Կառավարության նոր կարգավորումները կսահմանափակեն ազատ խոսքը Սպիտակ տան շրջակայքում

Կառավարության նոր կարգավորումները կսահմանափակեն ազատ խոսքը Սպիտակ տան շրջակայքում

Թրամփի վարչակազմը ցանկանում է սահմանափակել բողոքի ցույցերը Վաշինգտոնի Ազգային պուրակում, քաղաքամերձ զբոսայգիներում և հրապարակներում: «Ազգային պարկ» ծառայությունը նոր կանոնների առաջարկը ներկայացրել է Ֆեդերալ ռեեստրին: Ծառայությունը պնդում է, որ կարգավորումն ընդամենն ընթացիկ թարմացում է: Շատ ընդդիմախոսներ, սակայն, կարծում են, որ այս քայլով փորձում են սահմանափակել ամերիկացիների իրավունքները, որպեսզի նրանք չկարողանան հավաքվել ազատ ու  դեմոկրատ երկիրը խորհրդանշող հուշարձանների մոտ:

Առաջարկվող կարգավորման ազդեցությունը հիմնականում կզգացվի Սպիտակ տանը, որտեղ պատմականորեն ամերիկացիներն իրենց ձայնը լսելի են դարձնում ազգային խնդիրների վերաբերյալ: Նոր կանոնները կտարածվեն նախագահական նստավայրի շրջակայքի վրա՝ հանրության համար ազատ թողնելով միայն հինգ-ոտնաչափ երկարության տարածք:

Սուֆրաժիստները, որոնք 1917 թվականին հավաքվեցին Սպիտակ տան դիմաց և պահանջեցին քվեարկել հօգուտ կանանց, ըստ այս նոր առաջարկվող կանոնների՝ պետք է սահմանափակվեին փոքր տարածքներով։ 2014-ին էլ չէր կայանա Քեյսթոն XL նավթատարների դեմ բողոքի ակցիան, երբ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին՝ Սպիտակ տան ցանկապատին պլաստմասսե կապանքներով իրենք իրենց կապելու համար։  

«Այդտեղ ձերբակալվելը խորհրդանշական արժեք ուներ նրանց համար»,- նավթատարների դեմ բողոքողների մասին ասել է Վաշինգտոնի Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության տնօրեններից Արթուր Սփիթցերը։

Սպիտակ տան շրջակայքում որոշ տարածքներ արդեն իսկ ժամանակավորապես փակվել էին հետիոտնի համար՝ ի պատասխան «ցանկապատով ցատկողների», որոնք փորձել էին Սպիտակ տուն մտնել։ Նոր կանոնակարգումն այս տարածքները  կփակի մշտապես՝ չնայած, որ վերջերս տեղադրվել էր բավական դժվարանցելի ցանկապատ:

Կառավարության առաջարկները կարգելեն բեմերի և հնչյունային տեխնիկայի տեղադրումն ինքնաբուխ հավաքների ժամանակ, ինչպիսիք, օրինակ, եղան, երբ Թրամփի ադմինիստրացիայի ճամփորդական արգելքի կամ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին երեխաներին իրենց ծնողներից բաժանելու վերաբերյալ քաղաքականության դեմ։

Ազգային պարկ ծառայության խոսնակ Բրենթ Էվերիթը նամակում ասել է, որ նոր կանոններն վերաբերվելու են ավելի նոր հուշարձանների համար, օրինակ՝ Կորեական պատերազմի վետերանների հուշարձանը, Վիետնամի վետերանների և Մարթին Լյութեր Քինգի հուշարձանները: Նա պնդում է, որ Սպիտակ տան կանոնների փոփոխությունն արվել է Գաղտնի ծառայության խնդրանքով։ Էվերիթը մեկնաբանել է նաև Վաշինգտոնի որոշ զբոսայգիներում կառույցներ տեղադրելու համար թույլտվության անհրաժեշտության մասին փոփոխությունը, որը պայմանավորված է վերջին իրադարձություններով։ Խոսքը ՄըքՖերսոնի հրապարակը գրաված բողոքի ակցիաների մասին է, որոնց ընթացքում ստեղծված ժամանակավոր կառույցներն առողջության և անվտանգության տեսանկյունից խնդիրներ առաջացրին մասնակիցների և քաղաքի համար։

Կառավարության առաջարկած կանոններից շատերը կխախտեն Սահմանադությունը՝ փոփոխությունների վերաբերյալ իր մեկնաբանությունում նշել էր Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը։

«․․․ առաջարկվող լրացումները վերադարձ են այն ժամանակներ, երբ դատարանները պետք է պաշտպանեին տարակարծությունը մայրաքաղաքում»,- գրել է կազմակերպությունը՝ նկատելով, որ նոր առաջարկվող որոշ կարգավորումներ կխախտեն միության մատնանշած գործերի վերաբերյալ դատական ակտերը։

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը մեկն է 38 հազար կազմակերպություններից և անհատներից, որոնք 60-օրյա ժամկետում պետք է քննարկեին և մեկնաբանություններ ներկայացնեին առաջարկների վերաբերյալ։ Քաղաքացիական ազատութունների պաշտպանության խմբերն ահազանգել են, որ Սպիտակ տան մոտ բողոքի ակցիաների սահմանափակումը «խորամանակ քայլ է», բուն իմաստը թաքնված է 26-էջանոց փաստաթղթի վերջում.  թե ինչու է կարգավորումն անհրաժեշտ, Ֆեդերալ ռեեստրի հրապարակման մեջ դրա մասին որևէ  քննարկում չկա: 

Սփիթցերն ասել է, որ այդ դրույթը պայմանավորված է Սպիտակ տան զայրույթով։

«Դա իմ կասկածն է,- ասել է Սփիթցերը, – ես գիտեմ, որ «Ազգային պարկ» ծառայությունում ոչ ոք այդ ուղղությամբ չէր աշխատում, քանի դեռ Թրամփի վարչակազմը չէր եկել իշխանության»։

Վարչակազմը նաև պահանջում է հանրային մեկնաբանություն՝ ցուցարարներին թույլտվություն տալու դիմաց փոխհատուցում պահանջելու մասին, որպեսզի վերականգնվեն մեծամասշտաբ միջոցառումների համար արված պետական ծախսերը։  Պաշտոնապես վճարներ սահմանելու առաջարկ չկա, բայց Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունն իր մեկնաբանություններում ասում է, որ դա կարող է բերել նրան, որ «ամերիկացիները վճարեն իրենց սահմանադրական իրավունքները կիրառելու համար»։ 1963 թվականի  քայլերթի ժամանակ Մարթին Լյութեր Քինգը ունեցավ իր հայտնի «Ես ունեմ երազանք» ելույթը, որը գուցե հնարավոր չլիներ, եթե կառավարությունը պահանջեր վերականգնել միջոցառման համար արված ծախսերը։

Կառավարությունը պարտավոր է կարդալ և հաշվի առնել հանրության բոլոր մեկնաբանությունները մինչև կարգավորումներն ուժի մեջ կմտնեն։ Բայց եթե վերջնական կարգավորումները լինեն այն տեսքով, ինչպես որ արդեն հրապարակվել են, «կանաչ լույս կվառվի դատական հայցերի համար՝ ի պաշտպանություն բողոքի ակցիա իրականացնող մարդկանց»՝ ասել է Սփիթցերը։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment