Հայաստանը հայտնվել է ՀԱՊԿ նախագահության կորստի վտանգի առջև

Հայաստանը հայտնվել է ՀԱՊԿ նախագահության կորստի վտանգի առջև

Հոդվածի առանցքում

  • ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հանդիպել են Աստանայում և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորությամբ, կարծես թե հակված են Բելառուսին ժամանակից շուտ հանձնել կազմակերպության նախագահությունը:

Ուշադրությանն արժանի

Հայաստանը վտանգի տակ է կորցնելու այդ հետխորհրդային քաղաքական-ռազմական բլոկում իր դիրքը, քանի որ խմբի ղեկավարները, կարծես թե, ձգտում են որպես ղեկավար նշանակել ոչ հայաստանցի ներկայացուցչի:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին և 9-ին Աստանայում, որի օրակարգի գլխավոր կետն էր նոր գլխավոր քարտուղարի նշանակումը: Նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պաշտոնապես հետ կանչվեց նոյեմբերի 2-ին: Նրան Հայաստանի նոր իշխանությունները մեղադրում են 2008 թ. կեղծված ընտրությունների դեմ բողոքները ճնշելու մեջ:

Արդյունքում ՀԱՊԿ-ը պետք է լրացնի թափուր պաշտոնը, իսկ կուլիսներում քննարկումները թեժ են: Ռուսական «Կոմերսանտ» թերթը գլխավոր քարտուղարի նշանակումը կոչել է միակ ինտրիգ:

Կրեմլի մամուլի քարտուղար Յուրի Ուշակովը գագաթնաժողովից առաջ լրագրողներին ասել է, որ «դիտարկվում են երեք հնարավոր տարբերակներ: Դրանք են՝

1) մինչև 2020 թ., երբ Բելառուսը պետք է ստանձնի նախագահությունը, պաշտոնում թողնել գործող պաշտոնակատար Վալերի Սեմերիկովին:

2) Ընտրել Բելառուսի ներկայացուցչին ժամանակից շուտ:

3) Մինչև 2020 թ. նշանակել նոր հայաստանյան ներկայացուցիչ:

«Վերջին տարբերակը պնդում է հայկական կողմը», – նշել է Ուշակովն ու ավելացրել, – «ինչպիսի որոշում առաջնորդները կկայացնեն, այս պահին դժվար է կանխատեսել»:

Ի վերջո, ՀԱՊԿ պետությունների ղեկավարները որոշման ընդունումը հետաձգել են մեկ ամսով: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին ասել է, որ նոր գլխավոր քարտուղարը կընտրվի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին:

Երևանը և Մինսկը, կարծես թե, առաջադրել են իրենց թեկնածուներին: Հայաստանի համար դա նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն է, իսկ Բելառուսի՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասը:

Հայաստանի նախագահության հիմնական ընդդիմախոսն է Նազարբաևը, ով հետևողականորեն ընդդիմանում է Հայաստանին, ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ Եվրասիական միությունում: Նազարբաևը, կարծես թե, հակված է բելառուսական տարբերակի:

«Մենք խնդիր ունենք, որովհետև Խաչատուրովը՝ մեր հայաստանյան ներկայացուցիչը, զբաղեցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը և հետ կանչվել: Ըստ ՀԱՊԿ կանոնադրության, Հայաստանին հաջորդում է Բելառուսը: Գագաթաժողովին բոլոր պետությունների ղեկավարները հայտարարեցին, որ մեզ անհրաժեշտ է գործող քարտուղար բելառուսական կողմից», – ասել է նա լրագրողներին գագաթաժողովից հետո:

Նազարբաևը նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրելու գաղափարի հիմնական ջատագովն էր, որն՝ ի թիվս այլոց, աջակցություն էր ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, հաղորդում է «Կոմերսանտը»: Ադրբեջանը ՀԱՊԿ-ին չի անդամակցում, չնայած վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները, որ կմիանա որպես գործընկեր կամ դիտորդ:

«Դաշինքի անդամ չհանդիսացող երկրների ղեկավարները կարող են մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, եթե կազմակերպության բոլոր անդամները համաձայն են՝ այս մասին «Կոմերսանտ »-ին հայտնել է բարձրաստիճան մի աղբյուր, ով ներգրավված էր միջոցառման նախապատրաստմանը: Ակնհայտորեն Հայաստանը դեմ կլինի Ալիևի մասնակցությանը, ուստի պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում Նազարբաևը:

Ամեն դեպքում, կարծես թե, Հայաստանը չունի շատ դաշնակիցներ կազմակերպությունում և հնարավորություն՝ պահպանել զբաղեցրած դիրքը: Բայց ինչ է դա նշանակում Երևանի համար:

Հստակ չէ, ընդհանրապես, թե Խաչատուրովի պաշտոնավարումը ՀԱՊԿ-ում ինչ շոշափելի օգուտ է բերել Հայաստանին: Առնվազն հրապարակային առումով նա, գրեթե անտեսանելի էր, ի տարբերություն իր նախորդի, երկար տարիներ ԿԳԲ աշխատակից Նիկոլայ Բորդյուժայի, ով Կրեմլի ամենաարդյունավետ արտաքին քաղաքականության ներկայացուցիչներից էր, պարբերաբար խոսում էր տարբեր դիվանագիտական ​​և անվտանգության հարցերի շուրջ: Անկախ նրանից, թե ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, կարծես հավանական է, որ Ռուսաստանը կշարունակի գերիշխող դիրք զբաղեցնել՝ օգտագործելով իր այլ լծակները:

Ավելին, պարզ չէ, ընդհանրապես, թե որքանով է կարևոր ՀԱՊԿ-ն ինքնին. խմբի մասին առավել հետաքրքիր լուրերը վերաբերվում են նշանակումներին, այլ ոչ թե իրական կատարած գործին: (Տեսականորեն այն պետք է զբաղվեր տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներով՝ ահաբեկչությունից մինչև գունավոր հեղափոխություններ):

 

Այնուամենայնիվ, այդ պաշտոնի կորուստը կլինի առնվազն խորհրդանշական հարված Երևանին և նրա համաշխարհային ասպարեզում վարկանիշին: Արտաքին գործերի նախարարության անանուն աղբյուրը «Հրապարակ» օրաթերթին իր մտահոգությունն է հայտնել այդ առիթով:

«Մի մոռացեք, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ մի ակումբ չէ, այլ լուրջ կառուցվածք ունեցող լուրջ ռազմական կառույց է: Գլխավոր քարտուղարը հասանելի է երկրների նախագահներին և կարող է քննարկել լուրջ խնդիրներ: Բելառուսը հենց հիմա առաջադրեց իր թեկնածուին և խափանեց ամբողջ գործընթացը, հետո ասաց, որ որոշում չի կայացվել: Խաչատուրովի նշանակումը հեշտ չէր: Ադրբեջանը դրան դեմ էր, և Բելառուսն աջակցում էր ադրբեջանական շահերին », – ասել է նա:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment