Հայաստանի հետհեղափոխական շրջանն ավարտված է

Հայաստանի հետհեղափոխական շրջանն ավարտված է

Հոդվածի առանցքում

  • Երկրի նոր կառավարությունը ցանկանում է արմատախիլ անել կոռուպցիան, սակայն նախկին ռեժիմը չի նահանջում առանց մարտի:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին զարմացրել էր այն, ինչ հայտնաբերվել էր հունիսի 16-ին Էջմիածին քաղաքի մոտ գտնվող սեփական տան խուզարկության ընթացքում: Զենք-զինամթերքի ու հին թանկարժեք ավտոմեքենաների հետ մեկտեղ հայտնաբերվել էին սննդի պահածոներ, որոնք  նախատեսված են Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի ռազմաճակատային գծում ծառայող հայ զինվորների համար: ԱԱԾ-ն պնդում է, որ տան սեփականատերը օգտագործում էր դպրոցականների նվիրաբերած մթերքն իր մասնավոր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու համար:

Պատերազմից տուժած հայերի համար, որոնց շուրջ 30 տոկոսը ծայրահեղ աղքատ է, տեսարանը ցնցող էր: Այդ տան սեփականատերը բանակի նախկին հրամանատար և ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանն է: Նույնիսկ կուսակցությունը, որը իշխում էր Հայաստանում մինչև այս տարվա ապրիլյան բողոքի ցույցերը, խոստովանեց, որ տեսարանը զզվելի էր: Գրիգորյանը մեղադրվեց զինամթերք հափշտակելու և ապօրինի պահելու մեջ: Հայաստանի թավշյա հեղափոխությունը հազարավոր մարդկանց դուրս բերեց հանրապետության փողոցներ ու հրապարակներ՝«Քայլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսի ներքո: Նրանք բողոքում էին երկար տարիներ իշխանության բուրգի գագաթին գտնվող Սերժ Սարգսյանի դեմ, որը փորձում էր նախագահի իր աթոռը փոխարինել վարչապետի պաշտոնով: 2015 թ-ին Սահմանադրության փոփոխությամբ՝ վարչապետն ուներ նոր լիազորություններ:

11-օրյա բողոքի ակցիաների արդյունքում, որոնք ամենախոշորն էին հետխորհրդային պատմության շրջանում, Սարգսյանը հրաժարական տվեց: Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար էր և ընդդիմադիր քաղաքական գործիչ, եկավ իշխանության՝ մայիսին դառնալով վարչապետ: Նա Հայաստանի հեղափոխության դեմքն է: Նրա «դուխով» կարգախոսով բեյսբոլի գլխարկներն ու վերնաշապիկները կարելի է գնել քաղաքի վաճառասրահներում:

Փաշինյանի թիրախներից մեկը կոռուպցիան է: Նոր նախարարների և խորհրդականների օգնությամբ, որոնցից շատերը քաղաքացիական հասարակության անդամ են, Փաշինյանի վարչապետության առաջին 100 օրը նշանավորվեց բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությամբ, ներառյալ` Սարգսյան եղբայրների ու նրանց թիկնապահների: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, երբ Հայաստանի ոստիկանությունը բռնություն կիրառեց նախագահական ընտրությունների կեղծման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ: Այդ ընտրությունների միջոցով էլ Սարգսյանը եկավ իշխանության: Զոհվեցին 8 ցուցարարներ և երկու ոստիկաններ:

Փաշինյանը ոտքի հանեց հանրությանը՝ ցնցելով Հայաստանի սոցիալական և քաղաքական համակարգը, որը ամբողջապես կոռումպացված էր: Հարցն այն է, թե արդյոք երկրի նախկին ռեժիմը կհեռանա՞ առանց պայքարի:

Այս պահին թվում է, որ նախկինները հակադրվում են: Այս ամսվա սկզբին Երևանում բողոքի ցույցեր եղան, երբ ՀՀԿ-ն՝ լինելով օրենսդիր մարմնում մեծամասնություն, ընդունեց այնպիսի օրինագիծ, որը կխոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու փորձերը: Արտահերթ ընտրությունների անցկացումը, որին ձգտում են Փաշինյանն ու նրա թիմակիցները, մտահոգում են Հանրապետական ​​կուսակցության քաղաքական գործիչներին, ովքեր չեն ցանկանում կորցնել առանցքային ինստիտուտի նկատմամբ իրենց վերահսկողությունը: Մինչ այժմ, թվում էր, որ գտնվել է փոխզիջում: Անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին նա հրաժարական կտա՝ դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Ներկայիս Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս խորհրդարանը լուծարել միայն այն դեպքում, եթե պատգամավորները երկու անգամ չընտրեն նոր վարչապետ:

Դա նման է շախմատային գամբիտի: Կա վտանգ, որ Հանրապետական ​​կուսակցության պատգամավորները կարող են փոխարենն ընտրել այլ, ավելի քիչ վարկաբեկված վարչապետի՝ խափանելով ընտրությունների անցկացումը: Որոշ խորհրդարանական խմբեր, ինչպիսիք են «Բարգավաճ Հայաստանը», որն աջակցել էր այս ամսվա սկզբին հակասական օրինագծի ընդունմանը, վերահաստատել են իրենց աջակցությունը Փաշինյանի ծրագրին արտահերթ ընտրություններին:

Գեներալ Գրիգորյանը, փաստորեն, հեղափոխությունից տուժած առաջին դեմքերից էր: Նա և իր ընտանիքը Էջմիածնում ունեին անվերապահ իշխանություն, որտեղ նրա որդին՝ Կարենը, քաղաքապետ էր: Երևանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս փոքրիկ քաղաքը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է և Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսի նստավայրը: Հեղափոխության ժամանակ տեղացի փաստաբան Դիանա Գասպարյանը քաղաքում «Մենք պաշտպանում ենք հակակոռուպցիոն օրակարգը» պաստառով բողոքի ցույցի մասնակիցներից էր: Երբ Գրիգորյանի որդին, վերջապես, հրաժարական տվեց, Փաշինյանը նշանակեց Գասպարյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: «Դա իմ կյանքի ամենակարևոր օրն էր», – հիշում է Գասպարյանը:

«Երբ ես դարձա քաղաքապետ, մենք վերլուծեցինք տեղական իշխանությունների տենդերը», – պատմում է Գասպարյանը խորհրդային ոճով կառուցած քաղաքապետարանի շենքի իր ընդարձակ նոր գրասենյակում: «Մենք պարզեցինք, որ տարիներ շարունակ շինարարության ոլորտի մրցույթները հաղթել են միայն Գրիգորյանի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունները, նույնիսկ՝ մանկապարտեզներում սննդի մատակարարման մրցույթները: Այդ տոհմը կառավարում էր բոլոր ոլորտները»:

Այնուհետև քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիաներից և համացանցում հայտնված անշարժ գույքի մասին պատմող  տեսանյութի (Արեն Մկրտչյանը, ով Մարգարյանի վերաբերյալ բացահայտումների մասին տեսանյութի հեղինակն էր, Փաշինյանի խորհրդականն է) հեռարձակումից հետո հակակոռուպցիոն պայքարի կենտրոնում հայտնվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով 2011 թ. հոկտեմբերից մինչև իր հուլիսի 15-ի հրաժարականը քաղաքապետի պաշտոնում էր: Անցյալ ամսվա վերջին կայացած քաղաքապետի ընտրություններում, Փաշինյանի կողմնակից «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեարկողների 81 տոկոսը՝ ապացուցելով, որ հեղափոխական օրակարգը դեռևս վայելում է զանգվածային աջակցությունը:

Նախկին ընտրությունների ժամանակ  Հայաստանի լրագրողները օգտագործվում էին ընտրակեղծիքները քողարկելու համար, իսկ ֆիզիկապես ուժեղ երիտասարդները սև շորերով շրջում էին ընտրատեղամասերում՝ ընտրակեղծիքներ իրականացնելու համար, մի երևույթ, որը բացակայում էր քաղաքապետի այս ընտրություններում: Ոմանք նույնիսկ ընտրություններն անվանեցին «ձանձրալի»: Սակայն, «Հետք» լրատվամիջոցի հետաքննչական հակակոռուպցիոն ծրագրի ղեկավար Քրիստինե Բարսեղյանի համար դա այլ բան էր:

«Մենք 17 տարի շարունակ աշխատել ենք որպես հետաքննող լրագրողներ, սակայն հաճախ զգում էինք, որ մեր հետաքննությունները դեմ էին առնում պատին», – ասաց Բարսեղյանը: «Մենք փոքր հաղթանակներ ունեցանք, բայց համակարգային հաղթանակները հազվադեպ էին, իսկ այս օրերին մենք իսկապես հետաքրքրությամբ ենք լցված մեր աշխատանքի հանդեպ, և կոռուպցիայի դեմ պայքարող պաշտոնյաները մեզ մոտ են գալիս ոչ միայն մեզ օգնելու, այլ նաև մեզանից խորհուրդ հարցնելու համար»:

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի հարցումները ցույց են տվել զանգվածային աջակցության հսկա չափը: Հարցվածների 82 տոկոսը դրական է գնահատում իշխանության փոփոխությունը, իսկ 81 տոկոսը կարծում են, որ վերջին վեց ամիսների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը բարելավվել է:

Սակայն այսօր Երևանում լավատեսության տրամադրությունը զգուշավոր է` նկատի ունենալով այն մտավախությունը, որ Փաշինյանի նկատմամբ հանրային ակնկալիքներն այնքան մեծ են, որ կարող են շուտով նվազել: 

«Իշխանության անցումային փուլում հռետորությունն ուղղված էր նախկին ռեժիմի դեմ», – ասում է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Դա խելացի էր: Դրական ծրագիրը բաժանեց մարդկանց, մինչդեռ ոչ ոք գիտակցաբար կողմնակից չէ կոռուպցիայի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment