Թրամփի վարչակազմը ծածանեց ամերիկյան դրոշը Հայաստանում

Թրամփի վարչակազմը ծածանեց ամերիկյան դրոշը Հայաստանում

Հոդվածի առանցքում

  • Ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի այցն ընդգծեց, որ  Հայաստանի ու Իրանի կապերի խորացման անտեսումը անցյալում է:Հայաստանի նման փոքր երկրի համար վերջին մի քանի ամիսներին համաշխարհային հանրության կենտրոնում հայտնվելը չափազանց տպավորիչ է: Անցյալ տարվա օգոստոսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ այցելեց Հայաստան, այնուհետեւ այս այցին հաջորդեց Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի ու Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոի այս ամսվա սկզբի այցերը, ովքեր այստեղ միացան Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մյուս առաջնորդներին:

Ուշադրությանն արժանի

Չնայած այդ բարձրաստիճան այցելությունների ժամանակահատվածը քիչ էր կապված հայկական քաղաքական զարգացումների հետ՝ այցերն ամրապնդեցին «ժողովրդի իշխանության» հաղթանակը, որի արդյունքում 2018 թվականի մայիսին հաստատվեց ավելի ժողովրդավարական կառավարություն: Չնայած իր ռազմավարական կարևորության կտրուկ աճին՝ Հայաստանը շարունակում է առերեսվել չկարգավորված հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի շուրջ հարևան Ադրբեջանի հետ և Ռուսաստանից վտանգավոր գերկախվածությանը:

Այնուամենայնիվ, այդ ֆոնի վրա Հայաստանը ձգտում է ավելի մեծ հավասարակշռություն պահպանել: Իրականում, նրա վերահաշվարկված ռազմավարությունն ընթանում էր դեռևս իշխանափոխությունից առաջ, քանի որ Հայաստանը խորացրել էր իր հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ հարևան Իրանի հետ:

Այժմ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեղմացնելու մոտեցումը կանգնած է անսպասելի և անակնկալ նոր մարտահրավերների առջև: Եվ ճակատագրի բերումով, այս նոր սպառնալիքը գալիս է ոչ թե Մոսկվայից, այլ Վաշինգտոնից, որի վկայությունն էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հարավային Կովկասի տարածաշրջանային այցը, որի շրջանակում նա հոկտեմբերի 24-ին ժամանեց Հայաստան:

Թեև այցելությունն ուներ խորհրդանշական նշանակություն, քանի որ սա ամերիկացի ամենաբարձր պաշտոնյայի այցն է Հայաստան, Թրամփի վարչակազմի նման ներգրավվածությունը մտահոգություններ է առաջացնում:

 

Բոլթոնը թիրախավորել է հայիրանական հարաբերությունները

 

Ավելի լայն տեսանկյունից ելնելով՝ ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ վաղուց արդեն դիտարկվում էր ԱՄՆ-Ռուսաստան ավելի լայն հարաբերությունների տեսանկյունից: Նման տեսակետը, ընդհանուր առմամբ, համահունչ էր Բուշի և Օբամայի վարչակազմերի ժամանակ, և նույնիսկ Թրամփի Սպիտակ տան անկանխատեսելի քաղաքականության պարագայում, այնուամենայնիվ, այս տեսանկյունից դիտարկումը դեռևս կիրառելի է:

Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտեցման մեկ այլ հիմնարար տարրն է երկարատև, բայց համեմատաբար անհաջող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Թեև հայկական կողմի քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, ավելի մեղմ ու ճկուն է, քան Ադրբեջանի հակամարտության կարգավորման վերաբերյալ ծայրահեղ ​​դիրքորոշումը, Բոլթոնը որոշակի ճնշում գործադրեց Հայաստանի վրա:

Մասնավորապես, Բաքվից Երևան ժամանելուց հետո ԱՄՆ պաշտոնյան հայտարարել է, որ ժողովրդավարական նոր Հայաստանի ղեկավարության ձևավորումից հետո, այն պետք է «առաջնորդություն» ցուցաբերի՝ խաղաղ գործընթացի առաջ շարժման համար: Այս նոր ճնշումը կարող է լինել անիրատեսական և անընդունելի նոր Հայաստանի կառավարության համար, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը և սպառնալիքները:

Տարբերությունը նաև Բոլթոնի այցի ուղերձի և առաքելության մեջ է: Երկու հրապարակային հայտարարություններում և մասնավոր հանդիպումների ժամանակ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հստակեցրել է, որ Վաշինգտոնն այժմ ուշադիր ուսումնասիրում է Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ և ակնկալում հայկական աջակցությունը «առավելագույն ճնշման» կիրառման հարցում, որպեսզի «սեղմեն Իրանը», ինչպես Բոլթոնը բացահայտ խոստովանեց:

Բոլթոնը նաև Հայաստանի կառավարությանը տեղեկացրեց, որ Թրամփի վարչակազմը մտադիր է զգալիորեն ուժեղացնել պատժամիջոցները՝ նախազգուշացնելով, որ Իրանի հետ Հայաստանի սահմանը կհանդիսանա «լուրջ խնդիր »:

Թեև այս նախազգուշացումները փոքր-ինչ մեղմվեցին Բոլթոնի համոզմամբ, որ Վաշինգտոնը չի ձգտում «վնաս հասցնել մեր բարեկամներին գործընթացի ընթացքում», այժմ պարզ է, որ Միացյալ Նահանգների նախկին փորձը «նկատելու չտալ» Հայաստանի առևտրի ու կապերի խորացմանը Իրանի հետ ավարտվել է: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հետևողականորեն հետևել է նախորդ պատժամիջոցներին և Իրանին դիտարկել միայն որպես այլընտրանք Ռուսաստանին:

Բայց Բոլթոնի Հայաստան այցելության ընթացքում եղան երկու այլ տարօրինակ զարգացումներ: Նախ, նկատվեց անհասկանալի ու կտրուկ մի շրջադարձ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, երբ Բոլթոնը հայտարարեց, որ Վաշինգտոնը «դիտարկում է» Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը՝ չնայած ամերիկյան դիրքորոշմանը որպես Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական միջնորդ: Բացի այդ, հաշվի առնելով այն, որ  Ռուսաստանը երկու կողմերի առաջնային զենք մատակարարողն է, այդպիսի հայտարարությունը, անշուշտ, կառաջացնի ռուսական կողմի անհանգստությունը:

Երկրորդ շրջադարձն ավելի զարմանալի էր, քանի որ նախագահ Թրափմի «մասնավոր փաստաբան» Ռուդոլֆ Ջուլիանին Բոլթոնից մի քանի օր առաջ ժամանել էր Հայաստան «մասնավոր այցով»՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միությանը նվիրված կոնֆերանսին, որի ընթացքում նա ողջունել էր Հայաստանի պոտենցիալ դերը որպես Եվրասիական միության և ԵՄ միջև «կամուրջ»:

Չնայած Ջուլիանիի լավատեսական տրամադրություններն Արևմուտքի հետ համագործակցության հարցում նախատեսված էին մեղմացնելու Բոլթոնի ավելի կոշտ զրույցը, ԱՄՆ-ի քաղաքականության հեռանկարներն ու իրական հետևանքները Հայաստանի համար անկանխատեսելի են, քան երբևէ:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment