Հայաստանի hեղափոխությունը մեծագույն փորձությունն է անցնում

Հայաստանի hեղափոխությունը մեծագույն փորձությունն է անցնում

Հոդվածի առանցքում

  • Անհասկանալի էր, թե ԲՀԿ-ն ինչու Փաշինյանից երես թեքեց հենց հոկտեմբերի 2-ին: Ինչևէ, Փաշինյանը հիմա կրկին պետք է հույսը դնի ժողովրդի վրա:

Ուշադրությանն արժանի

Հոկտեմբերի 2-ին հայերը ողողեցին Երևանի փողոցները՝ հետևելով Նիկոլ Փաշինյանի կոչին, ըստ որի՝ Թավշյան հեղափոխությանը սպառնում են հակահեղափոխականները: Մեկ օր անց դրությունը փակուղի մտավ:

Ի ՞ նչ կատարվեց

Գարնանը, երբ Փաշինյանը ղեկավարում էր նախկին վարչակազմի դեմ փողոցային ցույցերը, նա 4 պահանջ էր ներկայացնում. Սերժ Սարգսյանի հրաժարական, նոր վարչապետի ընտրություն, նոր ընտրական օրենսգիրք, նոր ընտրություններ:

Առաջին երկուսն արագ իրականացան՝ Փաշինյանն ընտրվեց վարչապետի պաշտոնում: Երրորդն ընթացքի մեջ է, ընտրական որոշ բարեփոխումներ իրականացվել են, մի քանիսն էլ մշակվում են: Բայց վերջնական քայլը՝ խորհրդարանական նոր ընտրությունները, ինչպես Փաշինյանն է ասում, պետք է ամրապնդի հեղափոխությունը:

Մինչև վերջերս Փաշինյանն ու իր թիմը նոր ընտրությունների համար հստակ ժամկետ չէին նշում. քննարկվում էր այս աշնանից մինչև գարունն ընկած ժամանակահատվածը: Ելնում էին երկու հիմնական, բայց՝ հակասական նկատառումներից:

Մի կողմից նա ցանկանում էր ընտրություններն անցկացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ խորհրդարանական 105 ձայներից միայն 9-ն էր իր թիմինը, նա աշխատում էր նախկին ռեժիմի կոալիցիոն թույլ դաշնակիցների՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՀՅԴ–ի հետ:

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանին ժամանակ էր պետք: Նրա կուսակցությունը փոքր է, նախորդ խորհրդարանական ընտրություններին էլ ընդամենը ձայների 7 տոկոսը ստացավ: Չնայած Փաշինյանը լայն ժողովրդականություն է վայելում, ընտրություններն այդուհանդերձ վտանգ են ներկայացնում:

Սեպտեմբերի վերջին կայացած Երևանի ավագանու ընտրությանը Փաշինյանը հաղթանակ գրանցեց. «Իմ քայլ»-ի թեկնածուն 81 տոկոս ձայն ստացավ: Ընտրությունների արդյունքներից ոգևորված՝ Փաշինյանը որոշում է մոտեցնել ընտրությունների օրը: Երևանյան ընտրություններից հետո նա հայտարարում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան «շատ մոտ ապագայում»:

Ամենայն հավանականությամբ, հենց սա հանգեցրեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» գլխավորած հակահեղափոխական քայլին: Իրավաբաններն առաջ քաշեցին իրավական փոփոխություններ: Նոր օրենքով հին դրույթները վերացվում էին: Նպատակն այն էր, որ փողոցային ցույցերով հնարավոր չլիներ խափանել խորհրդարանական աշխատանքները: Իսկ ինչպես գիտեք, Փաշինյանի հզոր զենքը հենց փողոցային ցույցերն են:

Հատկանշական է, որ ՀՀԿ-ին միացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Փաշինյանի արձագանքը եղավ նախարարներին աշխատանքից հեռացնելը: Այդուհանդերձ, անհասկանալի էր, թե ինչու ԲՀԿ-ն Փաշինյանից երես թեքելու համար ընտրեց հենց այդ պահը: Ինչևէ, Փաշինյանը հիմա կրկին պետք է հույսը դնի ժողովրդի վրա: Փաշինյանի խոսքով՝ հոկտեմբերի 2-ի իր կոչին արձագանքեց 10,000 մարդ, դժվար չէ պատկերացնել մարդկանց այն թիվը, որ կարող է կրկին հավաքվել Երևանյան փողոցներում:

Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ, ինչի հետևանքով նոր վարչապետի ընտրություններ անցկացնելու կարիք կառաջանա: Սակայն նախկին ռեժիմի անդամներն՝ իրենց դաշնակիցներով, հետքայլ անելու մտադրություն չունեն: Նրանք դեռ ունեն ուժային լծակներ և վայելում են Մոսկվայի աջակցությունը:

Սա հին ռեժիմի համար կարող է կորուստները վերականգնելու վերջին հնարավորությունը լինել: Շանսերը փոքր են, բայց նրանք կորցնելու բան  նույնպես չունեն:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment