Հայաստանում բացվել է առաջին մեծամասշտաբ կրիպտո մայնինգ ֆերման
Հոդվածի առանցքում
- Եվրասիական փոքրիկ երկրում՝ Հայաստանում բացվել է աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթ արտադրող ֆերմաներից մեկը՝ հայկական Մուլտի Գրուպ կոնցեռնի և շվեդական կրիպտո մայնինգի առաջատար Օմնիա Թեք ընկերության համատեղ ջանքերով:
Ուշադրությանն արժանի
50 մլն դոլար՝ մայնինգ ֆերմայի համար, որպեսզի արտադրեն բիթքոյին
Ըստ տեղական «Երկրամաս» կայքի՝ նորաբաց հաստատությունը երկրի առաջին մասշտաբային կրիպտո մայնինգ ֆերման է, որտեղ տեղադրված է բիթքոյին արտադրող 3 հազար մեքենա: Նախատեսվում է ևս 9 հազարն ավելացնել: 50 ՄՎտ հզորությամբ ֆերմային էլեկտրաէներգիա կմատակարարի Հրազդանի ՋԷԿ-ը: Նախատեսվում է հզորությունը հասցնել 200 ՄՎտ-ի: Ֆերման տեղակայված է երկհարկանի կառույցում, որի առաջին հարկը կօգտագործվի ադմինիստրատիվ նպատակով, երկրորդ հարկում կլինեն մայնինգ սարքավորումները:
Ամբողջ պրոյեկտը կարժենա 50 միլիոն դոլար: Նոր մեգա մայնինգ հաստատությունը նպատակ ունի Հայաստանը տեղակայել կրիպտո մայնինգ քարտեզին: Նախագծի մասին առաջին անգամ ապրիլին Օմնիա Թեքից հայտարարեց Ռոբերտ Վելգեն: Նա բացահայտեց, որ ընկերությունը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետ ստեղծում է աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթ արտադրող ֆերմաներից մեկը: Որպես տեղական գործընկեր «Մուլտի Գրուպ»-ը պետք է ապահովեր ենթակառուցվածքային հարմարություններ և տեխնիկական աջակցություն:
Վելգե. «Մենք նպատակ ունենք այստեղ ստեղծել բլոքչեյն հիմքով մի կենտրոն՝ զարգացնելու ՏՏ նոր նախագիծ, որը Հայաստանը կդարձնի հայ-թեք հարթակ»:
Կրիպտոարժույթը կարևոր է Հայաստանի համար
Կրիպտոարժույթ արտադրելու կարևորության ապացույցը ֆերմայի բացման արարողությունն էր, որը տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին նաև բիզնեսմեններ ԱՄԷ-ից, Չինաստանից և Հարավային Կորեայից:
Գագիկ Ծառուկյան. «Երկու օրվա ընթացքում Հայաստան կժամանեն հյուրեր մոտ 40 երկրներից: Սա կարևոր քայլ է՝ զարգացնելու ՏՏ սեկտորը, հատկապես որ արտասահմանյան բիզնես շրջանակների ներկայացուցիչները նախատեսում են հանդիպումներ կառավարության անդամների հետ՝ հասկանալու Հայաստանի տնտեսության մեջ նոր ու ավելի հավակնոտ ներդրումներ անելու և համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությունը միջոցառմանը հստակ նշան է, որ Հայաստանը կրիպտո պարարտ հող է, քանի որ կառավարությունը մտադիր է ներգրավել կրիպտո բիզնեսն ամբողջ աշխարհից:
Տարածաշրջանը դառնում է կարևոր
Եվրասիական երկրները դանդաղորեն շարժվում են դեպի կրիպտոարժույթի արտադրություն՝ հզոր ֆերմաներ ստեղծելու բնական ռեսուրսների առատության շնորհիվ: Հարևան Վրաստանը տարածաշրջանում դարձել է կրիպտո մայնինգի ոլորտում ամենամեծ խաղացողներից մեկը: Բիթմեյնն ու Բիթքանը վերջերս Թբիլիսիում անցկացրին World Digital Mining Summit-ը: Մինչդեռ, Հայաստանն էլ հետ չի մնում և, ըստ վերջին հաղորդումների, Հայկական բլոքչեյն ֆորումը նախատեսում է ազատ տնտեսական գոտու ձևավորում՝ զարգացնելու համաշխարհային բլոքչեյն և արհեստական ինտելեկտի նախագծեր:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: