Կիպրոսի հայ համայնքը կմասնակցի գենետիկ հետազոտության

Կիպրոսի հայ համայնքը կմասնակցի գենետիկ հետազոտության

Հոդվածի առանցքում

  • Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Սուրբ Ծննդյան պատարագից հետո հայ համայնքի անդամներին խնդրել են ԴՆԹ-ի օրինակ հանձնել մի ուսումնասիրության համար, որը պարզելու է Կիպրոսի բնակչության գենետիկ կառուցվածքը։ Նախագծի ղեկավար պրոֆեսոր Մարիոս Կարիոլուի խոսքով՝ վերջնական նպատակն ամբողջ բնակչության գենետիկ կոդի բացահայտումն է։ Կարիոլուն և իր թիմը արդեն հրապարակել են նման հետազոտություն կիպրոսաբնակ հույների և թուրքերի մասին։ Հերթում հայերն են, մարոնականները, ավելի ուշ՝ լատինները

Ուշադրությանն արժանի

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Սուրբ Ծննդյան պատարագից հետո հայ համայնքի անդամներին խնդրել են ԴՆԹ-ի օրինակ հանձնել մի ուսումնասիրության համար, որը պարզելու է Կիպրոսի բնակչության գենետիկ կառուցվածքը։

Հայերը Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 6-ին։ Հետազոտությունն իրականացնող Կիպրոսի նյարդաբանության և գենետիկայի ինստիտուտն այդ օրն է ընտրել, որովհետև սպասվում է, որ Սուրբ Ծննդին ավելի շատ մարդ կհավաքվի, քան սովորական օրերին։

Կիպրոսում ծնված հայկական համայնքի 18 տարին լրացած անդամները և մյուսները, որ կցանկանան մասնակցել նախագծին, թքի նմուշ կհանձնեն պատարգից հետո։ Սրա նպատակն է պարզել Կիպրոսում ապրող հայերի գենետիկ կազմը։ Նախագծի ղեկավար պրոֆեսոր Մարիոս Կարիոլուի խոսքով՝ վերջնական նպատակն ամբողջ բնակչության գենետիկ կոդի բացահայտումն է։ Կարիոլուն և իր թիմը արդեն հրապարակել են նման հետազոտություն կիպրոսաբնակ հույների և թուրքերի մասին։ Հերթում հայերն են, մարոնականները, ավելի ուշ՝ լատինները։

«Մենք արդեն մի քանի ԴՆԹ օրինակներ վերցրել ենք մարոնականներից, հիմա հայերինն ենք հավաքում»,- ասել է Կարիոլուն։

Ավելացրել է, որ երկու համայնքներից էլ արձագանքը դրական է եղել։ Ըստ Կարիոլուի՝ եթե կարողանան 150-200 ԴՆԹ օրինակ վերցնել հայ համայնքից պատարագի օրը, մինչև ամառ կունենան արդյունքները։

«Վերջնական նպատակը Կիպրոսի բնակչության գենետիկ կառուցվածքն ուսումնասիրելն է»,- ասել է նա։

Բացի այդ, նախագծի նպատակն է կարևոր պատմական և գիտական տվյալներ ապահովել։ Հետազոտողները կվերլուծեն այն տղամարդկանց ԴՆԹ-ի Y քրոմոսոմը, որոնց հայրերը հայ են, և այն կանանց միտոքոնդրիալ ԴՆԹ-ն, որոնց կամ մայրը, կամ հայրը հայ են։

Ըստ Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի՝ այնտեղ  այսօր մոտ 4 հազար հայ է ապրում։ Կիպրոսի հայ համայնքը հիմնականում Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են։  Մահտեսյանն ասում է, որ չնայած մի մասը կղզի է եկել 1920-ականներին, բյուզանդական ժամանակաշրջանում՝ մթ 578-ից այնտեղ հայեր կային, երբ Լիմասոլում ձևավորվել էին Արմենոխորի և Պաֆոսում Արմինու գյուղերը։ Կիպրոսի հայկական նախակրթարանը հիմնել է Խաչիկ Ա կաթողիկոսը 973-ին և պահպանել շարունակական ներկայությունը կղզում։ Պատմականորեն նախակրթարանը պատկանել է Կիլիկիո կաթողիկոսությանը։

Մինչև 1910-ականների և վաղ 20-ականների զանգվածային ներգաղթը հայերը Կիպրոսում քիչ էին՝ մոտ 200, որոնք հիմնականում եկել էին 19-րդ դարում՝ փախչելով Օսմանյան կայսրության վաղ շրջանի հալածանքներից։

Լատինական դարաշրջանում, 1192-ին Երուսաղեմի տիտղոսակիր ֆրանկ թագավոր Գայ դե Լուսինյանի կողմից Կիպրոսը ձեռք բերելուց հետո տեղի ունեցավ հայերի և այլ բուրժուաների, ազնվականների, ասպետների և ռազմիկների զանգվածային ներգաղթ Արևմտյան Եվրոպայից, Կիլիկիայից և Լևանտից, որոնց կալվածքներ և առավելություններ շնորհվեցին։ Ֆրանկյան և վենետիկյան դարաշրջաններում (1192-1489 և 1489-1570) հայկական եկեղեցիներ կային Նիկոսիայում, Ֆամագուստայում, Սպատարիկոյում, Կորնոկիպոսում, Պլատանիում և այլուր, երբ հայերենը համարվում էր Կիպրոսի պաշտոնական լեզուներից մեկը։

Հայ փախստականներ եկան Պաղեստինից (1947-1949) և Եգիպտոսից (1956-1957)։ Վերջին 20-30 տարում տեղի համայնքում միգրանտներ են ընդունել Հայաստանից, Սիրիայից և Լիբանանից։

Կիպրոսահայ համայնքը տուժեց ԷՕԿԱ հակագաղութային ազատագրական պայքարի ժամանակ (1955-1959), երբ մոտ 900 անդամներ արտագաղթեցին Մեծ Բրիտանիա։ Երկրորդ գործոնը, որը նպաստեց համայնքի կրճատմանը, մոտ 600 կիպրոսահայերի ներգաղթն էր Սովետական Հայաստան՝ որպես Համահայկական շարժման մաս 1962-64 թվականներին։

Կիպրոսահայ համայնքը ծաղկեց բրիտանական գաղութատիրական դարաշրջանում (1878-1960)՝ հիմնելով ասոցիացիաներ, երգչախմբեր, սկաուտական խմբեր, երաժշտական անսամբլներ, գերեզմանատներ և դպրոցներ՝ ներառյալ հայտնի Մելքոնյան ինստիտուտը, որը փակվեց 2005-ին։

Կիպրոսի անկախացումից հետո 1960-ին հայերը, որ ճանաչվում էին որպես կրոնական խումբ, միացան հունակիպրական համայնքին, և նույնպես ներկայացված էին պառլամենտում։

Մահտեսյանի խոսքով՝ Կիպրոսի հանրապետության կառավարությունը 1960-ից սկսած, ինչպես նաև Կիպրոսի հասարակությունն աջակցել են հայ համայնքի բարեկեցությանը՝ «այդպիսով երաշխավորվում է մեր հարուստ մշակույթի, ժառանգության, լեզվի և կրոնական ինքնության պահպանությունը»։

Մի հայ, որը նախընտրեց չներկայանալ, ողջունեց նախագիծը, քանի որ այն կբացահայտի  կիպրոսահայերի բազմամշակութային շերտերը։

«Շատ հետաքրքիր կլինի տեսնել արդյունքը»,- ասել է նա։ Ավելացրել է, որ իր պապը պատմել է, թե իրենց ընտանիքը պարսկական արմատներ ունի. «Ես հավատում եմ, որ հետաքրքիր կլինի տեսնել, թե ուր են հասնում համայնքի արմատները»։

Ջորջիա Նեոֆիտուն, որի մայրը հայ էր, ևս հետաքրքիր է համարում նախագիծը։ Կամ ինքը, կամ քույրը ԴՆԹ-ի օրինակ կտրամադրեն։ Նեոֆիտուի մայրը հայ էր հոր կողմից, որի ընտանիքը եկել էր Թուրքիայից ցեղասպանության ժամանակ, երբ նա երեխա էր եղել։

«Մենք անհամբեր ենք։ Հետաքրքիր նախաձեռնություն է»,- ասում է Նեոֆիտուն։ Նա ընդգծել է, որ չնայած արմատների բացահայտմանը՝ այն համայնքի պատկանելության հարց չի բարձրացնում։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment