Ինչպես է Իրանը ստեղծում բազմակողմ անվտանգության նոր ձևաչափ

Ինչպես է Իրանը ստեղծում բազմակողմ անվտանգության նոր ձևաչափ

Հոդվածի առանցքում

  • 2018-ի սեպտեմբերի վերջին «Տարածաշրջանային անվտանգության երկխոսություն» խորագրով առաջին գագաթնաժողովը նախաձեռնելով՝ Թեհրանը նշանակալի քայլ արեց Եվրասիական անվտանգության գործակցության բազմակողմ ձևաչափ ստեղծելու ուղղությամբ: Հավաքին մասնակցում էին ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Ռուսաստանից, Չինաստանի և Հնդկաստանից:

Ուշադրությանն արժանի

Փաստացի, ԱՄՆ սկսած միջազգային պատժամիջոցներին Թեհրանը պատասխանում է Ասիայի առաջատար պետությունների հետ անվտանգության բազմակողմ գործակցություն ստեղծելու և զարգացնելու ջանքերով: Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի մասին բացահայտ հայտարարությունից բացի գագաթնաժողովի հայտարարության մեջ ներառված էին նաև կետեր, որոնք ցույց են տալիս կայունացման լայն օրակարգը` Սիրիայի արևմուտքից մինչև ամբողջ Կենտրոնական Ասիա: Գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են ստեղծված հարթակը դարձնել պաշտոնական և խորացնել բազմակողմ գործակցությունը` ազգային անվտանգության հարցերով խորհրդականների նման հանդիպումները դարձնելով ամենամյա:

Աշխարհագրությամբ և պատմությամբ պայմանավորված Իրանը Ասիայի ուղղությամբ կտրուկ փոփոխություններ չի անի: Պարսկական կայսրությունները բոլոր ժամանակաշրջաններում եղել են ազդեցիկ Եվրասիական ուժեր: Իրանի Look East քաղաքականությունը, 2005-13-ին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին միտված էր դեպի Արևելք` Արևմուտքի պատժամիջոցների ենթատեքստում: Այնուամենայնիվ Ռուսաստանի և Չինաստանի հետ առևտրային հարաբերություներից բացի Թեհրանը ձգտում է Մոսկվային և Պեկինին ներառել իր հակա-ամերիկյան քաղաքականության մեջ:

Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը արձագանքելով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին 2018-ի փետրվարին հայտարարեց իր նոր քաղաքականության մասին, որը կոչվում է նախընտրելով Արևելքը Արևմուտքից: Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ կոլեկտիվ անվտանգության բազմակողմ հարթակ ստեղծելու Իրանի նոր ջանքերը, կարծես թե, կարող են լինել ավելի հաջողակ, քան նախորդ փորձերը:

Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի համար շիայական Իրանն ահաբեկչության դեմ պայքարի հարցում բնական դաշնակից է, քանի որ այդ երկրներից յուրաքանչյուրը ցածր ինտենսիվությամբ, բայց բախվում է տեղական կամ միջազգային սունի ծայրահեղականների հետ կոնֆլիկտներից բխող վտանգների: Տարածաշրջանային անվտանգության երկխոսության գագաթնաժողովն ամփոփող հայտարարության 9-րդ կետը բացահայտում է Եվրասիական տնտեսական գործակցության առնչությունը ստեղծվող անվտանգության հարթակի հետ:  9-րդ կետում նշված է` նման գործակցության նպատակներից մեկը տնտեսական և առևտրային գործակցության զարգացումն է` անվտանգ փոխադրումների ուղիներ հիմնելով` եղած ենթակառուցվածքներն օգտագործելով կամ ստեղծելով նորերը:

Պեկինի Եվրասիական առևտրի գլխավոր ուղու`  Belt and Road Initiative (BRI)-ի համար Իրանն առաջարկում է  նշանակալի լրացում` Չինաստանը Եվրոպային  կապող և Ռուսաստանի տարածքը շրջանցող երկաթուղի: Չինաստանն այժմ ծրագրում է օգտագործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և բեռնափոխադրումներն իրականացնում է Կենտրոնական Ասիայից դեպի Ադրբեջան ճանապարհով: Իրանական երկաթգիծը կարող է առաջարկել ծախսերի առումով ավելի շահավետ տարբերակ: Օգտագործելով Իրանի հյուսիս-հարավ երկաթգիծը կարող են  միմյանց կապվել Իրանի հիմնական Արևելք-Արևմուտք միջանցքը և Միջին Արևելքն ու Արաբական ծովը:

Պեկինն այդպիսի ուղղահայաց առանց արդեն ստեղծում է` 46 մլրդ դոլարով Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքը, որը կարող է միացնել Պակիստանում Չինաստանի կառուցած Գվադար նավահանգիստը և Չինաստանի անհանգիստ Հինջիանգ նահանգի Կաշգար քաղաքը: Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքին հակակշռող Չինաստան-Իրան միջանցքն առաջարկում է լրացուցիչ առավելություն` ցամաքային ճանապարհ դեպի Միջին Արևելք` անվտանգության և կառուցման առումով նվազ վտանգներով: Պակիստանի հետ Պեկինի միջանցքն անցնում է պակիստանի Խյբեր Պախտունխվա շրջանով, որտեղ պատմականորեն ուժեղ դիրքեր ունեն Թալիբանի զինյալները, և Բալոչիստանով, որն էթնիկ տարաձայնությունների էպիկենտրոն է: Ավելին` երկաթուղի կառուցելու համար խոչընդոտ են Կարակորումի լեռները: Սրան հակառակ, Չինաստան-Իրան միջանցքը չունի անվտանգության առումով նման խնդիրներ և կներառի արդեն կառուցված երկաթգծեր` դրանք նորոգելով և դարձնելով արագընթաց, համապատասխան միջազգային ստանդարտներին:

2016-ի հունվարին կատարվեց Չինաստանից դեպի Իրան առաջին բեռնափոխադրումը` Չինաստանի արևելքի Ժեիջիանգ նահանգից` Շանհայի հարավից դեպի Իրան: 14 օրում: Սա 2/3-ով ավելի քիչ է այն ժամանակից, որն անհրաժեշտ է Շանհայից դեպի Բանդար Աբաս հասնելու համար: Կենտրոնական Ասիայում խորհրդային շրջանի երկաթուղին նոր և արագընթացով փոխարինելով փոխադրման համար անհրաժեշտ ժամանակն ավելի կկրճատվի:

Ավելին, Հնդկաստանը ևս նախընտրում է Իրանին` Հնդկական օվկիանոսից դեպի Եվրոպա առևտրային միջանցքի մասով: Իրանը և Հնդկաստանը դաշնակիցներ են Աֆղանստանում, Պակիստանի դեմ: Պեկինի հետ տնտեսական մրցակցությամբ պայմանավորված Նյու Դելլին Իրանի Չաբահար քաղաքում սկսել է կառուցել մեծ նավահանգստ: Չինաստանի  Belt and Road Initiative (BRI)-ի դիմաց Հնդկաստանն ունի Նյու Դելիի միջազգային Հյուսիս-Հարավ միջանցքը (INSTC): Կենտրոնական Ասիային Հնդկաստանի առավել հասանելիությունը սահմանափակում է Պակիստանը: Չաբահարի նոր նավահանգիստը և INSTC-ը, որն անցնում է Իրանի և Աֆղանստանի արևմուտքով Նյու Դելիին հնարավորություն կտա հասնել Կենտրոնական Ասիա, Ռուսաստան և, վերջապես, Եվրոպական շուկաներ` Չինաստանի հետ մրցակցելիս Հնդկաստանի համար ստեղծելով հավասար պայմաններ: Չաբահարի նավահանգիստը 72 կմ է հեռու և դեպի արևմուտք Պակիստանում Չինաստանի կառուցած Գվադար նավահանգստից: Այս նավահանգիստը դառնալու է INSTC-ի ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Եվ նախատեսվում է, որ այս ճանապարhը կլինի ծախսերի առումով 30 տոկոսով ավելի էֆեկտիվ, քան Կարմիր ծովով, Սուեզի ջրանցքով և Միջերկրականով ավանդական ծովային ուղին:

Ռուսաստանը Հյուսիս-հարավ միջանցքի մասով ունի նույն հետաքրքրությունները, ինչ Հնդկաստանը: Մոսկվայի գլխավոր նպատակը Հարավային Կովկասում և Կասպից ծովի ավազանում իր շահերն ապահովագրելն է: Ադրբեջանի հետ Թուրքիայի էներգետիկ և փոխադրումների հաջող գործակցությունը հնարավորություն է տալիս Անկարային ներկա լինել Հարավային Կովկասում և գնալ ավելի հեռու` Թուրքմենստանով և Կենտրոնական Ասիայի այլ երկրներով: Ռուսաստանի և Չինաստանի համար իրենց սահմաններին այսքան մոտ վտանգավոր է նաև այս տարածաշրջանի թյուրքալեզու բնակչության շրջանում թուրքական ազդեցությունը:

Եվրասիական տարածաշրջանի հարավային գոտում ազդեցության համար մրցակցության առումով, Մերձավոր Արևելքում և Կովկասում Իրանն անփոխարինելի գործընկեր է Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի համար: Թեհրանի ջանքերը հիմք են ստեղծել Մոսկվայի, Պեկինի և Նյու Դելիի հետ բազմակողմանի անվտանգության համագործակցության խորացման համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment