վնասվածքներ են ստացել: Ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները նաև փայտե մականներով ու երկաթե ձողերով ծեծել են լրագրողներին և ցուցարարներին, վնասել են լրագրողների սարքավորումները կամ առգրավել դրանք: Ոստիկանությունը ձերբակալել է բազմաթիվ ցուցարարների, այդ թվում բողոքի ցույցի առաջնորդներից Անդրեաս Ղուկասյանին՝ ծեծելով նրան:

Իրավապահ մարմինների իրավասությունների չարաշահումների համար պատասխանատվության բացակայությունը Հայաստանում մշտական խնդիր է եղել, և այս մեկն էլ բացառություն չէ: 2016 թ.-ի օգոստոսին իշխանությունները պաշտոնանկ արեցին Երևանի ոստիկանապետին՝«ցուցարարների և լրագրողների վրա բռնի հարձակումները չկանխելու համար», կասեցվեց ևս  17 պաշտոնյայի գործունեությունը կամ նկատողություն տրվեց: Սակայն երկամյա հետազոտությունը միակողմանի էր, ինչի արդյունքում առնվազն 21 քաղաքացի է դատապարտվել: Միայն հուլիսին իշխանությունները մի ոստիկանի մեղադրեցին պաշտոնական դիրքը չարաշահելու համար և գործն ուղարկեցին դատարան, որը դեռ չի ընդունվել:

Պատահական զուգադիպությամբ, իշխանությունների կողմից հետաքննությունը դադարեցնելուց մի քանի օր անց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ վճիռ կայացրեց, որը վերաբերում էր 2008 թվականին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ անցկացված բողոքի ցույցերի գործին: Դատարանը հաստատեց, որ իշխանությունները ոստիկանության բռնությունների մասին մեղադրանքները չեն ուսումնասիրել, փոխարենը հետապնդել են միայն ցուցարարներին: Սա պետք է ազդանշան լինի իշխանություններին, որ խաղաղ ցուցարարների դեմ իրավապահների բռնությունների այլ դեպքերն էլ կարող են հետագայում ենթարկվել հետաքննության:

Այս գարնանը Հայաստանում փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ, ինչն ազդարարեց նոր կառավարության սկիզբը: Նրանց բազմաթիվ բողոքներից մեկն էլ վերաբերում էր  արդարադատության համակարգի նկատմամբ հասարակական անվստահությանը: Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է առաջնահերթ ուշադրության արժանացնի իրավապահ մարմինների կողմից թույլ տրված անցյալի չարաշահումներին` որպես վստահության վերականգնման կարևոր բաղադրիչ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment