Կրոնի փափուկ ուժը Հարավային Կովկասում. Իրանի և Թուրքիայի ազդեցութունը

Կրոնի փափուկ ուժը Հարավային Կովկասում. Իրանի և Թուրքիայի ազդեցութունը

Հոդվածի առանցքում

  • Միջազգային հարաբերություններում կրոնը կարող է ազդեցիկ գործոն լինել` որպես հիմք այն գործողությունների համար, որոնք թիրախավորում են հստակ նպատակներ և երբեմն հաջողությամբ ազդում բնակչության մի մասի վրա: Այնուամենայնիվ Թուրքիայի և Իրանի կրոնական գործոնի արտահանումը դեպի Հարավային Կովկաս, սահմանափակ է: Կրոնն այն բանալին չէ, որով պետք է հասկանալ այս երկու ուժերի ազդեցությունը տարածաշրջանում: Երկկողմ հարաբերությունները երկրներից ոչ մեկի հետ պայմանավորված չէ կրոնական գործոնով:

Ուշադրությանն արժանի

2017թ-ին Մեհրան Կամրավան հրատարակեց Մեծ խաղը Արևմտյան Ասիայում (The Great Game in West Asia) գիրքը` Հարավային Կովկասում Իրանի և Թուրքիայի ազդեցության մասին: Կամրավային թեզն այն է, որ Իրանը և Թուրքիան սկսել են աշխարհաքաղաքական նոր մրցակցություն Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի վրա ազդեցության համար: Այնուամենայնիվ, Իրանի և Թուրքիայի թշնամանքը նոր չէ և Հարավային Կովկասում ուժերի խաղը չի սահմանափակվում միայն Թեհրանի և Անկարայի միջև: Փաստացի Իրանը և Թուրքիան այս խաղում են տարիներ շարունակ և Հարավային Կովկասն էլ դեռ Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ է: Բայց Կամրավան և գրքի մյուս հեղինակները ճիշտ են, որ փոփոխվող աշխարհաքաղաքական դրությունը այս տարածաշրջանում բացել է նոր հնարավորություններ հատկապես Իրանի և Թուրքիայի համար:

Ինչպե՞ս են մրցակցող այս ուժերն աշխատում կրոնական ուղղությամբ: Իրանի և Թուրքիայի քաղաքականությունը պաշտոնապես հարգալից վերաբերմունք ունի շիիզմի և սուննիզմի մասով, և այս կրոնական կոմպոնենտներն աստիճանաբար դարձել են այնքան կարևոր, որ որոշիչ են արտաքին քաղաքականությունը հասկանալիս: Թիրախային երկրներ Ադրբեջանը և Վրաստանն ունեն նույն կրոնական ուղղություններին հետևող բնակիչներ ինչ Իրանը և Թուրքիան: Կրոնական այս նմանությունները կարող են նպաստել արտաքին քաղաքականության հաջողությանը, բայց արդյո՞ք նպաստում են: Արդյոք կրոնական գործոնը Իրանի և Թուրքիայի աճող դերը գրավիչ է դարձնում Հարավային Կովկասում թիրախային խմբերի համար:

Քանի որ Իրանը և Թուրքիան Հարավային Կովկասում չեն կարող հանդես գալ կոշտ ուժի դիրքերից, նրանց քաղաքականությունը տարածվում է հիմնականում փափուկ ուժով, թեև այս կոնցեպտն իրականում ստեղծվել է լիբերալ քաղաքականության կոնտեքստում: Այնուամենայնիվ, Հարավային Կովկասում  Իրանը և Թուրքիան, կրոնի գործոնն օգտագործելով, կարող են գրավիչ դառնալ` կախված երկրների աշխարահաքաղաքական և պատմական առանձնահատկություններից: Այս հարցում նշանակություն ունի, օրինակ, թիրախային խմբի թվաքանակը, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչպես է կրոնի հիմքով փափուկ ուժն աշխատում տարածաշրջանում:

Աշխարհաքաղաքական և միջազգային հարաբերությունների մասով Հարավային Կովկասի երկրներն ու նրանց հարևանները խիստ փոխկապակցված են, և այս տարածաշրջանում միշտ եղել է հարևան հզոր երկրների ազդեցությունը: Կա դաշինքների 2 առանցք` Ռուսաստան-Հայաստան-Իրան և Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան, որոնք կապված են տարածաշրջանում ամենակարևոր քաղաքական և տնտեսական հարցերով` Լեռնային Ղարաբաղի վիճահարույց խնդիրը, Կասպից ծովի գազի պաշարները, դեպի Եվրոպա գազատարը, անվտանգության քաղաքականութուն և առևտրային համաձայնագրեր: Այս դաշինքները և կոնֆլիկտներն ուղիղ առնչվում են կրոնին: Հիմնականում շիայական Ադրբեջանն ավելի լավ հարաբերություններ ունի Վրաստանի և Թուրքիայի հետ, քան շիայական Իրանի, որն էլ լավագույնս համագործակցում է քրիստոնյա Հայաստանի հետ:

Իրանը նաև աջակցում է Վրաստանում և Ադրբեջանում գործող շիայական խմբերին: Այս աջակցության պիկը 1990-ականներին էր, դրսևորվում է կրոնական համայնքներին ֆինանսական օգնությամբ, հոգևորականների և ուսանողների փոխանակմամբ, Իրանում սովորելու կրթաթոշակներով և բարեգործական ծրագրերով: Ադրբեջանում, մասնավորապես երկրի հարավում, Իրանն իրականացրել է մարդասիրական աշխատանքներ` 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ պատերազմի օրերին և նախաձեռնել է իրանական Sahar TV-ով այդ ամենի լուսաբանումը: Բոլոր այս գործողություններն ունեցել են կրոնական կոմպոնենտ, օրինակ, կրոնական բովանդակությամբ գրականության տարածում:

Միջոցների տարբերությամբ Իրանը մեծ աշխատանք է իրականացրել երկու երկրներում, և այդ ամենի ընկալումն ու արդյունքը ծայրահեղ տարբեր է եղել: Վրաստանում շիայական համայնքը փոքրամասնություն է, հիմնականում բնակվում է հարավարևելյան Քվեմո Քարթլի շրջանում: Վրաստանի կառավարությունն այնտեղ նախաձեռնել է տնտեսական զարգացման ծրագրեր և աշխատել է Վրաստանի համալսարաններում այս շրջանից ուսանողներ թվի ավելացման ուղղությամբ: Իրանի մոտեցումն ընկալվեց որպես միջամտություն Վրաստանի փոքրամասությունների քաղաքականությանը և շիայական համայնքի ինտեգրացիայի ավելի մեծ քայլ: Թուրքական համալսարանները ևս ակտիվ են պոտենցիալ ուսանողների մասով և երկու երկրները մրցակցում են նաև այն հարցում, թե որն ավելի գրավիչ կրթական և տնտեսական հնարավորություններ կառաջարկի:

Սրան հակառակ Ադրբեջանի շիայական համայնքի հետ Իրանի աշխատանքը բոլորովին այլ տրամաբանությամբ է: Նախ թիրախային խումբն ավելի մեծ է, քանի որ շիաներն Ադրբեջանում մեծամասնություն են: Ադրբեջանի շիաները կրոնապես լավ կրթված չեն և Իրանը ստանում է կրոնի ինտելեկտուալ հենքով հետաքրքրված երիտասարդ շիաների ուշադրությունը: Սրան հակառակ հետազոտությունները ցույց են տվել, որ իրականում իրանցի հոգևորականներին հաջողվել է ազդեցություն վաստակել բնակչության ավելի փոքր հատվածի վրա: Այնուամենայնիվ իրանցի հոգևորականների հնարավոր ազդեցության շուրջ վախեր կան Ադրբեջանի քաղաքական էլիտայում, որն էլ փորձում է իրանական ազդեցության դեմ պայքարել շիայական որոշ խմբերի դեմ ոստիկանությանը նոր լիազորություններ տալով և արտասահմանցի քարոզիչների դեմ պայքարն օրինականացնելով:

Վրաստանի կառավարությունը, հետևելով տարածաշրջանում կրոնական նոր քաղաքականությանը, փորձում է հակազդել դրանց տնտեսական նոր ծրագրերով: Վրաստանում իրանական նախաձեռնությունները չեն վնասում երկկողմ հարաբերությունները: Մինչդեռ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները կայուն չեն: Երկրների միջև սիմվոլիկ շիայական համերաշխությամբ առաջնորդները քողարկում են Ադրբեջան-ում շիայական համայնքի դեմ իրականացված քայլերի պատճառով նշանակալի լարվածությունը:

Հետաքրքիր է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը կրոնական գործոնն օգտագործում է տարբեր եղանակներով, օրինակ մշակութային ենթատեքստով` խուսափել կրոնական խմբերին ուղիղ աջակցությունից: Սա անդրադառնում է նաև Իրան-Հայաստանի հարաբերությունների վրա: Հայաստանում շիաների թիվը չափազանց փոքր է: Իրանն իր կրոնական քաղաքականությունը փաթեթավորում է հետաքրքիր, բայց մշակութային փափուկ կապիտալի տեսքով: Ցուցահանդեսները, լեզվի ուսուցման դասընթացները և մշակութային այլ միջոցառումները տարիների ընթացքում ջերմացրել են քաղաքական հարաբերությունները:

Թուրքիայի դեպքում արտաքին քաղաքականության մեջ կրոնի գործոնը բոլորովին այլ կերպ է: 2000-ականներին պաշտոնապես բաժանվեցին Ֆեթուլլահ Գյուլենի կրոնական շարժումն ու Թուրքիայում կրոնական հարցերը համակարգող կառույցը` Դիյանեթը:  Այս շրջանում տարածաշրջանում Թուրքիայի կրոնական փափուկ քաղաքականությունը հիմանկանում ասոցացվում էր գյուլենական շարժման հետ: Դիյանեթը Վրաստանի Աջարիա շրջանում աջակցում էր սուննի մեծամասնությանը, Բաքվի պետհամալսարանում կրոնի ֆակուլտետին, գյուլենական շարժումն ավելի շատ ներկա էր և հասարակության մեջ ինտեգրված որպես պանթուրքիզմի զուսպ ձևաչափ: Տարածաշրջանում գյուլենականների ներկայացուցիչները բավական լավ հասկանում էին ինչպես ընդգծել իրենց թուրքական արմատներն այլ ազգերի շրջանում: Նրանց դպրոցներում սովորում էին միաժամանակ թուրք և վրացի դիվանագետների և գործարարների երեխաներ: Քանի որ գյուլենական շարժումը և Թուրքիայի կառավարությունն առանձին և զուգահեռ գործող կառույցներ են, թուրքական քաղաքականությունը միշտ կարողացել է հավասարակշռել կրոնական փափուկ ուժը և իր քաղաքական հետաքրքրությունները երկու երկրներում:

Իրավիճակը դրամատիկ փոփոխվեց 2013-ին` Գյուլենի և Էրդողանի կոնֆլիկտից և բաժանումից հետո: Ադրբեջանում գյուլենական կառույցները փակվեցին թուրքական կառավարության ճնշումների արդյունքում: Անկարան պետք է գտներ հավասարակշռող նոր միջոց կրոնական և քաղաքական ազդեցության միջև: Փորձագետները սպասում էին տարածաշրջանում Թուրքիայի փափուկ ուժի նվազման` նկատելով, որ Դիյանեթի ազդեցությունը երբեք այնքան պոպուլյար չի լինի, ինչքան գյուլանականներին էր անցյալում:

Կարճ ասած, կրոնի և փափուկ ուժի առնչությունները մնում են ոչ միանշանակ: Միջազգային հարաբերություններում կրոնը կարող է ազդեցիկ գործոն լինել` որպես հիմք այն գործողությունների համար, որոնք թիրախավորում հստակ նպատակներ և երբեմն հաջողությամբ ազդել բնակչության մի մասի վրա: Այնուամենայնիվ Թուրքիայի և Իրանի կրոնական գործոնի արտահանումը դեպի Հարավային Կովկաս, սահմանափակ է: Կրոնն այն բանալին չէ, որով պետք է հասկանալ այս երկու ուժերի ազդեցությունը տարածաշրջանում: Երկկողմ հարաբերությունները երկրներից ոչ մեկի հետ պայմանավորված չէ կրոնական գործոնով:

Կրոնական փափուկ ուժի վերլուծությունն այս կոնտեկստում ավելի շատ շահում է, երբ հաշվի են առնվում պատմական և աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, քան երբ որոնում են արտաքին քաղաքականության մեջ կրոնի գործոնի ներգրավվման յուրահատուկ եղանակներ: Թուրքիայի և Իրանի կրոնական քաղաքականությունը որոշ մակարդակներում կարող է մնալ տարբեր գաղափարական և թեոլոգիական սկզբնակետերում, բայց կրոնական ազդեցության հաջողությունը կամ տապալումը կախված է թիրախավորված երկրներում պատմական հստակ գործոններից: Կախված թիրախային խմբի չափից, ինչպես տեսանք վերևում, փափուկ կրոնական ուժի ազդեցությունը կարող է դառնալ նշանակալի գործոն ազգային անվտանգության քննարկումներում, միաժամանակ մնալով երկրորդական, նույնիսկ կրավորական` փոքրամասնությունների դեպքում:

Փաստը, որ կրոնական փափուկ ուժն արտաքին քաղաքկաան գործիք է որոշ երկրներում, չի նշանակում, որ կրոնը դուրս է քաղաքականությունից կամ գերազանցում է աշխարհաքաղաքական իրողություններին: Ավելին, որոշ երկրների կողմից կրոնի որպես փափուկ ուժ գործածելը նշանակում է ընդունել, որ կրոնը խորապես առնչվում է հասարակությանը և ունի երկկողմ հարաբերությունները մոբիլիզացնելու կարողություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment