Հակասական ադրբեջանական վեպն անգլերեն թարգմանությամբ կհասնի միջազգային լսարանին

Հակասական ադրբեջանական վեպն անգլերեն թարգմանությամբ կհասնի միջազգային լսարանին

Հոդվածի առանցքում

  • 5 տարի առաջ Աքրամ Այլիսլին Ադրբեջանում հավանաբար ամենասկանդալային դեմքն էր: «Քարե երազներ» վեպի հրատարակումից հետո նա դարձավ պետության կողմից հովանավորվող արշավի թիրախը` մեղադրվելով հայերի նկատմամբ ունեցած համակրանքի համար: Միաժամանակ արտասահմանից նա ստացավ մեծ աջակցություն և նույնիսկ միջազգային մի կազմակերպություն նրան առաջադրեց Նոբելյան մրցանակի:

Ուշադրությանն արժանի

Այսօր 80-ամյա Այլիսլիի կյանքն ավելի խաղաղ է: Նրա դեմ բողոքի ալիքը մարել է, նրա անունը հազվադեպ է հայտնվում մամուլում: Բաքվի կենտրոնում գտնվող իր բնակարանից քիչ է դուրս գալիս, և երբ Eurasianet.org-ի թղթակիցն այցելեց նրան իր տանը, դիտում էր History Channel-ի ռուսերեն մի հաղորդում:

Այլիսլին և իր «Քարե երազներ»-ը կարճ ժամանակ անց նորից կհայտնվեն ուշադրության կենտրոնում: Նոյեմբերի 21-ին լույս կտեսնի վեպի անգլերեն թարգմանությունը, երկու այլ վեպերի` «Յեմեն»-ի և «Ֆանտաստիկ խցանում»-ի հետ: Eurasianet.org-ի հետ հարցազրույցում Այլիսլին ասում է, որ մեծ հույսեր է կապում նոր հրատարակության հետ` եռագրությունն արդեն թարգմանվել էր ռուսերեն, բայց «անգլերենն այլ է»:

«Եթե գիրքը լսարան գտնի, գտնի իր ընթերցողներին, դա որոշ երկրներում ռեզոնանսային կլինի, դա կլինի իմ ուժը, անմահությունը», – ասում է նա և իր դեմ արշավ սկսած իշխանությունների մասով հավելում, – «նրանք պետք է լավ իմանան` ֆիզիկապես ինձ ոչնչացնելը շատ հեշտ է, բայց բարոյապես` անզոր են»:  

Այլիսլին Ադրբեջանում ամենասիրված գրողներից մեկն էր, վայելում էր պետության ուշադրությունը թե Խորհրդային շրջանում, թե անկախ Ադրբեջանում: Նրա գործերը ներկայացված էին դպրոցական դասագրքերում, և նա Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր էր 2005-2010-ին:

Ամեն ինչ փոխվեց 2013-ին, երբ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի ռուսերեն թարգմանությունը հրապարակվեց  «Ժողովուրդների ընկերություն» ռուսական գրական ամսագրում: Վեպում Այլիսլին ներկայացնում է հայերի սպանութուններն ու տեղահանությունը իր հարազատ` Նախիջևանի Այլիս գյուղում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ապա հայերի ջարդերը Բաքվում` Խորհրդային Միության փլուզման օրերին:

«Եթե բռնությամբ սպանված ամեն հայի համար գեթ մեկ մոմ վառենք, այդ մոմերի լույսն ավելի ուժեղ կլինի, քան լուսնի լույսն է», – «Քարե երազներ»-ում ասում է Այլիսլիի կերպարներից մեկը:

Այլիսլին պնդում է, որ վեպում իր ադրբեջանցի հերոսները ներկայացված են դրական լույսով, որպես հումանիստներ, որոնք փորձում են պահպանել բարոյական արժեքները, թեև մյուսներն իրենց շուրջը տարված են ազգայնականությամբ, ատելությամբ և օպորտունիզմով: «Գրել եմ սիրով, ոչ թե ատելությամբ», – ասում է Այլիսլին:

«Քարե երազներ»-ի առանցքում գլխավոր հերոսի ողբերգությունն է, որը չի կարողանում իր տեղը գտնել այն հասարակության մեջ, որը քաղաքական անբարոյականությունը վերածել է ազգային գաղափարի և որը միայնակ է ժամանակի առաջ», – գրել է Այլիսլին անգլերեն հրատարակության վերջաբանում:

Այլիսլին նաև պնդում է և շատերը համաձայն են, որ իր դեմ սկսված սկանդալի պատճառը ոչ թե «Քարե երազներ»-ն է և դրանում հայերի նկատմամբ համակրանքը, այլ եռագրության մյուս նովելը` «Ֆանտաստիկ խցանումները»: Դրանում ներկայացված դիկտատորի կերպարը կարող է չափազանց նման լինել Հեյդար Ալիևին` Ադրբեջանի ներկա նախագահի հորը, որը ներկայացվում է որպես ժամանակակից Ադրբեջանի հիմնադիր:

Իրականում հայերի նկատմամբ ունեցած համակրանքն ավելի հեշտ է օտգագործել ադրբեջանցիներին մանիպուլացնելու համար: Այլիսլիի դեմ արշավն իրականացվում էր Ադրբեջանի ամբողջ տարածքում` նրա գրքերն այրում էին, նրա դեմ ցույցեր էին կազմակերպվում: Քաղաքական գործիչներից մեկն առաջարկել էր 10.000 դոլար նրան, ով կկտրեր Այլիսլիի ականջը: Մյուսները պահանջում էին, որ ստուգեն Այլիսլիի արյունը` պարզելու` նա իսկապես ադրբեջանցի է, թե ոչ: Ալիևն ասաց, թե Այլիսլին «դիտավորյալ խեղաթյուրում է Ադրբեջանի պատմությունը իր զրպարտանքներով» և հրամայեց պաշտոնապես զրկել նրան ժողորդական գրողի կոչումից, հատուկ թոշակից:

«Դա իսկական փսիխոզ էր, իսկ դա սարսափելի էներգիա է»,- ասում է Այլիսլին` հիշելով այդ օրերը, բայց հավելում է` եթե իր այս տարիքում չլիներ, դա կարող էր ստեղածագործելու համար կրեատիվ ոգեշնչում լինել: «Պետք է ասեմ, որ հասարակության երկերեսանիությունը շատ բան փոխեց: Ափսոս` 80 տարեկան եմ: Եթե լինեի 60 տարեկան, դրանից հետո կգրեի իմ լավագույն գրքերը: Իսկական դաս էր, բայց ուշացած»:

Հայաստանում գիրքը ևս արձագանքներ ունեցավ, վեպն ընդունեցին էնտուզիազմով, հրապարակվեցին հայերեն, անգլերեն ոչ պաշտոնական թարգմանություններ: Բայց մինչև այսօր ոչ մի հայ գրող չի արձագանքել Այլիսլիի կոչին` վերլուծելու ադրբեջանցիների դեմ հայերի հանցագործությունները:

«Այս գիրքը ուղերձի պես մի բան է ուղղված Ղարաբաղում ապրող հայերին, այլ խոսքով` Ադրբեջանի հայ քաղաքացիներին: Ուղերձը հետևյալն է` մի կարծեք, թե մենք մոռացել ենք այն բոլոր վատ բաները, որ արել ենք ձեզ հետ: Մենք ընդունում ենք դա: Բայց դուք էլ մեր նկատմամբ եք վատ բաներ արել: Հայ գրողների գործն էլ դրա մասին գրելն է», – ասել է Այլիսլին 2013-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում:

Հիմա Այլիսլին ասում է` Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով նոր հույսեր ունի. «Նա կոտրեց հին գաղափարախոսությունը: Սկիզբը հետաքրքիր է, երբ արդյունքը հայտնի չէ:  Նա հետաքրքիր մարդ է: Այդ պատճառով անկախ արդյունքից, անկախ նրանից, թե ինչպես այս ամենը կավարտվի, կա հուսադրող գործոն»:

Այլիսլին դեռ գրում է: 2015-ին «Ժողովուրդների ընկերություն» ամսագիրը հրատարակել էր նրա  Որտեղ իրիսները չեն աճում պատմվածքը»: Ասում է` ոչ մի արձագանք չեղավ: Երբեմն նա դուրս է գալիս փողոցում քայլելու և իր խոսքով` ով ճանաչում է, բարևում է, բայց հիմնականում ապրում է մեկուսացված. «Ես ամբողջությամբ մեկուսացված եմ հասարակությունից: Ամբողջությամբ: Կարծես` աքսորված եմ»:

Այլիսլին հույս ունի, որ «Քարե երազներ»-ի թարգմանությունն ու նոր հրատարակությունը վերջ կտան այդ մեկուսացմանը: «Իմ ճակատագիրը, ինչպես պարզվեց, կախված է միջազգային հանրությունից: Ես այսպես չէի ցանկանում: Բայց այսպես ստացվեց»:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment