Հազարավոր մարդկանց հանրահավաք Հայաստանում. Վարչապետն ասում է, որ հրաժարական կտա

Հազարավոր մարդկանց հանրահավաք Հայաստանում. Վարչապետն ասում է, որ հրաժարական կտա

Հազարավոր հայեր հետևել են բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և երեքշաբթի բողոքի ակցիա անցկացրել մայրաքաղաք Երևանում, քանի որ պատգամավորները հավանություն են տվել օրինագծին, որը դժվարացնում է խորհրդարանի լուծարումը և արտահերթ ընտրությունների անցկացումը:

Փաշինյանը, որն իշխանության եկավ մայիսին, մի քանի շաբաթ շարունակվող զանգվածային ցույցերից հետո, լարված հարաբերությունների մեջ է խորհրդարանի օրենսդիրների մեծամասնության հետ, որոնք կապ ունեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

43-ամյա նախկին լրագրողը նպատակ ունի արտահերթ ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ, որպեսզի թուլացնի Սարգսյանի ազդեցությունը, սակայն նրա հակառակորդները փորձում են դա խափանել:

10-ամյա նախագահությունից հետո Սարգսյանը ստիպված էր հեռանալ իշխանությունից, բայց խորհրդարանական ընտրություններ մինչև 2022 թվականը նախատեսված չէր:

Փաշինյանի կոչին արձագանքելով, մի ժամվա ընթացքում հազարավոր մարդիկ հավաքվեցին ու շրջափակեցին խորհրդարանի շենքը, իսկ մեքենաներով նաև հարակից փողոցները՝ գոռալով «Նիկո՛լ, Նիկո՛լ»:

«Այս օրինագիծը հաստատելով՝ ՀՀԿ-ն  և այն աջակցող ուժերը պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխության գոյության մասին», – ասել է Փաշինյանը բազմությանը, որտեղից բազմաթիվ ցուցարարներ բղավում էին «արտահերթ ընտրություններ»:

Մի քանի զայրացած ցուցարարներ մտան խորհրդարանի բակ, բայց Փաշինյանը նրանց խնդրեց չշտապել, իսկ հետո գնաց խորհրդարանականների հետ բանակցելու:

Փաշինյանն ասաց, որ մի քանի օրից հրաժարական կտա, «որպեսզի ոչ ոք չմտածի, որ ես կառչած եմ այս պաշտոնին»:

Հրաժարականի դեպքում Փաշինյանը կարող է նոր ընտրություններ անցկացնել: Բայց դա էլ այն դեպքում, եթե խորհրդարանին չհաջողվի երկու անգամ նոր վարչապետ ընտրել:

Փաշինյանը, որը պայքարում է կոռուպցիայի դեմ և տնտեսական բարեփոխումների համար, նոր ընտրություններ է պահանջում՝ գտնվելով իր ժողովրդականության գագաթնակետին:

Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ երեքշաբթի հաստատված օրինագիծը նպատակ ունի պաշտպանել «օրենսդիրների ազատությունն ու իրավունքները»՝ ժխտելով, որ այն նախատեսված է կանխելու  արտահերթ ընտրությունները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment