Հայաստանն Իսրայելում դեսպանատուն կբացի 2020-ի սկզբին

Հայաստանն Իսրայելում դեսպանատուն կբացի 2020-ի սկզբին

Հոդվածի առանցքում

  • Հայաստանը կլինի Իսրայելում դեսպանատուն բացած 90-րդ երկիրը, ինչը «վկայում է աշխարհում Իսրայելի դիրքի ամրության անընդհատ աճի մասին»: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նիզար Ամերը հայտարարել է, որ այս քայլը արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների զգալի բարելավումը, որը տեղի է ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանը հայտարարել է, որ մտադիր է դեսպանատուն բացել Թել Ավիվում: Սա քայլ է, որով ակնկալվում է երկու երկրների միջև երբեմնի սառը կապերը այլ մակարդակի հասցնել:

«Իսրայելը կարևոր դերակատար է Մերձավոր Արևելքում: Դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարածաշրջանում Հայաստանի շահերի պաշտպանությանը», – կառավարության նիստում ասել է  արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ըստ կառավարության որոշման, այս քայլը կուժեղացնի նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայությունն Իսրայելում: Նախատեսվում է, որ նոր դեսպանատունը կբացվի հաջորդ տարվա սկզբին:

Մնացականյանն ասել է, որ Հայաստանը ողջունելու է Իսրայելի կողմից փոխադարձ քայլը, և որ «դա երկխոսության օրակարգում է»: Իսրայելը, սակայն, ոչ մի նշան ցույց չտվեց, որ այն քննարկում է Երևանում դեսպանություն բացելու հնարավորությունը:

Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը բարձր գնահատեց Հայաստանի որոշումը՝ ասելով, որ այն «նշանակալի քայլ է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»:

Հայաստանը կլինի Իսրայելում դեսպանատուն բացած 90-րդ երկիրը, ինչը «վկայում է աշխարհում Իսրայելի դիրքի ամրության անընդհատ աճի մասին»:

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նիզար Ամերը հայտարարել է, որ այս քայլը արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների զգալի բարելավումը, որը տեղի է ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում:

«Դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների նոր և կարևոր փուլ է, և մենք վստահ ենք, որ սա էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամությունը և կխթանի երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում», – ասել է Ամերը:

Երկու երկրները պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ին, բայց հարաբերություններն ակտվ չէին մասամբ Ադրբեջանի հետ Իսրայելի և Իրանի հետ Հայաստանի սերտ կապերի պատճառով:

Իրավիճակը սկսեց փոխվել 2017-ի հուլիսին, երբ այն ժամանակվա տարածաշրջանային համագործակցության նախարար Հանեգբին այցելեց Հայաստան: Սա Իսրայելի նախարարի կողմից ամենաբարձր մակարդակի այցն էր 2012 թվականից ի վեր:

Այդ այցից չորս ամիս անց, այն ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Երուսաղեմ և հանդիպեց վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, և երկուստեք կարևորվեց  բարձր տեխնոլոգիաների, կիբեր և գյուղատնտեսության ոլորտներում հարաբերությունների ամրապնդումը:

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը մարտին եկավ Իսրայել՝ երկու երկրների միջև քաղաքական երկխոսություն վարելու համար: The Jerusalem Post-ին տված հարցազրույցում նա խոսեց դեսպանություն բացելու մասին՝ ասելով, որ դա անելը երկու երկրների միջև կապերը կտանի «հաջորդ մակարդակ»:

 

Նա նշել էր, որ Հայաստանը կցանկանար տեսնել, որ Իսրայելը ևս դեսպանություն է բացում Երևանում, բայց դա Հայաստանի համար նախապայման չէ: Նա նաև բացատրեց, թե ինչու Երևանը չի քննարկում դեսպանատունը Երուսաղեմում բացելու տարբերակը:

«Հայաստանի նման փոքր երկրի համար շատ դժվար է հեռանալ ավանդական դիրքերից՝ առանց լուրջ արձագանքներ հրահրելու: Առայժմ որևէ փոփոխություն չկա հայկական մոտեցման մեջ, թե որտեղ պետք է լինի դեսպանությունը, բայց ես չէի կենտրոնանա դրա վրա: Կարևորը փոխհարաբերություններն ամրապնդելն է», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment