Թուրքիան փորձում է հասնել Հայաստանից գյուլենական թոփ գործչի արտահանձնմանը

Թուրքիան փորձում է հասնել Հայաստանից գյուլենական թոփ գործչի արտահանձնմանը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի դատախազությունը նախօրեին դիմել է Հայաստանին` Քեմալ Օքսյուզին արտահանձնելու հարցով: Նա Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական խմբավորման կարևոր անդամներից է, որին խարդախության մեղադրանքով որոնում է նաև Միացյալ Նահանգները:

Ուշադրությանն արժանի

Արտահանձնման դիմումում կան տեղեկություններ, որ Օքսյուզը, որին օգոստոսին ձերբակալել են Հայաստանում, մաքսանենգ ճանապարհով երկրից դուրս է բերել 3 մլն դոլար: Հայաստան են ուղարկվել նաև Օքսյուզի եղբոր ցուցմունքները` որպես ապացույց, որ նա գյուլենական շարժման անդամ է

Նշվում է, որ Օքսյուզը գյուլենական շարժման, այսպես ասած, իմամ է, այսինքն` տարածաշրջանային ղեկավար: Հյուսթոնում և Տեխասում: ԱՄՆ պահանջով նրան ձերբակալել են Հայաստանում՝ Կոնգրեսի էթիկային հանձնաժողովին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու և խարդախության մեղադրանքով: Նա Հայաստանում հիմնել էր բիզնես և հասարակական կազմակերպություն: Գործարար Օքսյուզը Տեխասում գլխավորում էր Turquoise Council of Americans and Eurasians (TCAE) հասարակական կազմակերպությունը: Սա գյուլենիստական կազմակերպություն է, որը վերահսկում էր ևս մի քանի նման կազմակերպություն

Իրենց քաղաքական օրակարգը և բիզնես շահերը պաշտպանելու նպատակով, ինչը կատարվում էր ԱՄՆ դպրոցական համակարգը և տասնյակ դպրոցներ շահարկելով, գյուլենականները հաճախ կազմակերպել են ԱՄՆ սենատորների, Կոնգրեսի անդամների, այլ պաշտոնյաների ուղևորություններ դեպի Թուրքիա: Այնտեղ նրանց առաջարկում են ընթրիքներ, պարգևատրումներով երեկոներ և քննարկումներ: Օքսյուզը և նրա կազմակերպությունը դաշնային վերահսկողության տակ հայտնվեցին Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի դիմումով: Առիթը 2013-ին ԱՄՆ կոնգրեսականների ճամփորդությունն էր դեպի Ադրբեջան: Washington Post-ը գրում է, որ Կոնգրեսի 10 անդամներ և 32 աշխատակիցներ ճամփորդության ընթացքում ստացել են նաև արժեքավոր նվերներ: Նախագահ Օբամայի երեք գլխավոր օգնականներն այդ միջոցառման սփիքերներն էին:

Օքսյուզը նաև մի ընկերության սեփականատեր էր, որը Տեխասի Harmony հանրային դպրոցների գլխավոր մատակարարն էր: Իսկ այդ դպրոցները կազմում էին ԱՄՆում գյուլենիստական դպրոցների ցանցը: Այս մասին նշված է իրավաբան Ռոբերտ Ամստերդամի և նրա իրավաբանական ընկերության հրապարակած Empire of Deceit: An Investigation of the Gülen Charter School Network գրքում: Այս իրավաբանական ընկերությունը ներկայացնում է Թուրքիայի շահերը ԱՄՆում ընթացող մի քանի դատավարություններում: Օքսյուզի գլխավորած ընկերությունը մեկ տարում ստորագրել էր ընդհանուր 50 մլն դոլար արժեքով պայմանագրեր, որոնք Օքսյուզին միլիոնատեր էին դարձրել: Harmony-ն Տեխասում ունի ավելի քան 50 դպրոց և տարեկան ստանում է ավելի քան 250 մլն դոլարի պետական ֆինանսավորում: Գյուլենական դպրոցները մեղադրվում են դպրոցական համակարգը չարաշահելու մեջ, քանի որ դրանք օգտագործելով ապահովել են իրենց համակիրներ` H1-B վիզայով մուտքը ԱՄՆ: Գյուլենականները նաև օգտագործել են իրենց միջնորդ ընկերությունները և ԱՄՆ պետական ֆինանսավորումը վատնել իրենց սեփական կազմակերպություններում: Օքսյուզը և նրա գլխավորած կազմակերպությունները հայտնի են նաև իրենց նվիրատվություններով, հատկապես դեմոկրատներին և նրանց թեկնածուներին` ֆեդերալ և նահանգային մակարդակներում: Թուրքական մեդիան հայտնում է, որ 2016-ի նոյեմբերին կայացած ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո պարզվել է, որ գյուլենականներն ավելի քան 2 մլն դոլար նվիրատվություն են կատարել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավին: Օքսյուզը հաճախ մասնակցում էր բարձրաստիճան գյուլենականների մասնակցությամբ միջոցառումների

Օքսյուզը Թուրքիայում որոնվում է գյուլենական շարժմանը հարելու մեղադրանքով և դատարանի երկու որոշումով` 2016-ի և 2017-ի: Նրան արգելված էր նաև դուրս գալ Թուրքիայից

Հայաստան ուղարկված արտահանձնման դիմումում մանրամասն ներկայացված են գյուլենական շարժման հետ Օքսյուզի կապերը, սկսած նրա երիտասարդ տարիներից: Նա մեղադրվում է Թուրքիայում ունեցած իր բանկային հաշվով ԱՄՆում և Վրաստանում գտնվող գյուլենականներին ֆինանսական միջոցներ փոխանցելու մեջ: Թուրքական դատախազությունը պնդում է, որ այդ գումարներն օգտագործվել են ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման նպատակով

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment