Ինչպես է Պուտինը կատարելագործում իր սահմանային ծրագիրը

Ինչպես է Պուտինը կատարելագործում իր սահմանային ծրագիրը

Հոդվածի առանցքում

  • Ամեն ինչ` բուֆերային քաղաքականության մասին. 2016-ին Թրամփի օգտին Կրեմլի միջամտությունից մինչև Ուկրաինային, Վրաստանին ու սահմանային պետություններին ուղղված սպառնալիքները:

Ուշադրությանն արժանի

Մինչ արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ուժի կիրառումը, Ռուսաստանի հարևան մեկ այլ երկիր՝ Վրաստանը, չորեքշաբթի անցկացրեց միջանկյալ նախագահական ընտրություններ, որոնք կօգնեն որոշել նրա աշխարհաքաղաքական ուղղությունը. Մոսկվա՞, թե ՞ Արևմուտք:

Չնայած վրացական ընտրությունների վրա շատ ավելի քիչ ուշադրություն դարձվեց, այնուամենայնիվ, երկու իրադարձությունը վերակենդանացնելուն ուղղված Ռուսաստանի առաջնորդի անխոնջ ջանքերի վճռական թեստեր էին: Նախկին խորհրդային  հանրապետությունների վրա ազդեցության ոլորտը պահպանելու համար օգտագործվում են այնպիսի ապշեցնող մեթոդներ, ինչպիսիք են սողացող անեքսիան, գաղտնի սպանությունը, ամենուրեք ժողովրդավարության թվային խաթարումը:

Transparency International-ի և ոչ կառավարական մյուս կազմակերպությունների կարծիքով, Վրաստանի հարցում, որը մեծ հաշվով, ընդառաջ է գնում Պուտինին, այդ մեթոդները ներառում են ուղղակի հարկադրանք, ընտրակաշառք, ատելություն և ընտրողների խարդախություն: Այս ջանքերն ուղղված են վիճարկելու աջակցությունը Ռուսաստանի բարեհաճ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին  և թուլացնելու նրա հակառակորդ Գրիգոլ Վաշաձեին, արտաքսված արևմտամետ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետևորդին:

Փաստորեն, Վլադիմիր Պուտինը փորձում է հաջողության հասնել Վրաստանում, ինչը նրան չհաջողվեց Ուկրաինայում. կեղծել ընտրական համակարգը՝ հիմնելով Մոսկվային բարեկամաբար տրամադրված կառավարություն: Նա պատրաստ է անհրաժեշտության դեպքում բռնություն կիրառել, ինչն արեց 2008 թ.-ին, երբ ներխուժեց Վրաստանի տարածքի մի մասը և բռնակցեց Ղրիմը, երբ 2014-ին Ուկրաինայում հակակառավարական ապստամբության արդյունքում Ռուսաստանի կամակատար ուկրաինացի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախավ երկրից:

Վերլուծաբանների կարծիքով` Պուտինը, կարծես թե, հաջողության է հասնում այս խաղում՝ համախմբում է հարևաններին սպառնալիքների, խորամանկության և ուժի միջոցով: Վրաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, 2012 թվականից հնազանդ է: Այս ընթացքում Պուտինը հաջողության հասավ իր հակառակորդների, հատկապես` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարցում:

Սկսած Թրամփի նախագահության առաջին պահից մինչև նրա հելսինկյան ելույթը, մինչև նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսում G-20-ի գագաթնաժողովի ժամանակ սպասվող բարեկամական զրույցը, ԱՄՆ նախագահը Կրեմլին տվել է անհրաժեշտ աջակցությունը: Թրամփը չկարողացավ ուղղակի քննադատել Ուկրաինա Պուտինի բռնի միջամտությունն այս շաբաթ, չկարողացավ անցյալ շաբաթ էլ հերքել ավտորիտար ռեժիմների կողմից քաղաքական ընդդիմախոսների սպանությունը` ասելով. «Աշխարհը շատ վտանգավոր տեղ է»:

Թարմփը խոսում էր սաուդցի սպանված լրագրող Ջամալ Խաշոգիի մասին, սակայն տարիների ընթացքում Պուտինի բազմաթիվ հակառակորդներին՝ Սերգեյ Մագնիտսկուն, լիբերալ առաջնորդ Բորիս Նեմցովին և լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանողներին ուղղված ուղերձը պարզ էր:

«Դա անսպասելի հաջողություն էր Պուտինի համար», – ասել է նախկին պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը, -«Թրամփը զինաթափեց մեզ այս ճակատամարտում: Եթե բոլորը նույնն են, և մենք թույլ ենք տալիս մեր ընկերներին սպանել իրենց մրցակիցներին, ուրեմն մենք ոչնչով չենք տարբերվում Պուտինից»:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, դատապարտել է Ռուսաստանի զինված ուժերի գործողությունները, երբ կիրակի ռուսական կողմը կրակեց ուկրաինական նավերի ուղղությամբ` դրանք գնահատելով «ևս մեկ անխոհեմ ռուսական լարվածություն»: Պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ նման ոճ օգտագործեց, մինչդեռ Թրամփը ցուցադրեց իր ծանոթ բարոյական հավասարությունը:

«Ամեն դեպքում, մեզ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում և հուսով եմ, որ դա կուղղվի, – ասել է նախագահը:

Թույլ արձագանքի համար քննադատվելուց հետո Թրամփն ավելի ուշ ակնարկել է, որ հնարավոր է Բուենոս Այրեսում չկայանա Պուտինի հետ հանդիպումը , հայտնում է  Washington Post-ը.

«Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան»:

Բայց նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ասել է, որ հանդիպումը  ծրագրված է:

Պուտինի հետ Թրամփի լուռ համագործակցության դրդապատճառները պարզ չեն: Իր խոսքում ԱՄՆ նախագահը երբեմն այն միտքն է առաջ քաշում, որ ուղղում է Վաշինգտոնի նախկին սխալը, այն է` Ռուսաստանին անհեթեթ հրահրում սառը պատերազմից հետո: Թրամփն արձագանքում է քննադատներին, որոնք ասում են, թե Արևմուտքը մասամբ մեղավոր է  Պուտինի հակաարևմտյան արշավի համար, քանի որ ՆԱՏՕ-ն, որը չի վայելում Թրամփի վստահությունը, ագրեսիվ առաջ է շարժվում Արևելքում: Մյուս կողմից, որոշ քննադատներ և ուսումնասիրողներ կասկածում են, որ Կրեմլը կարող է Թրամփի և նրա բիզնեսի մասին տեղեկատվություններ ունենալ: Այս շաբաթ Թրամփի նախընտրական կառավարիչ Պոլ Մանաֆորթը մեղադրվեց դավադրության մեղադրանքով գործի քննությունը խախտելու համար: Նա չի հայտնել, որ Ուկրաինայում աշխատել է ռուսամետ քաղաքական կուսակցության համար:

Ընդհանուր առմամբ, Պուտինը ստեղծեց, իսկ Թրամփը, կարծես թե, նպաստում է Եվրասիայում մաքիավելլական ազդեցությանը, որն ուղղված է Արևմուտքի դեմ: Ըստ Պիտեր Ելցովի, Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարանի միջազգային անվտանգության գծով պրոֆեսորի, այն կոչել են Մոսկվայի «թավշյա վրեժ»:

Այսօր Կրեմլի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում «բուֆերային գոտիներն» են՝ նախկին խորհրդային միության երկրները: «Ամենայն հավանականությամբ, այստեղ պարբերաբար ռազմական սցենարներ կիրականացվեն: Օրինակ է համարվում Կերչի նեղուցում ռուսական և ուկրաինական ռազմական նավերի ներկա առճակատումը: Ամեն ինչ ավելի վատթարանում է», – ասել է Ելցովը:

Բուֆերային գոտին ներառում է Վրաստանը, այդ պատճառով Պուտինը համառորեն ձգտում է վերականգնել իր քաղաքականությունը, երբ 2008 թվականին ներխուժեց ու գրավեց Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանամերձ շրջանները: Անցյալ ամառ Պուտինը զգուշացրեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի հետ ավելի սերտ կապեր հաստատելու համար:

«Մենք պատշաճ կերպով կարձագանքենք նման ագրեսիվ քայլերին, որոնք ուղղակի սպառնալիք են Ռուսաստանի համար», – ասել է նա:

Իր վերջին ռազմածովային արձագանքով, Պուտինը, կարծես թե, փորձում է ամրապնդել հսկողությունը Ազովի ծովում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, իսկ Արևմուտքը թափահարում է ձեռքերը:

Կրեմլը արդեն իսկ խորապես ներգրավված է չորեքշաբթի կայացած վրացական նախագահական ընտրություններում, թեև Վրաստանում հիմնական արարողակարգային պաշտոնը համարվում է խորհրդարանական համակարգը:

Նշվում է, որ չորեքշաբթի քվեարկությունը մեծապես կեղծվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդավոր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից, որը համարվում է Պուտինի ընդհատակյա դաշնակիցը: Իվանիշվիլիի կուսակցությունը խորհրդարանը ղեկավարում է 2012 թվականից:

Իհարկե, ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ լինել բացարձակ ռուսամետ, երկու կողմն էլ միմյանց մեղադրում են Պուտինի կամակատար լինելու համար. Իվանիշվիլիի ընտրությունը վրացի էմիգրանտի դուստր Զուրաբիշվիլին է, որը փորձում է չվիրավորել Մոսկվային:

Զուրաբիշվիլին Վրաստանում բարձր վարկանիշ չունի, քանի որ փորձել էր հարմարվել Ռուսաստանին: Նա հայտարարել էր, որ 2008 թ. պատերազմի համար մեղավոր էր Սահակաշվիլին, ոչ թե Պուտինը, Զուրաբիշվիլիի հանրահավաքների կազմակերպիչներն էլ «բացահայտ խոսել են Ռուսաստանի հատուկ գործակալությունների, գաղտնի ծառայությունների հետ համագործակցության մասին», – ասել է Թբիլիսիում Transparency International-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին:

Գիգաուրին հավելել է, որ «Վրացական երազանք» -ի վերաբերմունքը հետևյալն է` «չխանգարենք Ռուսաստանին»: Նա նաև նշել է, որ Զուրաբիշվիլիի հետ հանդես են եկել նոր ուժեր՝ «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը: «Առաջին ռուսամետ ուժերը կհայտնվեն խորհրդարանում»:

«Նախկինում [Սահակաշվիլու] վարչակազմը շատ հստակ հասկացնում էր, որ Ռուսաստանը թշնամի է և միակ ճանապարհը ՆԱՏՕ-ին ինտեգրվելն է, ԵՄ-ի հետ մտերմանալ և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել», – ասել է նա, – «այս վարչակազմի հետ առաջին անգամ տեսանք վրացիների, որոնց համար ռուս զինվորները հերոսներ են»: Այսպիսով, Իվանիշվիլիի ստվերային իշխանության ներքո Վրաստանի խոստումնալից ժողովրդավարությունը գնալով ավելի ու ավելի է դառնում Պուտինի թելադրած ռուսական իշխանության բաղադրիչը:

Չորեքշաբթի քվեարկությունը կլինի կարևոր ցուցանիշ, արդյոք Պուտինը ավելի լավ է ղեկավարում «կառավարվող ժողովրդավարությունը», ինչպես դա հաճախ կոչում են: Բայց նա դժվար կանգ առնի: Պուտինի ընդհանուր տեսլականն է` առաջին հերթին «իր համար ստեղծել ռազմավարական խորություն, որպեսզի համոզվի, որ իր սահմաններում ոչ ոք չի կարող իրեն սպառնալ», – ասում է Սթայնբերգը, -«երկրորդը՝ թուլացնել Արևմուտքը,  ստիպել մարդկանց մտածել հրդեհները մարելու մասին », – ասել է նա:

Ըստ Ելցովի, «Կրեմլի արտաքին քաղաքականության և ռազմական արշավների վերջնական նպատակն է ոչնչացնել կամ զգալիորեն նվազեցնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ազդեցությունն այնտեղ, որտեղ այն կա, բայց բուֆերային գոտու վերահսկողությունը թիվ մեկ հրամայականն է: Թրամփի «Առաջինն Ամերիկան է» քաղաքականության հետ Պուտինի ձեռքերը շատ ազատ են աշխարհի այս հատվածում:

Կրեմլը ռազմավարական բուֆերային գոտում առանձնացնում է իրենց նշանակությամբ չորս մակարդակ: Առաջին աստիճանը ներառում է Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը, երկրներ, որոնք ընդգրկված են Ռուսաստանի հիմնարար սահմանման մեջ` ասում է Նոբելյան մրցանակակիր գրող Ալեքսանդր Սոլժենիցինը, որը ժամանակին Արևմուտքում հակառուսական հերոս էր, բայց վերջին տարիներին դարձել էր խիստ ռուս ազգայնամոլ և Պուտինի երկրպագու:

Երկրորդ աստիճանը Կովկասն է, որը ներառում է Հարավարևելյան Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը:

Երրորդ շարքում Կենտրոնական Ասիան է՝ Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը:

Պուտինը արդեն իր ազդեցությունն է տարածել այդ երկրների մեծ մասի, ինչպես նաև (անուղղակիորեն) նախկին խորհրդային դաշինքի երկրների՝ Հունգարիայի և Լեհաստանի վրա: Ելցովը կարծում է, որ Արևմուտքի համար ճգնաժամային վիճակ կստեղծվի, երբ Պուտինը փորձի իր ազդեցությունը տարածել չորրորդ մակարդակում գտնվող Բալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի վրա, որոնք զգալի ռուս բնակչություն ունեն, բայց նաև ՆԱՏՕ-ի անդամ են:

«Մեծ խնդիր է համարվում ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը», – ասել է Ելցովը `անդրադառնալով ՆԱՏՕ-ի պայմանագրի այն դրույթին, որտեղ նշվում է, որ եթե դաշինքի անդամի վրա ուղղակի հարձակում կատարվի, անվտանգության վերականգնման նպատակով ՆԱՏՕ-ն խոստանում է              «անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություն ձեռնարկել»:

«Արդյոք դա կլինի ներխուժում: Իսկ ԱՄՆ-ը կպատասխանի, եթե ասենք, Էստոնիայի քաղաք Նարվայում, որը նվաճել էր Պյոտր Առաջինը, մոտ է Սանկտ Պետերբուրգին և բնակեցված է հիմնականում ռուսներով, ռուսախոս բնակչությունն անսպասելի ապստամբի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment