Խաղաղության նոբելյան մրցանակ 2018. Ովքե՞ր են ֆավորիտները

Խաղաղության նոբելյան մրցանակ 2018. Ովքե՞ր են ֆավորիտները

Հոդվածի առանցքում

  • Ուրբաթ օրն Օսլոյում Նոբելյան կոմիտեն կհրապարակի 2018-ի Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը:

Ուշադրությանն արժանի

Ամեն տարի մրցանակակրի են դառնում նրանք, ովքեր արել են առավելագույնն՝ աշխարհում խաղաղության հաստատման համար:

Անցած տարի հաղթողը Միջուկային զենքի արգելման միջազգային արշավն էր:  23-րդ կազմակերպությունը, որը Խաղաղության նոբելյան մրցանակ ստացավ 1901-ից` մրցանակի հիմնադրման օրվանից սկսած:

Նոբելյան կոմիտեի հրապարակած տվյալներով, այս տարի մրցանակն ունի 331 հավակնորդ: Առաջադրվածներից 216-ն անհատներ են, 115-ը` խմբեր: Սրանից առաջ միայն 2016-ին էր առաջադրվածների թիվն այսքան մեծ:

Ընտրության գործընթացը խիստ գաղտնի է մինչև հաղթողի անվան հրապարակման պահը: Գաղտնի են նույնիսկ թեկնածուների անունները, բայց դա երբեք չի կանխել քննարկումներն ու ենթադրությունները:

Ներկայացնում ենք 2018-ի Խաղաղության նոբելյան մրցանակի ֆավորիտներին`ըստ կանխատեսումների, նախազգուշացնելով, որ Նոբելյան կոմիտեն իրականում չափազանց անկանխատեսելի է:

Կիմ Չեն Ըն և Մուն Չժե Ին

Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցի համալրումներն ու 2017-ի փորձարկումները երկու Կորեաների հարաբերությունները հասցրեցին լարվածության այնպիսի փուլի, ինչպիսին չէր եղել 1950-53-ի Կորեական պատերազմից հետո: Այժմ, նաև իրենց առաջնորդների շնորհիվ` հյուսիսից` Կիմ Չեն Ընի և հարավից` Մուն Չժե Ինի, երկրներն արել են նախնական քայլը՝ միջուկային զինաթափման ուղղությամբ: Անցած ամիս Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային փորձաքննություն անցկացնել օտարերկրյա տեսուչների վերահսկողության ներքո:  Նաև պարտավորվել է միջազգային փորձագետների ներկայությամբ ոչնչացնել բալիստիկ հրթիռների արձակման համար նախատեսված բոլոր առանցքային հարթակները և դադարեցնել միջուկային զենքի արտադրությամբ զբաղվող գլխավոր հյուսիսկորեական համալիրի աշխատանքը:

Բայց Նոբելյան կոմիտեն կարող է չանտեսել ՄԱԿ-ի մեղադրանքները` Կիմ Չեն Ընի ռեժիմն այժմ էլ կատարում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ` խոշտանգումներ, սովամահություն և մահապատիժներ բանտերում: Այնուամենայնիվ, կորեական զույգն իսկապես 2018-ի Խաղաղության նոբելյան մրցանակի ֆավորիտներից է:

Դոնալդ Թրամփ

Հանրապետական 18 կոնգրեսականներ մայիսին նամակ են ուղարկել Նոբելյան կոմիտե` ԱՄՆ նախագահին առաջադրելով 2018-ի Խաղաղության նոբելյան մրցանակի Կորեական պատերազմին վերջ տալու, Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նրա ջանքերի համար: Այսինքն` Թրամփը ֆավորիտ է ճիշտ այն պատճառով, ինչ կորեացի նախագահները:

Պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ նախագահներից այս մրցանակին արժանացել է Բարաք Օբաման` 2009-ին: Որոշ շրջանակներ վիճարկում են Կիմ Չեն Ընին բանակցության դաշտ բերելու հարցում Թրամփի դերը` հիշեցնելով, որ դրանից կարճ ժամանակ առաջ, Հյուսային Կորեայի նախագահի քայլերին ի պատասխան Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր ցույց տալ նրան այնպիսի կրակ ու ցասում, ինչպիսին աշխարհը երբեք չի տեսել:

Կառլոս Պուչդեմոն 

Անցած տարվա հոկտեմբերին Կատալոնիայի անկախության ոչ պաշտոնական հանրաքվեի գլխավոր գործող անձն այժմ աքսորված է և ապրում է Բելգիայում: Լքել է Կատալոնիան` խուսափելով Իսպանիայի իշխանությունների պատժից: Քվեարկությանը հետևեցին Մադրիդի ճնշումները` սառեցնելով մոտ ապագայում Կատալոնիայի անկախության հույսերը: Թեև Պուչդեմոնը երկար ժամանակ մեկուսացված էր, նրա հնարավորությունները գնահատվում են բավական բարձր:

UNHCR

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն առաջամարտիկ է ամբողջ աշխարհում պատերազմներից և հալածանքներից փախչող մարդկանց օգնելու հարցում: 1954-ին և 1981-ին UNHCR-ն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի:

Այս տարի կառույցը հայտարարեց, որ 2017-ին աշխարհում տեղահանվել է ավելի շատ մարդ, քան երբևէ: Նոր մրցանակը տեղին կլինի:

Հռոմի պապ

Հռոմի պապերը երբեք Նոբելյան մրցանակի չեն արժանացել, բայց Ֆրանցիսկոս պապն արդեն 5 տարի` 2013-ին ձեռնադրվելուց հետո, ֆավորիտ է: Այդ տարի նա TIME-ի վարկածով դարձավ Տարվա մարդ` եկեղեցին ավելի համեստ և կառուցողական դարձնելու իր ջանքերի համար: Բայց 2018-ը Պապի համար հեշտ տարի չէր: Բացահայտվեցին հոգևորականների՝ սեռական բռնությունների խայտառակ մանրամասներ: CNN-ի հարցման տվյալներով, 2013-ին Ֆրանցիսկոս պապին ֆավորիտ էր համարում ամերիկացիների 72% տոկոսը, 2018-ին այդ թիվը նվազել է` հասնելով 48%-ի:

Ռաիֆ Բադավի

Սաուդցի բլոգեր Ռաիֆ Բադավին ձերբակալվել է 2012-ին` համացանցում իսլամը վիրավորելու մեղադրանքով: Նույն տարում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և մտրակի 1000 հարվածի: Նա դեռ բանտում է` մի երկրում, որը թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը փորձում է ռեբրենդինգի ենթարկել, ներկայացնել ավելի լիբերալ: Եթե Բադավին հաղթի, նա չի լինի առաջին քաղբանտարկյալը, որը դառնում է Նոբելյան մրցանակակիր: 2010-ին մրցանակ է ստացել մարդու իրավունքների հարցերով չինացի ակտիվիստ Լիու Խիաոբոն: Նա մահացել է 2017-ին, քաղցկեղից:

ACLU

Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության հիմնադիր անդամներից Ջեյն Ադամսը Խաղաղության նոբելյան մրցանակ ստացած առաջին ամերիկուհին էր: Դա 1931-ին էր: Այս տարի ACLU-ն ԱՄՆ սահմանին ծնողներից բաժանված ավելի քան 2000 երեխաների անունից դատական գործ է սկսել, որի արդյունքում ֆեդերալ դատարանի որոշմամբ իշխանությունները պարտավորվեցին երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքներին: Այս խնդիրն ամռանը շաբաթներ շարունակ նախագահ Թրամփի օրակարգում էր:

Պաշտոնավարման առաջին օրից սկսած Սպիտակ տան ղեկավարի համար ամերիկյան այս միությունն առաջացրել է բազմաթիվ այլ խոչընդոտներ ևս: ACLU-ն ընտրելը Նոբելյան կոմիտեի համար կնշանակի անտեսել ԱՄՆ նախագահին` մրցանակը նրան հանձնելու փոխարեն: Եվ սա այն դեպքում, երբ Թրամփն ասել է` «բոլորը կարծում են»` ինքն արժանի է:

Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը կհրապարակվի հոկտեմբերի 5-ին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment