Ինչո՞ւ է Ռուդի Ջուլիանին նախատեսում ելույթ ունենալ ռուս պաշտոնյայի հետ, ում նկատմամբ սահմանված են պատժամիջոցներ
Հոդվածի առանցքում
- Ռուդի Ջուլիանին՝ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբանը, նախատեսում է ելույթ ունենալ Հայաստանում անցկացվող խորհրդաժողովում, որին մասնակցում է ռուսական պաշտոնյաներից մեկը, ում նկատմամբ ԱՄՆ-ը սահմանել է պատժամիջոցներ Ռուսաստանի կողմից 2014 թ. Ուկրաինա ներխուժելու համար:
Ուշադրությանն արժանի
Ջուլիանին ժամանել է Հայաստան այս շաբաթվա սկզբին՝մասնակցելու եվրասիական համաժողովին, որը նվիրված է տնտեսական իրավիճակի բարելավմանը ռուսաստանամետ Եվրասիական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: Նյու-Յորքի նախկին քաղաքապետը հայտարարել է, որ Հայաստանում է գտնվում որպես «մասնավոր անձ», այլ ոչ թե որպես Թրամփի անձնական փաստաբան:
Անկախ իր պաշտոնական դիրքից, համաժողովի կազմակերպիչները հայտարարել են, որ Ջուլիանին նախատեսում է երեքշաբթի օրը ելույթ ունենալ ռուսաստանցի պաշտոնյա Սերգեյ Գլազևի հետ, ում նկատմամբ ԱՄՆ-ը և Եվրամիությունը կիրառել են պատժամիջոցներ` Ռուսաստանի կողմից 2014 թ. Հարավային Ուկրաինա ներխուժելու հարցում իր ունեցած դերի համար:
Գլազևը համաժողովին ներկայացվել է որպես «Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական»: Նա կապեր ունի ամերիկյան ծայրահեղ աջակողմյան շրջանակների հետ: Ինչպես հաղորդել էր ThinkProgress-ը այս տարվա սկզբին, Գլազևը մոտ է եղել ամերիկյան հակասեմիթ Լինդոն ԼաՌոշիի հետ, նույնիսկ ԼաՌոշն անգլերեն է թարգմանել Գլազևի գրքերից մեկը: Գլազևը նաև կտրուկ դեմ էր Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությանը, և ըստ մամուլի, 2013-14թթ. Եվրոմայդանի հեղափոխությունից հետո օգնել է կազմակերպել բողոքի ցույցեր Ուկրաինայում:
Նախատեսվում է , որ Ջուլիանին և Գլազևը կխոսեն «Տեխնոլոգիական առաջընթաց և Եվրասիական տնտեսական միության ընդլայնման ներուժ» քննարկման շրջանակում, որի վերաբերյալ Ջուլիանին կարծես թե շատ տեղեկացված չէ:
Ջուլիանիի մասնակցությամբ քննարկումը կվարի Արա Աբրահամյանը, ում հրավերով էլ, ըստ EurasiaNet-ի, Ջուլիանին ժամանել է համաժողովին: EurasiaNet-ի Ջոշուա Կուցերան գրում է.
«[Ջուլիանին] Երևան է եկել ռուս-հայկական գործարար և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով, ով հպարտանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր կապերով: «Նա հրահանգում է, ես՝ կատարում», – ասել է Աբրահամյանը Պուտինի մասին:
Ջուլիանիի խորհրդատվական ընկերությունը և կոնֆերանսի կազմակերպիչներն անմիջապես չարձագանքեցին ThinkProgress- ի հարցմանը նախատեսվող մասնակցությունների մասին:
Եվրասիական երազանք
Մասնակցելով այս շաբաթվա կոնֆերանսին՝ Ջուլիանին դարձավ ամենահայտնի ամերիկյան գործիչը, ով առնչություն ունի Եվրասիական տնտեսական միության ընդլայնման հետ:
2015 թվականին հիմնված միությունը ընդգրկում է Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղըզստանը և վաղուց արդեն ներկայացվում է որպես Մոսկվայի կողմից Եվրամիության օրինակով միության ստեղծման փորձ: Ուկրաինացիները հրաժարվեցին անդամակցել Եվրասիական միությանը՝ փոխարենը նախապատվությունը տալով Եվրամիությանը, որը զգալի դեր է խաղացել Եվրոմայդանի բողոքի ցույցերի հարցում, որի արդյունքում իշխանությունից հեռացվեց նախկինում ազդեցիկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այն ժամանակից ի վեր, ԵԱՏՄ -ն խոշոր հաշվով անտեսվում է հետխորհրդային տարածքի սահմաններից դուրս:
Այս շաբաթվա կոնֆերանսը նմանատիպ երրորդ միջոցառումն է, որը ևս միտված է Եվրասիական տնտեսական միության խրախուսմանը: Ներկայացվելով որպես «Եվրասիական տնտեսական միության խոշորագույն միջազգային գործարար համաժողով», խորհրդաժողովը ոչ միայն առանձնացնում է Կրեմլի կողմից ֆինանսավորվող «Sputnik» ալիքը որպես իր պաշտոնական լրատվական գործընկեր, այլ նաև նրա գլխավոր էջում Ղրիմը ներկայացնում որպես Ռուսաստանի մաս:
Համաժողովին մասնակցելուց զատ Ջուլիանին այցելել է Երևանում գտնվող Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, որտեղ լրագրողներին ասել է, որ նա ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը: «Հայոց Ցեղասպանությունը չպետք է մոռացվի, քանի որ մոռացությունը նշանակում է հնարավորություն տալ, որ մեր դարաշրջանում և ապագայում տեղի ունենան նման սարսափելի ահաբեկչական գործողություններ», – գրել է Ջուլիանին հյուրերի համար նախատեսվող գրառման գրքում, հաղորդում է «Արմենպրես»-ը: «Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխել ապագայում նման անմարդկային արարքներ»:
Ջուլիանին նաև հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Հայաստանի պաշտպանության նախարարը և Ջուլիանին քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր: Դրա մասին է տեղեկացնում ՀՀ պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունը:
Կոնֆերանսը համապատասխանում է այն ընդհանուր ուրվագծի, որը զարգացնում է Ջուլիանին որպես Թրամփի անձնական փաստաբան: Չնայած նախագահի հետ իր աշխատանքային կապերի՝ Ջուլիանին աշխատում է բազմաթիվ մասնավոր հաճախորդների հետ իր անվտանգության ոլորտի ընկերության՝ Giuliani Security & Safety- ի միջոցով:
Այս տարվա սկզբին Ջուլիանին հրապարակել էր մի նամակ, ուր նշվում էր, որ ռումինական կառավարությունը շատ մեծ ջանքեր է գործադրել կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մոտեցումը զգալիորեն տարբերվում է ամերիկյան դիվանագիտական մոտեցման հետ Արևելյան Եվրոպայում թափանցիկության խթանման առումով: Զարմանալի չէ, որ Ջուլիանին ավելի ուշ պարզաբանեց, որ աշխատում էր այն մարդկանց հետ, ովքեր ներկայացնում էին ռումինական հակակոռուպցիոն գործակալությունը:
Այնուամենայնիվ, նախկին նրա գործունեությունը երբևէ այսքան մոտ չի առնչվել պատժամիջոցների ենթարկված ռուս պաշտոնյայի հետ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: