Թրամփն անտեսում է Իրանի դեմ պատժամիջոցները Թուրքիայի համար

Թրամփն անտեսում է Իրանի դեմ պատժամիջոցները Թուրքիայի համար

Հոդվածի առանցքում

  • Թեև Իրանի հարցում Թրամփի ադմինիստրացիան կոշտ հայտարարություններ էր անում, նոյեմբերի 5-ին լարվածությունը փոքր-ինչ թուլացավ, երբ Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշեց, որ Թուրքիային թույլատրվել է շարունակել Իրանից նավթի ներկրումը: Եվ սա պատժամիջոցների վերականգնման օրն էր:

Ուշադրությանն արժանի

Պոմպեոն բացատրեց, որ 8 երկրների համար ժամանակավոր բացառությունը պայմանավորված է առաջիկայում նավթի գնումների ծավալը նվազեցնելու կամ ընդհանրապես դադարեցնելու նրանց խոստումով: Այս հայտարարությունից ճիշտ մեկ օր անց, սակայն, Թուրքիայի նախագահը քննադատեց ամերիկյան պատժամիջոցները` դրանք անվանելով իմպերիալիստական և նշելով, որ կարհամարհի դրանք: Թրամփի աշխատակազմն այս ձևակերպումներին պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի չդառնա Էրդողանի արհամարհանքին արժանացած ԱՄՆ երկրորդ կառավարությունը:

Թուրքիան կախված է ներկրվող էներգիայից, Իրանից ներկրում է սպառվող նավթի կեսը` օրական 200.000 բարել և գազի 1/5-ը: Սա Թուրքիային դարձնում է իրանական նավթի ամենախոշոր գնորդներից մեկը: 2012-ին, երբ ԱՄՆ-ը Թեհրանի դեմ պատժամիջոցներ սահմանեց, Անկարան նվազեցրեց նավթի ներկրումը մինչև օրական 120.000 բարելի: Այս անգամ Թուրքիան ներկրումը նվազեցրեց մինչև օրական 129.000 բարելի և ավելին` կարողացավ դառնալ այն 8 երկրներից մեկը, որը Վաշինգտոնից ստացավ բացառիկ կարգավիճակ:

Նոյեմբերի 6-ին, Էրդողանի կոպիտ հայտարարություններից առաջ, Անկարային ակնարկվել էր, որ պատրաստ լինի հետևել նախագահ Թրամփի պատժամիջոցներին: Նոյեմբերի սկզբին, «Ռոյթերս»-ը հայտնեց, որ թուրքական մասնավոր նավթային ընկերություններից Petrol Ofisi-ն մերժել է լիցքավորել Թուրքիայում գործող իրանական օդանավերը: Հոկտեմբերին թուրքական արդյունաբերական ոլորտից անանուն աղբյուրը «Ռոյթերս»-ին ասել էր, որ Թուրքիան ամերիկացի պաշտոնյաների հետ բարձր մակարդակի բանակցություններ է վարում իրանական նավթից հրաժարվելու մասին, և «եթե ԱՄՆ-ը ասի դադարեցնել ներկրումը, նրանք պարտավորվել են համաձայնել»:

Զիջելու նման ժեստ Էրդողանն արել է նաև նախկինում և դարձյալ կուլիսների հետևում: Օբամայի վարչակազմի կառավարման շրջանում, ներկրված գազի և նավթի համար վճարումները ԱՄՆ սահմանած հատուկ հաշիվներով փոխանցելուց հետո Թուրքիան թույլ տվեց պատժամիջոցները շրջանցող անհատների հասնել նույն այդ բանկային հաշիվներին և փողը լվանալով վերադարձնել Իրանին` ոսկու կամ կեղծ արտահանումների համար վճարումների տեսքով: Այս կերպ Իրանը 2012-13-ին ստացավ նվազագույնը 13 մլրդ դոլար:

Այս որոշումը Էրդողանի համար դեռ գլխացավանքի պատճառ է: Հունվարին Մանհեթենի ֆեդերալ դատարանը թուրք բանկիր, Թուրքիայի պետական Հալքբանկի փոխտնօրեն Մեհմեթ Հաքան Աթիլային մեղադրեց պատժամիջոցները շրջանցելու մեջ: ԱՄՆ գանձապետարանը նույնպես ակնկալում է հսկայական տուգանքներ ստանալ Հալքբանկից: Սա թուրք-ամերիկյան հարաբերություններում ամենավիճահարույց թեմաներից է: Թուրքիայի նախագահը ցանկանում է միայն մեկ բան` ամեն ինչ: Ներառյալ` ազատվել ամերիկյան պատժամիջոցներին չենթարկվելու մեղադրանքով առաջիկայում հնարավոր հետաքննություններից:

Նրա ցանկությունները կարող են իրականանալ: Հոկտեմբերին, Թուրքիան  վերջապես  բանտից ազատ արձակեց ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որին ձերբակալել էին երկու տարի առաջ`  լրտեսության և ահաբեկիչներին օգնելու մեղադրանքով: Միացյալ Նահանգներ պաստորի վերադարձը Թրամփի համար ապահովեց լուսանկարներ` միջանկյալ ընտրությունների նախաշեմին: Թուրքական դատարանում նման կտրուկ որոշումը հարց է բարձրացնում` ինչ է ստանում Էրդողանն այդ որոշման փոխարեն: Անկարան ամիսներ շարունակ փորձում էր զիջումներ ստանալ պաստորին վերադարձնելու դիմաց:

Բոլոր նշանները ցույց են տալիս, որ կողմերը համաձայնության են եկել Հալքբանկի հարցում: Նոյեմբերի 3-ին, երբ ԱՄՆ-ը դեռ չէր հայտարարել Թուրքիայից իրանական նավթի մասով իր սպասելիքների մասին, Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ: Քննարկել են Հալքբանկի դեմ տուգանքները: Նման բանակցություններ էին ընթանում հունվարից, երբ Աթիլլայի դատավարությունն ավարտվեց: Սա քննարկումների առաջին հրապարակային հաստատումն էր:

Թուրքիան նաև քայլեր ձեռնարկեց տապալելու պատժամիջոցները շրջանցած թուրքերի և թուրքական ընկերությունների դեմ ամերիկյան հնարավոր հետաքննությունները: Թեև Աթիլլան դատապարտվեց, դեռ բաց է պատժամիջոցները շրջանցող սխեմայի գլխավոր ֆիգուրի` թուրք-իրանական ծագմամբ Ռեզա Զարրաբի հարցը: Զարրաբը զբաղվում է ոսկու առևտրով: Անցած աշնանը Զարրաբը իրավապահների հետ համաձայնության եկավ, և գլխավոր մեղադրյալից դարձավ գլխավոր վկա: Այդ ժամանակից նա օգնում է ԿՀՎ-ին բացահայտել Իրանի պատժամիջոցները շրջանցելու թուրքական ուղիները:

Թուրքիայի նախագահը, որի կաբինետի նախկին անդամները կոռուպցիոն միջոցներով միլիոնավոր դոլարներ են վաստակել պատժամիջոցները շրջանցելու սխեմայով, վախենում է, որ Զարրաբը կարող է բացահայտել այդ անօրինական գործունեության մեջ հենց իր դերը: Դատավարության ընթացքում, Թուրքիան Զարրաբին հայտարարել էր դավաճան և բռնագրավել էր նրա ամբողջ ունեցվածքը: Այնուամենայնիվ, այս շաբաթ թուրքական դատարանն արտոնել է Զարրաբի ձերբակալությունը` Ստամբուլում գտնվող իր առանձնատանը մի քանի տարի առաջ արած անօրինական շինարարության մեղադրանքով: Սա առաջին քայլն էր դեպի Զարրաբի արտահանձնման պահանջը: Եվ կարծես թե Էրդողանը հավատում է, որ Թրամփն իրեն կանաչ լույս է տվել:

Եթե Թրամփը Բրանսոնի ազատությանն ու իրանական նավթի արտահանումը նվազեցնելու թուրքական խոստումներին հասել է համաձայնելով Հալքբանկի և Զարրաբի հարցում Էրդողանի պահանջներին, Վաշինգտոնը, հնարավոր է, շուտով հիասթափվի: Էրդողանը համոզված է, որ կարող է շարունակել դիմադրել ԱՄՆ պատժամիջոցներին` առանց հետևանքների և հայացքը հառել է դեպի եվրոպացի գործընկերները: (Սակայն քիչ հավանական է, որ ԵՄ-ն պլանավորում է Իրանում ներդնել այլընտրանքային ֆինանսական կառույցներ, ինչպես օրինակ՝ եվրոյով վարկեր և վճարման համակարգեր:) Տուգանքների և պատադների շուրջ գործարքով Էրդողանի նախկին խախտումները գորգի տակ ավլելով՝ Թրամփը միայն կքաջալերի Թուրքիայի նախագահին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment