Իրանի տնտեսական ճգնաժամը մեկ գիշերում կործանում է միջին խավը

Իրանի տնտեսական ճգնաժամը մեկ գիշերում կործանում է միջին խավը

Անցած գիշեր, երբ Թեհրանի բնակիչ Կևեհ Թայմուրին 10։30 վերադարձավ իր նոր աշխատանքից, թավայի մեջ ուտելիք չկար։ Նրա կինը և նախկին գործընկերը՝ Ռեյհանեն, կարծում են, որ նրա տրամադրությունը տեղն է ընկնում։ «Գոնե դադարել է գոռալ երազում»,- ասաց նա։

Մինչև նրանց «անկումը», ինչպես իրենք են ասում, Թայմուրիներն իրանական միջին դասի ընտանիքի մոդել էին։ Ունեին ծաղկող բիզնես, կարողանում էին փող խնայել սեփական տան համար։ Հիմա նրանք այլ տեսակի մոդել են։ Միջին խավի միլիոնավոր իրանցիներ, որոնց կյանքը գլխիվայր շրջվեց գրեթե մեկ գիշերվա մեջ, իրենց կամքից անկախ տնտեսական ճգնաժամի հետևանքով խորտակվեցին։

Իրանի տնտեսությունը խառնաշփոթի մեջ է՝ տարիների սխալ կառավարման և նորացված տնտեսական սանկցիաների պատճառով։ Կառավարությունը 10 տարվա ընթացքում տարեկան փողի ծավալն ավելացրել է տարեկան 30 տոկոս՝ լրացուցիչ կանխիկ գումարով փակելով բյուջեի դեֆիցիտը և այլ ծախսեր։ Համեմատության համար օրինակ՝ ԱՄՆ-ում վերջին տասնամյակում փողի ծավալն ավելացվել է տարեկան միջինը 6,4 տոկոս։

Պարոն Թայմուրին նստում է և հաշվում անցած տարի իրենց ընտանիքին պատուհասած ֆինանսական ճգնաժամը։  Նրանց անցած տարվա ամսական եկամունը 50 միլիոն ռիալից կամ մոտ 1400 դոլարից այս տարի հասավ 10 միլիոնի կամ 90 դոլարի՝ ներկա փոխարժեքով։

«Եթե մեկն ինձ ասեր, որ մի օր այսպես կապրենք, կծիծաղեի»,-մինչև լռելը դառնացած ասում է Թայմուրին։ Ի վերջո, խոսում է նրա կինը։

«Ես այդ աստիճան տխուր չեմ, որովհետև մենք մենակ չենք,- ասաց նա,- Դա շատ մարդկանց հետ է պատահում»։

Պարոն Թայմուրին փոխարժեքի անկումը սպեկուլյանտներին է վերագրում, ինչպես նաև կառավարությանը՝ «կողք կանգնելու համար»։ Մյուսները Թրամփին են մեղադրում։

«Դա իսկապես Թրամփի մեղքով է։ Նա թողել է միջուկային համաձայնագիրը, բայց ոչ Իրանը»,- ասում է «Աշունը վերջին սեզոնն է» բեսթսելլերի 29-ամյա հեղինակ Նասիմ Մարաշին։ Գիրքը Թեհրանում ապրող միջին խավի երեք երիտասրադ կանանց մասին է։ Չորս տարվա մեջ այն 35 անգամ տպագրվել է։

80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը ծաղկող ու մեծ միջին խավ ուներ։ Այդ դասի մարդիկ ամեն ամիս միջինը 700 դոլար եկամուտ էին ունենում։ Քաղաքականապես ազդեցիկ այդ խավը մշտապես հավանություն է տվել այնպիսի թեկնածուների, որոնք Արևմուտքի հետ ավելի լավ հարաբերությունների կողմնակից են, ինչպես օրինակ՝ ներկա նախագահ Հասան Ռոհանին։ Հազվադեպ են նրանք տնտեսական այդքան մեծ ճնշման տակ եղել, ինչպես այսօր են։ Վերջերս առնվազն երկու մարդ է կախվել, որոնք դատապարտվել էին շուկաները մանիպուլացնելու համար։

Բոլորը չէ, որ Թայմուրիների չափ տուժել են, որոնց բիզնեսն այդքան խոցելի էր փոխարժեքային կոլապսի նկատմամբ։ Բայց Ռոհանիի նախկին խորհրդական Աբաս Թորքանն ասում է, որ միջին խավը 50 տոկոսով կրճատվել է։

Տիկին Մարաշիի գրքի վաճառքն ամսական 120 միլիոն ռիալից իջել է 20 միլիոնի։ Ինչպես հեղինակն է ասում. «Գրքերն անհրաժեշտություն չեն»։

Արտաքուստ Թեհրանը, կարծես, նույն աղմկոտ մեգապոլիսն է։ Դեռ նոր ռեստորաններ են բացվում։ Ամեն երեկո ամբողջությամբ վաճառվում են «Թշվառները» ներկայացման իրանական տարբերակի տոմսերը։ 3,5 հազար մարդ թատրոնի տոմսի համար վճարում է 16 դոլարին համարժեք։ Բայց ճաքերը երևում են։

Սուպերմարկետում մարդիկ ուշադիր գներն են զննում։ Որոշ ներկրվող ապրանքներ, օրինակ՝ Փուրինա կենդանիների կերն անհետացել է։ Արևմտյան բրենդներ վաճառող խանութները փակվում են։ Բնակարանների վարձերի ավելացումը դուրս է մղում մարդկանց իրենց թաղամասերից, իսկ Եվրոպայի տոմսերը երկու ամսվա աշխատավարձ արժեն։

Ցավը, որ մարդիկ զգում են, կարող է միայն սկիզբը լինել, ասում է իրանցի տնտեսագետ Ֆաեզեհ Ֆորուզան. «Կարճաժամկետ, միջին խավի մարդիկ առայժմ կկրճատեն ճոխություները։ Բայց ապագայում բոլորը կտուժեն ներդրումների պակասից, որոնց արդյունքում աշխատատեղեր էին ստեղծվում»։

Թայմուրիների համար ցավը ակնթարթային էր թվում։ Նրանք հանդիպեցին 5 տարի առաջ աշխատավայրում, համբույրներ պատճենահանման սարքի մոտ, ու նրանք հասկացան, որ կարող են փող աշխատել սեփական բիզնեսով՝ վաճառելով համակարգչային աքսեսուարներ։

Ծնվեց նրանց որդին։ Ամեն ինչ իրար խառնվելուց մեկ շաբաթ առաջ նրանք ծնողներին հայտնեցին, որ սպասում են երկրորդ երեխային։ Բայց հունվարին ռիալի արժեքն ընկավ, և Թայմուրիների ապրանքները, որ դոլարով և եվրոյով էին, շատ իրանցիների համար դարձան անհասանելի։ Տիկին Թայմուրիի հեռախոսը դադարեց զանգել, պատվերները հօդս ցնդեցին։ Փոխարենը սկսեց զանգել պարոն Թայմուրիի հեռախոսը։ Վարկերն էին ուզում, որոնցով ապրանք էր գնել։

«Նրանք իրենց փողն էին ուզում, բայց մենք ոչինչ չէինք վաճառել»,- ասում է նա։

Տիկին Թայմուրին պատմում է, որ մի օր ամուսինը եկել է տուն, ընկել բազմոցին և ասել՝ ամեն ինչ ավարտված է։ Եվ Թայմուրիները վաճառեցին ավտոմեքենան, կահույքը, գորգերը, որ հարսանիքին էին նվեր ստացել։ Պարոն Թայմուրին վաճառեց խանութը՝ պայմանով, որ կարողանա աշխատել այնտեղ։ Հետո նրանք տեղափոխվեցին իրենց բնակարանից։

«Մենք չենք հավանում այստեղ,- ասում է նա՝ ցույց տալով աշխարհում ամենամեծ գերեզմանատներից մեկը,- Մենք ծրագրում էինք կենտրոն գնալ և ոչ մահացածների մոտ»։

Պարոն Թայմուրին փոքրիկ դստերն է դուրս բերում սենյակից։ Այդ պահին կինը սկսում է արտասվել. «Նոր էի հղիացել, երբ հանկարծ ամեն ինչ շուռ եկավ։ Ընդունում եմ, որ մտածել եմ աբորտի մասին։ Բայց չնայած ամենին՝ ուրախ եմ, որ աղջիկս ծնվեց»։

Նույնիսկ միջին խավի բարձր շերտերում գտնվողները զգացին հարվածը, ինչպես տիկին Մարաշին. «Մենք հաջողակ ենք, որ անցած տարի գնեցինք այս տունը։ Հիմա այլևս չէին կարող նման բան մեզ թույլ տալ»։

Նրա գրքում երեք գլխավոր կերպարներն էլ անհաջողությունների են հանդիպում 2009-ի հակակառավարական ցույցերից հետո։ Մեկին, որը լրագրող էր, հեռացնում են աշխատանքից, մյուսը մտահոգ է հասարակության համար, երրորդը երազում է արտագաղթել, բայց չի կարող վիզա ստանալ։

«Հիմա գրեի գիրքը, վիզայի մասին ոչինչ չէր լինի, քանի որ արտասահման մեկնելը չափազանց թանկ է արդեն,- ասում է նա,- Լրագրողին աշխատանքից հեռացնելը դեռ հավանական է, բայց այն պատճառով, որ թուղթ չափից շատ է թանկացել, և հրատարակչությունները փակվում են»։

Զույգը պլանավորել էր եվրոպական տուրի մեկնել Իտալիայում ստացած մրցանակի առիթով, բայց տոմսը հիմա նրա երկու ամսվա աշխատավարձն արժե, այնպես որ, նրանք չեղարկել են ճամփորդությունը։

Այդուհանդերձ, տիկին Մարաշին ասում է, որ կարող էր ավելի վատ լինել՝ մտածելով 1980-ականներին Իրաքի հետ պատերազմն անցած մարդկանց մասին։

«Մենք ավելի դժվար ժամանականեր ենք ունեցել»,- ասում է նա։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment