Կարծիք. Մոսկվան Հայաստանին ուղարկում է Սիրիա
Հոդվածի առանցքում
- Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որը ԱՄՆ նախագահական վարչակազմի համար անհանգստության լուրջ աղբյուր է, կարծես թե մոտենում է ավարտին: Սակայն հետպատերազմյան Սիրիայում Հայաստանի փրկչի դերակատարությունը խիստ կասկածելի է:
Ուշադրությանն արժանի
Այս ճգնաժամի ընթացքում հազարավոր մարդիկ զոհվել են, շատերը դարձել փախստական: Ճգնաժամը շարունակում է լարվածություն առաջացնել Եվրոպայի ու Վաշինգտոնի ղեկավարության մոտ՝ ազդելով համաշխարհային զարգացումներում ամերիկյան դիրքորոշման վրա և ստիպելով ոմանց Ամերիկային վերաբերվել որպես «թղթից պատրաստված վագրի»:
Այսօր, «Դաեշ»-ը պարտված է: Իսկ ի՞նչ կասեք Իրանի մասին: Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի կողմից Սիրիան վերահսկելու և Մերձավոր Արևելքում նրան ուժեղացներում քայլերի մասին: Որո՞նք են հաջորդ քայլերը:
ԱՄՆ ուժերի միակողմանի դուրսբերումը և այս տարածությունը Ռուսաստանի ազդեցության տակ թողնելը սխալ էր, որը ապացուցվել է անցյալի ռազմավարական բացթողումներով: Ամենայն հավանականությամբ, Իրաքն ամերիկյան կտրուկ հեռացումով չի վերականգնվի: Նույնը կարելի է ասել նաև անկայուն և գլոբալ առումով ամենաողբերգական վիճակում գտնվող Սիրիայի մասին՝ չնայած ռուսական հակառակ պնդումների:
Յուրաքանչյուր կողմ առաջնորդվում է իր նեղ շահերով՝ ցանկանալով ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել և ստեղծելով ամենաանկանխատեսելի ու անհավատալի դաշինքներ:
Իրանը Իսրայելի վրա ուղիղ հարձակման նպատակով փոչձում է հաստատվել Սիրիայում, մինչդեռ Իրանին հարակից մի շարք ահաբեկչական խմբավորումներ պայքարում են տարածքների, ազդեցության ոլորտների ու արյան համար: Իրանական արբանյակ Հեզբոլահ ահաբեկչական խմբավորումը, որն ամենամեծն է և ամենալավ զինվածը, սպասում է Թեհրանի հրահանգներին՝ դե ֆակտո կառավարելով Լիբանանում: Իրանին հետ են պահում միայն Իսրայելի օդային հարվածները:
Ռուսաստանի նպատակները շատ պարզ են: Ռուսաստանի գործողությունները միտված են տարածաշրջանում գերիշխանություն հաստատելուն:
Ռուսաստանի երկարաժամկետ նպատակն է միջազգային ասպարեզում իշխանության և իր համաշխարհային ազդեցության վերականգնումը և, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել, Խորհրդային Միության և ցարական Ռուսաստանի տարածքներում ընդգծել Մոսկվայի պատկանելիությունը:
Մոսկվան մտադիր է սկսել նախկին փառքի վերականգման իր հետագիծը՝ նպատակ ունենալով լիովին վերականգնել Բաշար Ասադի իշխանությունը Սիրիայում: Անշուշտ, այս նախագծում Ռուսաստանը ցանկանում է իր արբանյակ Հայաստանին տալ առաջատար դերակատարում:
Տնտեսապես և քաղաքականապես թույլ Հայաստանի ներգրավվածությունն ընդգծում է Մոսկվայի հետ տասնամյակների բարդ հարաբերությունները: Հայաստանին սպասում է Ասադի ճակատագիրը՝ ԱՄՆ և արևմտյան երկրների հակառակ դաշտում մշտապես գտնվելու պատճառով:
Բայց ինչո՞ւ Հայաստանը: Հատկապես տարօրինակ է, որ տնտեսապես թույլ երկիրը մասնակցում է մեկ այլ երկրի ազգային վերակառուցման նախագծին:
2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը ամեն տարի կանգնում բնակչության թվաքանակի էլ ավելի նվազման խնդրի առաջ. հայերը հեռանում են հայրենիքից՝ ավելի լավ ապագա կերտելու համար: Հայաստանի տնտեսությունը կախված է ռուս օլիգարխներից, ուստի կապիտալը հիմնականում ռուսական է:
Որպես դե ֆակտո վասալ պետություն Հայաստանը երեք այն պետությունների շարքում է, որոնք Ռուսաստանի ու Իրանի հետ ճանաչել են Սիրիայում Ասադի կառավարումը: Հետաքրքիրն այն էր, որ Հայաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի հրամանատարության ներքո զորք է ուղարկում Սիրիա:
Իրանը նույնպես օգտագործում է Հայաստանը: Այստեղից էլ Երևանը քաղում է ֆինանսական օգուտ: Իրանը ցանկանում է իր իշխանությունը հաստատել հարևան մուսուլման մեծամասնություն ունեցող և շիա պետություն Ադրբեջանի վրա, որը Արևմուտքի դաշնակիցն է և աշխարհիկ երկիր: Իրանը ցանկանում է օգտագործել այն որպես բուֆեր: Պատմությունը կրկնվում է:
Անկախ աղետալի վիճակից՝ Հայաստանը պատրաստվում է հակադրվել Վաշինգտոնին: Հաշվի առնելով Ասադի կառավարության ճանաչումն ու Դամասկոսին Հայաստանի կողմից ռազմական օժանդակության տրամադրումը` Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը ավելի կարևոր դարձավ:
Հայաստանի մասնակցության մեջ, սակայն, կա որոշ տրամաբանություն, քանի որ պատերազմի ընթացքում, հակադրվելով ընդդիմադիր ուժերին, սիրիահայերը հավատարիմ էին Ասադին: 2014 թ. սկզբին Ասադի «Ազգային պաշտպանության ուժերը» համալրվել էին 17.000 հայ կամավորականներով:
Միաժամանակ, հուլիսին Հայաստանի կառավարությունը 94 տոննա «մարդասիրական օգնություն» է ուղարկել Սիրիա: Այն առաքվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ռազմական ինքնաթիռներով: Քաղաքացիական պատերազմի ընթացքում Հայաստանը՝ Մոսկվայի հետ համատեղ, 5 անգամ կազմակերպել է բեռնափոխադրում:
Ամերիկացի դիտորդների զգալի մասը հավատացած է , որ դրանք ապօրինի զենք-զինամթերքի փոխադրումներ էին՝ Մոսկվայից Երևանի միջոցով դեպի Դամասկոս:
Չնայած Հայաստանի «թավշյա հեղափոխությանը» և փոփոխությունների խոստումներին, նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է գերկախված մնալ Մոսկվայից ու ցուցաբերել հնազանդություն:
Պաշտոնի ստանձնումից հետո նրա առաջին այցը դեպի Կրեմլ էր՝ Պուտինի հետ փակ հանդիպում ունենալու համար: Իսկ սեպտեմբերի սկզբին Փաշինյանը հայտարարեց հայ-ռուսական նախագծի և Սիրիայում վերականգնման ծրագրերի մասին՝ «Հալեպի և Սիրիայի հայ համայնքներին օժանդակելու համար»:
Ցավոք, հետպատերազմյան Սիրիայում Հայաստանի փրկչի դերակատարությունը կասկածելի է:
Ամենայն հավանականությամբ, Հայաստանի ներգրավվածությունը ռուսական ծրագիր է՝ տարածաշրջանում ռուսական ազդեցության մեծացման և Մերձավոր Արևելքի արաբախոս հայկական համայնքն իր վերահսկողության տակ պահելու համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: