Թուրքիան, Ռուսաստանը  և Իրանը Սիրիայում  հիմնականում  ներքին քաղաքականություն են իրականացնում

Թուրքիան, Ռուսաստանը  և Իրանը Սիրիայում  հիմնականում  ներքին քաղաքականություն են իրականացնում

Հոդվածի առանցքում

  • Սոչիում 2019 թ.-ի փետրվարի կեսերին կանցկացվի ևս մեկ եռակողմ գագաթնաժողով, մոտ 8 տարի շարունակվող Սիրիայի հակամարտությունը լուծելու համար:  Նախապատրաստական հանդիպումներում եղել են գագաթնաժողովի սովորական թեմաները՝ «անվտանգության ապահովումը Իդլիբի դեէսկալացիայի գոտում», Թուրքիայի անվտանգության հարցերի «փոխըմբռնումը» և «տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար կարևոր ներդրումը»: Բայց խոսքերը խիստ տարբերվում են Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի միջև օրակարգերից: Առաջին երկուսը պաշտպանում են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին, երրորդը ցանկանում է նրա հեռացումը:

Ուշադրությանն արժանի

 

Սոչիի գագաթնաժողովում Անկարան, Մոսկվան և Թեհրանը կքննարկեն Սիրիայում առկա հակամարտությունը լուծելու հարցը:

Սոչիում 2019 թ.-ի փետրվարի կեսերին կանցկացվի ևս մեկ եռակողմ գագաթնաժողով, մոտ 8 տարի շարունակվող Սիրիայի հակամարտությունը լուծելու համար:

Նախապատրաստական հանդիպումներում եղել են գագաթնաժողովի սովորական թեմաները՝ «անվտանգության ապահովումը Իդլիբի դեէսկալացիայի գոտում», Թուրքիայի անվտանգության հարցերի «փոխըմբռնումը» և «տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար կարևոր ներդրումը»: Բայց խոսքերը խիստ տարբերվում են Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի միջև օրակարգերից: Առաջին երկուսը պաշտպանում են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին, երրորդը ցանկանում է նրա հեռացումը:

Ռուսաստանը ցանկանում է սրբել Իդլիբ նահանգը ջիհադիստներից և հրաժարվում է ընդունել չեչեն զինյալների վերադարձը տուն: Սակայն Թուրքիան փորձում է խուսափել Իդլիբում Գրոզնու ոճով արյունահեղությունից, քանի որ չի ցանկանում, որ քաղաքացիների նոր հոսք շարժվի Թուրքիայի հարավային Հաթայ նահանգ, որն արդեն հոգնել է փախստականներից: Դա նշանակում է, որ Իդլիբի շուրջ ռուս-թուրքական դեէսկալացիայի գոտու ստեղծումը ժամանակավոր լուծում է, քանի որ այն մնացած ջիհադիստներին պահպանելու է այսպես կոչված չեզոք գոտում, մինչև Մոսկվան ու Անկարան կլուծեն իրենց տարաձայնությունները:

Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանն ու Իրանն ունեն ընդհանուր նպատակ, այն է օգնել Ասադին վերականգնելու հսկողությունը Սիրիայի ամբողջ տարածքի և երկրի բոլոր սահմանային հենակետերի վրա: Տարածքային իմաստով դա նշանակում է, որ թուրքական զորքերը վերջապես պետք է դուրս գան Ջարաբուլուսի և Աֆրինի շրջաններից`թուրք-սիրիական սահմանի ամբողջ երկայնքով, ինչպես նաև Իդլիբից: Թեհրանը ձգտում է պահպանել իր ազդեցությունը Սիրիայում, ինչը Լիբանանի հետ կապող կարևոր միջանցք է, իսկ այնտեղ Իրանն աջակցում է Հեզբոլլահին:

Թուրքիան դժվար ստանա այն, ինչ ի սկզբանե ցանկանում էր

Մինչդեռ ներքաղաքական պատճառներով Անկարան ցանկանում է Սիրիայի քրդական ուժերին (ԵԿԳ) դուրս մղել Եփրատ և Տիգրիս գետերի հետ սահմանային շրջաններից: Զավեշտալի է, որ Եփրատ գետից արևելյան շրջան ռազմական ներխուժման տեսական սպառնալիքը Անկարան օգտագործեց Վաշինգտոնի հետ իր հարաբերություններում և արդյունքում ստացավ Թուրքիայի սահմանի անվտանգության երաշխիքներ: Սակայն տարածաշրջանից ամերիկյան զորքը դուրս բերելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ որոշումը փակուղային վիճակ ստեղծեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար: Խիստ կասկածելի է, որ Մոսկվան և Թեհրանը թույլ տան Թուրքիայի ցամաքայի ուժերի հարձակումը, քանի դեռ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի վերջին զինվորը չի հեռացել  այդ շրջանից: Անիմաստ է խոսել այն մասին, որ թուրքական օդուժին թույլ կտրվի հսկել օդային տարածքը: Իսկ եթե ուզում են, պետք է ստանան Դամասկոսի համաձայնությունը:

Միջնաժամկետ հեռանկարում Թուրքիան ստիպված կլինի դիմակայել Իրանի և Ռուսաստանի հետ իր դաշինքի բազմաթիվ հետևանքներին: Նախ, Անկարան պետք է հրաժարվի Ասադին իշխանությունից հեռացնելու իր նպատակից: Երկրորդ, պետք է կատարի Ռուսաստանին տված խոստումը, լուծի Իդլիբ նահանգում մի քանի հազար ջիհադիստների հարցը: Երրորդ, Թուրքիան պետք է դուրս բերի իր ցամաքային ուժերը Սիրիայի հյուսիսից: Ավելի երկարաժամկետ հեռանկարում Անկարան կկանգնի անվտանգության նոր իրողության առաջ՝ ռուսական օդային և ռազմածովային բազաների մշտական ներկայությանն իր սահմանի մոտակայքում:

Ներքին քաղաքականությունն առաջնային է

Սակայն հինգշաբթի Սոչիում Պուտինը կսփոփի Էրդողանին, նրան հասկանալու պատրաստակամությամբ, քանի որ Ռուսաստանի համար իրական խնդիրը ոչ թե Սիրիան է, այլ Մոսկվայի ու Անկարայի միջև C-400 հրթիռային համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Այս գործարքը նշանակում է, որ ռուսական օդուժը ՆԱՏՕ-ի գլխավոր անդամի՝ Թուրքիայի օդային ուժերի ներսում կունենա իր մարդիկ, որոնք գործարկելու են C-400 հրթիռները: Դա, Մոսկվայի համար փոքր հաջողություն չէ ներքին և համաշխարհային ասպարեզում:

Իրանի համար Թուրքիան հարմար դաշնակից է, քանի որ Անկարան անուղղակիորեն նպաստում է Ասադի իշխանությունը պահպանելու Թեհրանի ծրագրին, որի արդյունքում Իրանը մշտական ներկայություն կունենա Սիրիայում: Իրանի համար կարևոր է նաև, որ երկրի ներսում տեսնեն համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, ցույց տան ԱՄՆ-ի թվացյալ պարտությունը Սիրիայում:

Էրդողանի համար մեկ խնդիր է կարևոր, աջակցություն ստանալ սիրիական քրդերի դեմ պայքարում և դառնալ սիրիական ճգնաժամի հարցով զբաղվող առաջնորդների եռյակի մի մասը: Ենթադրվում է, որ 2019 թ. մարտի 31-ին կայանալիք տեղական ընտրություններում ազգայնականների ակտիվացումը մեծ թվով ձայներ կապահովի Էրդողանի համախոհներին, ինչն էլ կօգնի թաքցնել երկրի սուր տնտեսական ճգնաժամը:

Այս շաբաթ Սոչիում կխաղարկվեն տարածաշրջանային դերակատարների մրցակցային ներքին օրակարգերը և Սիրիայում հակամարտությունը կմնա անփոփոխ: Զոհերը, դարձյալ, Սիրիայի սովորական քաղաքացիներն են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment