Թե ինչպես Գյուլբենկյանը Բաղդադն ընդմիշտ կապեց Լիսաբոնի հետ

Թե ինչպես Գյուլբենկյանը Բաղդադն ընդմիշտ կապեց Լիսաբոնի հետ

Հոդվածի առանցքում

  • Բաղդադը և Լիսաբոնը քաղաքներ են, որոնք կարծես թե ընդհանուր ոչինչ չունեն, բայց այսօր իրաքցի մոդեռնիստների կտավները կախված են Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի պատերից և նպաստել են երկու քաղաքների միջև երկարատև կապի հաստատմանը: Իրաքի ամենահայտնի 18 արվեստագետների 30 գործերը, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել, այժմ հիմնադրամում են՝ բացահայտելով Իրաք նավթային հայ մագնատ Գյուլբենկյանի միջամտության մութ պատմությունը:

Ուշադրությանն արժանի

Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամը Իրաքից Պորտուգալիա տեղափոխեց նախկինում անհայտ արվեստի գործեր: Բաղդադը և Լիսաբոնը քաղաքներ են, որոնք կարծես թե ընդհանուր ոչինչ չունեն, բայց այսօր իրաքցի մոդեռնիստների կտավները կախված են Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի պատերից և նպաստել են երկու քաղաքների միջև երկարատև կապի հաստատմանը:

Իրաքի ամենահայտնի 18 արվեստագետների 30 գործերը, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել, այժմ հիմնադրամում են՝ բացահայտելով Իրաք նավթային հայ մագնատ  Գյուլբենկյանի միջամտության մութ պատմությունը:

1950-ականների սկզբին նա հայտնի էր որպես Իրաքյան նավթարդյունաբերության կնքահայր: Գործարարն իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկն էր, միջազգային գործերում ներկայացրել է մի շարք երկրների կառավարությունների:

Պարոն Հինգ Տոկոսը

Նրա ամենակարևոր ժառանգությունն այն է, որ վճռական դեր է խաղացել միջազգային բանակցություններում իր միջնորդությամբ, ինչը հանգեցրել է Իրաքի նավթային հանքավայրերի շահագործմանը:

«Պարոն Հինգ տոկոսը» մականունով Գյուլբենկյանի ազդեցիկ դերը երկրի նավթարդյունահանման ոլորտում հնարավորություն տվեց նրան ստանալ Իրաքի նավթային ընկերության 5 տոկոսը: Նա նաև պնդել էր, որ Իրաքի նավթային ընկերության աշխատակիցների 5 տոկոսը հայեր լինեն:

Նավթային ընկերությունների բաժնետոմսերով ձեռք բերած իր անհավատալի հարստությամբ Գյուլբենկյանը ներդրումներ է արել Իրաքի մշակույթի, արվեստի, կրթության, գիտության և սոցիալական ոլորտների զարգացման համար:

Արվեստի գործերը նա ձեռք է բերել ճանապարհորդելու ժամանակ և ըստ իր ճաշակի: Գործարարն ու արվեստի գործերի կոլեկցիոները վերջին տարիներն անցկացրել է Լիսաբոնում: Այստեղ նա հիմնեց այն հիմնադրամը, որը կկրի իր անունը և օգտակար կլինի միջազգային հանրությանը:

1956 թ.-ին ստեղծված  հիմնադրամի ռազմավարությունը եղել է «բարելավել կյանքի որակը արվեստի, բարեգործության, գիտության և կրթության միջոցով»:

Աջակցություն տեղական գեղարվեստական ստեղծագործություններին

Պորտուգալիայի ցուցահանդեսում հավաքածուն ներկայացրել է չհրապարակված փաստաթղթեր, որոնք վերաբերում են Բաղդադում հիմնադրամի ունեցած երեք հիմնական նվաճումներին: Դրանք են Ժամանակակից արվեստի կենտրոնի, Ժողովրդական մարզադաշտի և 1966 թ.-ին Գյուլբենկյան մշակութային կենտրոնի կառուցումը:

Ըստ հիմնադրամի պատասխանատու Պատրիսիա Ռոսասի, հիմնադրամը ձեռք է բերում հազվագյուտ ու եզակի արվեստի գործեր Իրաքի և նրա կառավարության հետ գործողությունների ծրագիր ստեղծելու համար:

«Նպատակ ունենալով աջակցել տեղական գեղարվեստական գործերին ու կրթությանը` հիմնադրամը Բաղդադին նվիրեց ժամանակակից արվեստի համար կառուցված առաջին ցուցասրահը», – բացատրում է նա:

Ցուցահանդեսը ներկայացնում է արտասովոր և արտահայտիչ ստեղծագործություններ, որոնց հեղինակները դարձան իրաքյան ժամանակակից արվեստի պատմության առանցքային գործիչները: Ցուցադրվում են նկարներ, գծանկարներ, փորագրություններ, որոնք ձեռք են բերվել ինչպես անհատական արվեստագետներից, այնպես էլ Իրաքի նկարիչների միությունից:

Ցուցադրման աշխատանքների շարքում են Հաֆիդ Ալդրուբին՝ «Իմպրեսիոնիստների խումբ» շարժման հիմնադիրը, Ջեվիդ Սելիմը՝ 1952 թ. ժամանակակից արվեստի Բաղդադի խմբի հիմնադիրը, և Ֆաիք Հասանը, ում հաճախ կոչում են Իրաքի ժամանակակից արվեստի հայր: Ցուցահանդեսը նաև Իրաքի և Պորտուգալիայի արվեստի ու ճարտարապետության միջև ստեղծում է մշակութային զարգացման և տնտեսական դիվանագիտության վերաբերյալ երկխոսություն:

Ներդրումների վերադարձ Իրաք

Հյուսիսային Տեխասի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր Նադա Շաբութը անցած չորեքշաբթի երեկոյան հիմնադրամում դասախոսություն է կարդացել Իրաքի արվեստի և մշակույթի, ինչպես նաև Բաղդադում մշակութային տարբեր ձևավորումների ու տեղաշարժերի մասին: «Ցուցահանդեսը ճանապարհորդություն է Գյուլբենկյանի և Իրաքի փորձառությունների միջով », – ասել է նա:

«Ցուցահանդեսը ներկայացնում է Իրաքում Գյուլբենկյանի ներգրավվածության հետաքրքիր շրջանը: Կան եզակի արխիվային նյութեր, ներառյալ ճարտարապետական գծագրեր ու հոլովակներ»: Իրաքը տառապում է տասնամյակների հակամարտություններից ու ավերածություններից, որոնց հետևանքով բազմաթիվ նկարների և մշակութային նշանակության վայրերի կորուստներ են եղել: Դա էլ կարևորում է այս ցուցահանդեսը:

«Այս պահին, երբ աշխարհը կարծես մշտապես մոռանում է Իրաքի, նրա արվեստի ու մշակույթի մասին, նման նախաձեռնությունները կարևոր են: Դրանք աշխարհին հիշեցնում են Իրաքի մասին, իրաքցիներին պահում գլոբալ ուշադրության կենտրոնում», – ասել է Շաբութը:

Շաբութի խոսքերով, Գյուլբենկյանը ներդրումներ էր կատարում Իրաքում, քանի որ անկեղծորեն հոգ էր տանում, որ հովանավորվեն տարբեր ծրագրեր: Նկարները արվեստի եզակի ու հիանալի օրինակներ են, ներառում են իրաքյան մոդեռնիստների աշխատանքները՝ Ֆաիք Հասան, Հաֆիդ Ալդրուբին: Սրանք կարևոր գործեր են, և մենք չգիտեինք, թե դրանք որտեղ էին նախկինում»:

Մերձավոր Արևելքի արվեստը դիտելու հնարավորություն

Իրաքի հայտնի նկարիչ և պլաստիկ վիրաբույժ Ալա Բաշերը գիտի, թե ցուցադրված արվեստագետներից շատերը ինչ ազդեցություն են ունեցել Բաղդադի և ամբողջ արվեստի արդյունաբերության վրա: Ալդրուբիի գործերին բնորոշ է տարբեր ոճերի համադրությունը՝ սկսած կուբիզմից մինչև իմպրեսիոնիզմ, իսկ դա բացատրվում է նրա արվեստի ուսուցչի կարիերայով:

«Ալդրուբին Իրաքի մեծագույն արվեստագետներից մեկն է: Նրա տեխնիկան մոտ էր իմպրեսիոնիզմի ոճին: Նա գույների վարպետ էր, քանի որ սիրում էր խաղալ ստվերների ու երանգների հետ», – ասել է Բաշերը: Նա նաև նվիրված էր Իրաքի ապագա նկարիչներին գիտելիքներով ու ռեսուրսներով ապահովելու գործին: Ալդրուբին իրաքցի առաջին նկարիչներից էր, որն իր գործերում միավորեց իմպրեսիոնիզմն ու կուբիզմը: Դա օգնեց նրան ստեղծել իրաքյան իմպեսիոնիստների խումբը, որին Բաշերը միացավ 1959 թվականին:

«Մենք ուրախ ենք, որ պատկերասրահը հասարակությանը հնարավորություն է տալիս ավելին իմանալ Մերձավոր Արևելքի արվեստի մասին: Հաֆիդի համար մեծ պատիվ կլիներ տեսնել, որ իր ստեղծագործությունները ցուցադրվում են տարածաշրջանի այլ հեղինակավոր արվեստագետների գործերի հետ», – ասում է Ալդրուբիի կինը, Սոհալյա Դերուիշը:

«Հուսով եմ, որ այս պատկերասրահը հնարավորություն կընձեռի աշխարհին ծանոթանալ ու իմանալ Հաֆիդի և իրաքցի մյուս արվեստագետների աշխատանքների, ձեռքբերումների ու Մերձավոր Արևելքի արվեստի ձևավորման գործում նրանց ազդեցության մասին», – ասել է Դերուիշը:

Ծրագրին աջակցում են Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը, Արվեստի գրադարանն ու Գյուլբենկյան արխիվները՝ դրամաշնորհների վարչության աջակցությամբ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment