Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերություններում սառնությունը

Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերություններում սառնությունը

Հոդվածի առանցքում

  • Նախկին ԽՍՀՄ անդամ որոշ պետություններ իրականում ավելի ջերմ հարաբերութուններ ունեն Ռուսաստանի հետ, քան Հայաստանը: Հայաստանում վերջին քաղաքական փոփոխությունները հարցականի տակ են դրել ավանդաբար ուժեղ Երևան-Մոսկվա հարաբերությունները՝ հնարավորություն ստեղծելով հեռու և մոտ այլ ուժերի միջամտության համար:

Ուշադրությանն արժանի

Նախկին ԽՍՀՄ անդամ որոշ պետություններ իրականում ավելի ջերմ հարաբերութուններ ունեն Ռուսաստանի հետ, քան Հայաստանը: Կովկասյան այդ երկիրը Գյումրիի 102-րդ ռազմակայանում հյուրընկալում է 5000 ռուս զինծառայող: Միաժամանակ Ռուսաստանը հսկայական ազդեցություն ունի Հայաստանի ռազմավարական տնտեսական ենթակառուցվածքների վրա՝ գազատարներից մինչև հեռահաղորդակցություն: Ռուսաստանը նաև Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է: ՌԴ-ն նաև աշխատանքային հայ միգրանտների գլխավոր ուղղությունն է: Երևանը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է, որոնք հետխորհրդային երկրների ինտեգրացիայի Մոսկվայի ձևաչափն են:

Հայաստանում վերջին քաղաքական փոփոխությունները, այնուամենայնիվ, հարցականի տակ են դրել ավանդաբար ուժեղ Երևան-Մոսկվա հարաբերությունները՝ հնարավորություն ստեղծելով հեռու և մոտ այլ ուժերի միջամտության համար:

Հայաստանի քաղաքական համակարգում դրամատիկ զարգացումներ եղան, երբ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը՝ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած մասշտաբային ցույցերը հրաժարականի դրդեցին ՀՀ առաջնորդ Սերժ սարգսյանին: Դա տեղի ունեցավ 2018-ի ապրիլին: Հայաստանում կայացան նաև արտահերթ խորհրդարանական ընտրութուններ և Փաշինյանի Ելք դաշինքը դարձավ երկրի դոմինանտ քաղաքական ուժը՝ ստանալով ձայների 70 տոկոսը:

Ռուսաստանը Փաշինյանի հայտնվելուն հետևում էր զգուշավորությամբ: Մոսկվան աջակցում էր Սարգսյանի կառավարությանը և թերահավատությամբ էր վերաբերում ցույցերին: Այնուամենայնիվ, Ռուսաստանը չմիջամտեց Հայաստանում տեղի ունեցած ցույցերին: Կրեմլի այդ որոշումը մասնակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ Փաշինյանը կառավարության քննադատությունը սահմանափակում էր հիմնականում կոռուպցիայի մասով և հայտարարում էր, որ աջակցում է Մոսկվայի հետ ռազմավարական և անվտանգության հարցերում գործակցությանը:

Լարվածությունը նկատվեց, երբ Փաշինյանն իշխանության եկավ: Պատճառներից մեկը 2008թ-ի նախագահական ընտրություններին հետևած ցույցերը ճնշելու մեղադրանքով Հայաստանի նախկին առաջնորդներին թիրախավորելու նրա որոշումն է: Արդեն վարչապետի պաշտոնում նա քրգործեր է սկսել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՊՆ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի դեմ: Վերջինս 2016-ից Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր և մեղադրանքների պատճառով ստիպված էր հրաժարական ներկայացնել: Եվ սա զայրացրեց Ռուսաստանին:

Մեկ այլ կողմից լարվածությունն ավելացավ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պատճառով: 2018-ի հուլիսին ռուսական ուժերը զորավարժություն էին անցկացնում Հայաստանի Փանիկ գյուղի մոտակայքում, տեղացիները դուրս եկան ցույցի, Փաշինյանն էլ արձագանքեց՝ նախատելով Ռուսաստանին, որ գյուղացիներին նախապես չի զգուշացրել զորավարժության մասին: Դրանից հետո երկրում ռուսական ռազմական ներկայության դեմ ցույցերը դարձան ավելի պարբերական և ամեն ինչ սրվեց նաև, երբ Գյումրիում մի հայ կնոջ սպանելու մեջ մեղադրվեց ռուս զինվոր: Դրան հետևեցին ցույցեր Երևանում ՌԴ դեսպանատան առջև, նաև Գյումրիում, թեև դրանց մասնակցում էին մի քանի հարյուր մարդ, երբ անցած տարի Փաշինյանի հետ փողոց էին դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ: Այնուամենայնիվ, նրանք արտացոլում են ռուսական ռազմական ներկայության դեմ հայերի շրջանում առկա դժգոհությունը:

Երկու երկրների միջև լարվածությունն ավելացել է նաև անվտանգությանը վերաբերող այլ հարցերի պատճառով: 2018-ի հոկտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասաց, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը՝ հավելելով, որ նման քայլը հիմնարար կլինի Հայաստանի սուվերենության և այլ արտաքին այլ ազդեցությունների չենթարկվելու առումով: Ոչ ոքի համար անհասկանալի չէր, թե որ երկրից ազդեցության չենթարկվելու մասին է խոսում Բոլթոնը: Խոսքը, իհարկե, Ռուսաստանի մասին է, որն անմիջապես քննադատեց այս հայտարարությունը՝ հորդորելով ԱՄՆ-ին չմիջամտել իր գործերին: Փաշինյանը, միաժամանա, Բոլթոնին ասաց, որ Երևանը բաց է ռազմական գնումների շուրջ բանակցությունների համար:

Իրականում ՀՀ-ԱՄՆ ռազմական գործարքը կվտանգի Հայաստանին զենք վաճառելու ՌԴ մենաշնորհը և կստիպի Մոսկվային վերանայել ՀՀ անվտանգության երաշխավորի իր դերը: Ռուսաստանի կարևոր դեր ունի Հայաստանին Ադրբեջանից պաշտպանելու հարցում՝ ԼՂ շուրջ հակամարտության ֆոնին: Կրեմլը զենք է մատակարարում նաև Ադրբեջանին, բայց, իհարկե, կարող է ավելացնել ծավալները, եթե Հայաստանը որոշի գնել ամերիկյան զենք: Սա էլ իր հերթին կարող է առիթ դառնալ, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ գործողութունների անցնի ԼՂ հարցում, ինչի վրա Մոսկվան կարող է աչք փակել՝ հաշվի առնելով Հայաստանի անհնազանդությունը:

Անհամաձայնություններ են նկատվում նաև ՌԴ-ՀՀ գործակցության ավանդաբար ջերմ գործակցության այլ ոլորտներում, ինչպես էներգետիկ սեկտորն է: Գազի գնի շուրջ վերջին բանակցությունների արդյունքում Ռուսաստանը գազը թանկացրեց՝ հազար խ/մ-ի համար նախկին 150 դոլարի դիմաց սահմանելով 165 դոլար՝ հիասթափեցնելով հայ պաշտոնյաներին, որոնք հույս ունեին, որ Ռուսաստանը կնվազեցնի գազի գինը: Գազը թանկացնելու Մոսկավայի որոշման պատճառը հավանաբար Գազպրոմ Արմենիայում ստուգումներն էին, որի արդյունքում բացահայտվեցին խախտումներ, որոնց արդյունքում ռուսական գազային հսկային առաջադրվեց հարկերից խուսափելու մեղադրանք: Արդյունքում Փաշինյանը հայտարարեց, որ հետաքրքրված է Իրանից գազի ներկրումն ավելացնլով և որ իր կառավարությունը կանի ավելին՝ երկրի շահերը պաշտպանելու ուղղությամբ:

Թեև հարաբերություններում նկատվում են լարվածության այսպիսի դրսևորումները՝ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումների ժամանակ պարբերաբար հայտարարում է , որ Հայաստանը ցանկանում է սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ՝աջակցելով ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը: Ի վերջո Հայաստանը շարունակում է կախված լինել Ռուսաստանից անվտանգությանը վերաբերող հարցերում և ԼՂ հակամարտության պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի հետ գոյություն չունեցող հարաբերությունների պատճառով Երևանը հազիվ թե կտրուկ քայլեր կատարի Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունն ավարտելու ուղղությամբ: Մոսկվան ևս հակված է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները, քանի որ ՀՀ-ն ՌԴ առաջնային հենակետն է Կովկասում: Մոսկվան կարող է չարձագանքել տնտեսական և էներգետիկ ոլորտները դիվերսիֆիկացնելու ՀՀ նախաձեռնություններին, բայց երկու երկրները հակված են պահպանել հարաբերությունները ռազմական և անվտանգության ոլորտներում:

Այնուամենայնիվ Մոսկվայի և Երևանի միջև լարվածությունը կարող են օգտագործել այլ երկրներ՝ Հայաստանի հետ հարաբերություններում և տարածաշրջանում ակտիվանալով: Զենքի վաճառք սկսելու ԱՄՆ առաջարկից բացի, Իրանը կարող է ավելացնել գազի արտահանումը դեպի ՀՀ, և ԵՄ-ն ևս կատարեց տնտեսական և քաղաքական քայլեր: Սա այն է, ինչ ապագայում Երևանը կարող է դիտարկել ավելի լրջորեն, թեև դա միայն կխորացնի ՌԴ-Արևմուտք լարվածությունը: Նույնիսկ Թուրքիան կարող է լուրջ քայլ անել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ 2009-ին սկսված նման մի ջանք ձախողելուց հետո, թեև ամեն ինչ նորից կախված կլինի ԼՂ հակամարտության կարգավորումից:

Ինչքան երկար է շարունակվում ՀՀ-ՌԴ լարվածութունը, այնքան ավելանում են կողմերը, որոնք ցանկանում են օգուտ քաղել դրանից և նույնքան մեծանում է հավանականությունը, որ Մոսկվա-Երևան երկարատև հարաբերությունները կարող են ավարտվել:

Կովկասում ՌԴ-ՀՀ հարաբերություններին հակադրվում է Թուրքիա-Ադրբեջան զույգը: Նրանց միջև կարևոր տնտեսական և էներգետիկ տրանզիտ երկիրի է Վրաստանը, որը նաև գործակցում է ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ, թեև չի անդամակցում: Եվ Ռուսաստանն էլ աջակցում է Վրաստանից անջատված Աբխազիային և Հարավային Օսեթիային: Իրանն արդեն երկար ժամանակ Հայաստանի հետ ունի ջերմ տնտեսական հարաբերություններ, բայց բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Հաշվի առնելով տարածաշրջանում փոխկապակցված և անկայուն միջպետական այսպիսի հարաբերությունները, զարմանալի չի լինի, եթե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որևէ պայթյուն ալիքով կտարածվի ամբողջ տարածաշրջանում և նույնիսկ ավելի հեռու:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment