Հայաստանի` հեղափոխությունը վերապրած և ծաղկող նախագահը

Հայաստանի`  հեղափոխությունը վերապրած և ծաղկող նախագահը

Հոդվածի առանցքում

  • Անդրեասյանը ենթադրում է, որ միջնաժամկետ կտրվածքով, Սարգսյանը կարող է դառնալ Փաշինյանին և նրա ազնիվ պոպուլիզմին ընդդիմադիր ուժը:

Ուշադրությանն արժանի

Երբ հոկտեմբերի սկզբին Հայաստանի նախկին իշխանությունը ներկայացնող մի քանի պատգամավորներ միավորվեցին, որպեսզի արգելակեն արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու վարչապետ Փաշինյանի հնարավորությունը, Փաշինյանն այդ քայլն անվանեց հակահեղափոխություն և իր համախոհներին կոչ արեց դուրս գալ փողոցներ և հակազդել այդ որոշմանը: Բայց այդ քայլին, ի վերջո, վերջ դրեց նախկին իշխանության նախկին ներկայացուցիչ նախագահ Արմեն Սարգսյանի վետոն:

Հետհեղափոխական Հայաստանում Սարգսյանի դերը նշանակալի դարձավ հատկապես ճգնաժամը հաղթահարելու հարցում: Ըստ Սահմանադրության, նախագահը երկրորդական ֆիգուր է: Նախկին ադմինիստրացիայի մյուս անդամներն էլ ագրեսիվ վերաբերմունքի էին արժանացել նոր իշխանությունների կողմից:

Առայժմ Սարգսյանը նոր վարչակազմից արժանանում է անհավանական բարձր դերի: Հոկտեմբերին արտահերթ ընտրությունները կանխող օրենքը վետոյով տապալելով՝ նա կարևորագույն դեր խաղաց պատգամավորներին համոզելու և արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ քննարկումներ սկսելու հարցում: Բացի այդ նա արտասահմանյան այցերով եղավ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում` բանակցություններ վարելով բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Տարեսկզբին տեղի ունեցած դրամատիկ զարգացումներից հետո, հիմա, երբ փոշին անցնում է, պարզ է, որ Սարգսյանը ոչ միայն վերապրում է հեղափոխությունը, այլև ծաղկեցնում է:

Սարգսյանը Հայաստանի քաղաքական կյանքում է Հայաստանի անկախացումից ի վեր` որպես անկախ Հայաստանի առաջին դեսպան Մեծ Բրիտանիայում: 1996-97թթ-ին 4 ամիս եղել է վարչապետ, ինչից հետո վերսկսել է իր դիվանագիտական կարիերան: 1999-ին նա այլևս դեսպան չէր, բայց շարունակում էր ապրել Մեծ Բրիտանիայում և խորհրդատվական ծառայություններ մատուցել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են British Petroleum-ը, Bank of America-ն և Merrill Lynch-ը: Նա ջերմ հարաբերություններ էր հաստատել նաև թագավորական ընտանիքի հետ և միլիարդավոր դոլարներ արժեցող բիզնես էր ստեղծել Եվրոպայի և հետխորհրդային երկրներում: Սա ըստ «Հետք» հետաքննական օնլայն հարթակի:

Նա Հայաստանի քաղաքականություն վերադարձավ 2013-ին, երբ նորից նշանակվեց Լոնդոնում Երևանի դեսպան: Այս անգամ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով: Մարտի 2-ին, մոտ մեկ ամիս առաջ այն ցույցերից, որոնց արդյունքում Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տար և իշխանության գար Փաշինյանը, Սարգսյանն ընտրվեց նախագահ: Այն խորհրդարանում, որտեղ դոմինանտը Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը` հանրապետականներն էին: Փաշինյանը և նրա «Ելք» դաշինքը քվեարկել էին նրա դեմ:

Գարնանային զարգացումներից հետո թվում է` նախկին իշխանության մաս կազմած պաշտոնյաներից ոչ բոլորն են ապահովության մեջ: Հայաստանի ամբողջ տարածքում պաստառներ են հայտնվել, որոնցում հեղափոխության թշնամիներն են և հեղափոխականները նախկին պաշտոնյաներից քչերին են խնայել: Թիրախում հայտնվել են Սերժ Սարգսյանը, նրա եղբայրը, Ամենայն Հայոց կաթողիկոսը և հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ, օլիգարխներ: Նույնիսկ հեղափոխությանն աջակցություն հայտնած օլիգարխները, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն էր, սկեպտիկ էին ընկալվում:

Բայց Սարգսյանը ուներ և շարունակում է պահպանել իմունիտետ` նախկին իշխանավորների նկատմամբ հարձակումներից: Նույնիսկ Փաշինյանի թավշյա հեղափոխության հաջողությունից առաջ Սարգսյանին նկատել էին իր խաղաթղթերը թարմացնելիս: Վճռական պահին նա այցելեց Հանրապետության հրապարակ, հանդիպեց ցուցարարներին, ինչից հետո հայտարարեց, որ այնտեղ մթնոլորտը ֆանտաստիկ էր և Փաշինյանի հետ իր զրույցն էլ` կառուցողական: Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո Արմեն Սարգսյանը հայտարարեց. «Եթե հարկ լինի, պատրաստ եմ կանգնել ոստիկանության և ցուցարարների միջև»:

Անցումային փուլում Սարգսյանը ներկայանում էր որպես նոր իշխանության մաս` շարունակելով շփումները Փաշինյանի և հեղափոխական առանցքային մյուս ֆիգուրների հետ: Երեխաների հետ ուրախ պաղպաղակ ուտելիս մի լուսանկար ունի, որը կարծես թե ցույց է տալիս նրա նոր դերը:

«Նիկոլ Փաշինյանի մեջ բացահայտել եմ տաղանդավոր, արագ մտածող, պատրաստակամ և ջանասեր անձի, որի հետ ես ակնկալում եմ ունենալ աշխատանքային լավ հարաբերություններ: Նրա հետ աշխատանքում ես որևէ խնդիր չեմ տեսնում, հակառակը, հավատում եմ, որ մենք միասին հաջողությամբ կաշխատեն»,- մայիսին լրագրողների հետ զրույցում ասել էր Սարգսյանը:

Փաշինյան-Սարգսյան հարաբերություններում միևնույն ժամանակ կա նաև տարածություն: Հունիսին Փաշինյանը հարցականի տակ էր դրել Նախագահ լինելու Սարգսյանի իրավունքը, ինչից հետո Սարգսյանը հանձնել էր իր բրիտանական անձնագիրը, որը կարող էր պոտենցիալ առիթ լինել սահմանադրությամբ նրա նախագահական լիազորությունները դադարեցնելու համար:

ԵՊՀ-ից սոցիոլոգ Ժաննա Ավետիսյանն ասում է, որ այս երկու պաշտոնյաների հարաբերություններում կարող են խնդիրներն ավելի շատ լինել, քան երևում է նրանց ձևակերպումներից և պաշտոնական լուսանկարներում:

«Եթե ստուգեք նախագահի կայքը, որևէ նյութ չեք գտնի, որում տեղեկություն կա Փաշինյանի մասին: Եվ հակառակը վարչապետ Փաշինյանի կայքում է` ոչ մի տեղեկություն Սարգսյանի մասին, նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք երկուսով մասնակցում են նույն միջոցառմանը: Տպավորություն է, թե նրանք արհամարհում են իրար: Նրանք խոսում են միմյանց մասին, միայն երբ թեման փոխելու  հնարավորություն պարզապես չկա»,- Eurasianet-ին ասել է Ավետիսյանը:

Փաշինյանը կենտրոնացած է ներքին հարցերի վրա, մասնավորապես, պայքարում է նախորդ ռեժիմի դեմ: Սարգսյանն առաջամարտիկ է արտաքին հարաբերությունների ճակատում, որտեղ նրա կայուն, հարգանքի արժանացող կերպարն օգտակար է Հայաստանին ուղղված հարվածները մեղմելու, օտարերկրյա ներդրողներին գրավելու և Կրեմլի հետ հարաբերություններում:

Ռուսական «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն ասել է. «Արտաքին քաղաքական հարցերում Սարգսյանի փորձառությունը նրան թույլ է տալիս անել սա, երբ նոր կառավարությունում կա նման փորձառությամբ պաշտոնյաների պակաս»:

Սարգսյանը նաև վճռական դեր է խաղում Փաշինյանի թիմի և նախկին իշխանությունների հարաբերություններում: Փաշինյանի կառավարությունում շատերն Արմեն Սարգսյանի երկրպագուն չեն, ասում է Երևանու գործող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, որը նաև հեղինակել է գիրք գարնանը տեղի ունեցած հեղափոխության մասին: Բայց հենց նա է գլխավոր դերում, երբ հարցը վերաբերում է խորհրդարանում ուժերը հավասարակշռելուն և նախորդ ու նոր իշխանությունների հարաբերությունները մոդերացնելուն, ինչի կարիքը Փաշինյանն ունի:

Սարգսյանը նաև շարունակում է ուժեղացնել իր դիրքերը Հայաստանում: Նա կուտակում է լեգիտիմություն արտասահմանում, ինչը միշտ վճռական գործոն է լինում երկրի ներսում լեգիտիմության համար, ասում է Անդրեասյանը: Հավելում` եթե Փաշինյանի հակակոռուպցիոն արշավը հասնի Սարգսյանին, միջազգային լեգիտիմությունը նրան հետագայում կծառայի Հայաստանից դուրս մասնավոր անձի և գործարարի կյանք վարելու հարցում:

Հայտնի չէ, թե ինչքան ժամանակ կշարունակվի Սարգսյանի այս դերը: Խորհրդարանի ընտրությունները սպասվում են դեկտեմբերի սկզբին, ինչից հետո Փաշինյանը, հավանաբար, պառլամենտում կլինի մեծամասնություն:

Անդրեասյանը ենթադրում է, որ միջնաժամկետ կտրվածքով, Սարգսյանը կարող է դառնալ Փաշինյանին և նրա ազնիվ պոպուլիզմին ընդդիմադիր ուժը:

Իր նեոլիբերալ հայացքներով Սարգսյանը ներկայացնում է բիզնես հետաքրքրություններ, ասում է Անդրեասյանը: Անկասկած Հայաստանի նրա տեսլականը հստակ է: Անցած շաբաթ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ իր ելույթում Սարգսյանն ասաց. «Ես հուսով եմ, որ հայերը կրկին ու կրկին ցույց կտան աշխարհին, որ մենք ոչ միայն միջին դարերում էինք վերահսկում Մետաքսի ճանապարհը, այլև կարո՛ղ ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment