Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունք. ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետը կայցելի Հայաստան

Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունք. ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետը կայցելի Հայաստան

Հոդվածի առանցքում

  • ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան` գնահատելու խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը:

Ուշադրությանն արժանի

«Հայաստանն ընթանում է խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով և հիմա հսկայական ներուժ  կա մարդու իրավունքների,  հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի   համապարփակ    պաշտպանության  և ամրապնդման ուղղությամբ աշխատանքի համար, ինչպես նաև  օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից և տնտեսական զարգացումից օգտվելու համար: Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրել Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝ մտահոգ տարբեր խմբերից և առաջին ձեռքից ստացված   տեղեկատվության միջոցով», – ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը:

Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք և Երևան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաև դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հատուկ զեկուցողի  մամուլի ասուլիսը կկայանա  նոյեմբերի 16-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ–ի գրասենյակում՝ Երևան, Պետրոս Ադամյան 14 հասցեում: Ասուլիսի մուտքն ազատ կլինի միայն լրագրողների համար:

Հատուկ զեկուցողը  իր այցի մասին համապարփակ զեկույց կներկայացնի 2019-ի հունիսին Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին:

Կլեման Նյալեցոսի Վուլեն Տոգոյից է, 2018-ի մարտին նշանակվել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող` խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով: Նա իրավաբան է և այժմ աշխատում է Ժնևում` մարդու իրավունքների ոլորտում: Ժնևի մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ակադեմիայի ասոցացված գիտաշխատող է: Նախքան այս նշանակումը ղեկավարել է Մարդու իրավունքների միջազգային ծառայության (ISHR) աշխատանքը: Վուլեն նաև աշխատել է որպես Տոգոյում մարդու իրավունքների պաշտպանների կոալիցիայի գլխավոր քարտուղար, որպես Տոգոյում միջազգային քրեական դատարանի կոալիցիայի քարոզչության հարցերի պատասխանատու և Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Տոգոյի բաժանմունքի գլխավոր քարտուղար: 2011-ից Վուլեն եղել է Մարդու և ժողովուրդների իրավունքների առնչությամբ հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Աֆրիկյան հանձնաժողովի աշխատանքային խմբի փորձագետ անդամ:

Հատուկ զեկուցողները մասն են կազմում Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի: Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների խոշորագույն մարմինը, խորհրդի անկախ փաստահավաք և մոնիտորինգի մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որը զբաղվում է կամ կոնկրետ երկրների իրադրություններով, կամ աշխարհի բոլոր մասերին վերաբերող թեմատիկ հարցերով: Հատուկ ընթացակարգերի փորձագետները աշխատում են կամավոր հիմունքներով. նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն և չեն վճարվում իրենց աշխատանքի համար: Նրանք կախված չեն որևէ կառավարությունից կամ կազմակերպությունից և ծառայում են իրենց անհատական կարողությունների հիման վրա:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment