Թե ինչո՞ւ են Ծոցում ապրող ֆիլիպինցիները սիրահարվել Հայաստանին

Թե ինչո՞ւ են Ծոցում ապրող ֆիլիպինցիները սիրահարվել Հայաստանին

Հոդվածի առանցքում

  • 2014-ից սկսած այս զբոսաշրջիկների թիվն ավելացավ՝ 674-ից հասնելով 22 հազարի: Նրանցից ոմանք նույնիսկ մնացին ու բնակություն հաստատեցին Երևանում:

Ուշադրությանն արժանի

29-ամյա ֆիլիպինցի Էդվարդ Ռիգորը մի քանի զբոսաշրջիկների հետ մինիբասով ճամփորդում էր Հայաստանում: Առավոտյան նրանք այցելել էին հնագույն վանական համալիրներ: Գարուն էր, զով եղանակ էր, բոլորն անհամբեր էին, ուզում էին հասնել սարերին: Քանի որ դրանք արդեն մոտ էին, Ռիգորն իջեցրեց մեքենայի պատուհանը և գլուխը դուրս հանեց՝ զգալով քամին: Մյուսները սմարթֆոնները պատրաստեցին և ձգեցին պարանոցները՝ հույս ունենալով որսալ առաջին ձյունը, որ երբևէ պետք է տեսնեին: Ի վերջո, հեռավորության վրա երևաց այն. Ծաղկաձորը շրջապատած լանջերը սպիտակին էին տվել:

 «Երբ մենք հասանք այնտեղ, ներքուստ, կարծես, ճչում էինք: Բոլորը լուսանկարներ էին անում, վիդեոներ, տեսագրում էին Ֆեյսբուք-լայվի և Ինստագրամի համար: Կարծես, նորից երեխա լինեինք, որ հանել էին իրենց շապիկներն ու խաղում էին ձյան մեջ,- պատմում է Էդվարդը,- Մենք բոլորս մտածում էինք, որ պետք է պարզապես երջանիկ լինել և գնահատել պահը, ով գիտե՞, թե երբ նորից ձյուն կտեսնեինք»:

Էդվարդը մեկն է հազարավոր զբոսաշրջիկներից, որ ամեն տարի Հայաստան են այցելում: 2014-ից այս կողմ ֆիլիպինցի զբոսաշրջիկների թիվը 674-ից աճել է և 2017-ին հասել 22 հազարի: Այս մասին Ալ Ջազիրային հաղորդել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն: Եվ վերջին մի քանի տարում ավելացել են նաև Երևանում հաստատվող ֆիլիպինցիները: Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանության տվյալով՝ Երևանում ամենաքիչը 300 ֆիլիպինցի է ապրում: «Երևանում ֆիլիպինական համայնք» ֆեյսբուքյան խումբը 1300 անդամ ունի:

Ռիգորը Դուբայում է ապրում և աշխատում: Հայաստան եկող ֆիլիպինցիները հիմնականում նրա նման աշխատում են Ֆիլիպիններից դուրս՝ արտասահմանում. ԱՄԷ, Քաթար, Բահրեյն, Քուվեյթ և Սաուդյան Արաբիա:

Ծոցի մի քանի երկրներում, երբ վիզայի ժամկետը լրանում է, աշխատողները ստիպված են լինում հեռանալ երկրից, որպեսզի թարմացնեն վիզան:

Առաջ սա հիմնականում ձևական բնույթ էր կրում. մարդիկ ավտոբուս էին նստում կամ կարճ թռիչք ունենում՝ հատելով սահմանն ու վերադառնալով նույն օրը: Բայց շատերն այդ բյուրոկրատիան հիմա վերածում են հնարավորության:

«Առաջ մենք գնում էին Իրան կամ Օման,- ասում է Էդվարդը,- հետո իմացանք, որ վիզան թարմացնելու ընթացքում կարող ենք գնալ Հայաստան: Երբեք ձյուն չտեսած ֆիլիպինցիների համար դա իսկապես հրաշալի է»:

Երկկողմանի ավիատոմսը սկսվում է 300 դոլարից: Ֆիլիպինցիների համար Հայաստանն ամենաէժան քրիստոնեական երկիրն է Ծոցից, և հավատացյալ ֆիլիպինցիների համայնքի համար այդ տուրի հիմնական հմայքը հնագույն վանական համալիրներ և եկեղեցիներ այցելելու հնարավորությունն է:

«Քրիստոնեությունը կարևոր է, այն կենսական հնարավորություն է երկրպագելու: Կրոնը կարող է ձևավորել մարդու ինքնության կարևոր հատվածը, այն նաև ապահովում է կյանքի հարմարավետ կառուցվածք: Ապահովում է կայունություն անկայուն և անհույս գոյության մեջ»,- Ալ Ջազիրային ասել է Օհայոյում Քենթի պետական համալսարանի աշխարհագրության դասախոս Ջեյմս Թիները, որն ուսումնասիրում է ֆիլիպինցիների տեղաշարժն ու միգրացիան:

«Փոքր Մանիլա»

Երևանի ընդարձակ ու ծառերով պատված փողոցներից մեկի վրա «Փոքր Մանիլա» հյուրանոցն է՝ հոսթել և տուր-ընկերություն, որը սպասարկում է հիմնականում ֆիլիպինցի այցելուներին։ Հանգստի սենյակի պատից կախված է պլաստիկե մենյուն, գունավոր լուսանկարներում պատկերված են ուտելիքները, որոնք հնարավոր է պատվիրել։

«Փոքր Մանիլա»-ներ կան Դուբայում և Հոնգ Կոնգում, հետևաբար՝ ինչո՞ւ չլիներ Երևանում»,- ասում է Ռենատո Մարիլագը՝ հոսթելի սեփականատերերից մեկը։ Նա և իր կինը՝ Մարին, վերջերս են երեխա ունեցել՝ Միային։

«Նա առաջին ֆիլիպինահայուհին է,- ասում է նա,- Ես ուզում եմ, որ նա մեծանա այստեղ և խոսի հայերեն։ Գիտեմ՝ նրան դուր կգա այստեղ»։

Գրաֆիկ դիզայներն ապրում էր ԱՄԷ-ում, երբ առաջին անգամ լսեց այս երկրի մասին «Չէի ճանաչում մեկին, որն այստեղ եղել էր, բայց մի քանի տարի առաջ մի տղա եկավ, ու լուրերը տարածվեցին։ Հիմա Ծոցում բոլոր ֆիլիպինցիները գիտեն Հայաստանի մասին»։

Ձեռներեց աներորդու կանչով Մարիլագն առաջին անգամ այցելեց Հայաստան 2015-ին, որպեսզի ուսումնասիրեր բիզնես հնարավորությունները։ Նրան դուր եկավ զով եղանակը։ Նա ընկերացավ տեղացիների հետ, որոնք չնայած ոչ միշտ էին կարողանում խոսել անգլերեն, բայց միշտ պատրաստ էին օգնել։

«Դուբայի համեմատ կյանքի որակն այստեղ շատ լավն է։ Աշխատավարձերը շատ ավելի ցածր են, բայց արժե գալ այստեղ։ Եղանակը լավն է, մարդիկ են լավը»,- ասում է նա։

Իր առաջին այցից ամիսներ հետո նա և գործընկերները բացեցին «Փոքր Մանիլա»-ի դռները։ Հիմա ամեն ամիս միջինը 120 զբոսաշրջիկ են ընդունում և տուրեր կազմակերպում դեպի Գառնիի տաճար, Սևանա լիճ և Խոր Վիրապ։

«Քրիստոնյա լինելը կարևոր է մեզ համար, ահա թե ինչու այստեղ այցելելիս ֆիլիպինցիները չեն ուզում բաց թողնել որևէ պատմական եկեղեցի։ Դա հիմնականում առաջին միտքն է նրանց գլխում»,- ասում է Մարիլագը։

Բայց ոչ ամենաառաջինը։ «Փոքր Մանիլա»-ի ամրագրումները կտրուկ աճում են ձմռանը, երբ գետինը ծածկված է ձյան հաստ շերտով։

«Դեկտեմբերին 300-ից ավելի հյուրեր ենք ունենում, քանի որ ֆիլիպինցիներն ուզում են ձյուն տեսնել և սպիտակ Սուրբ Ծնունդ նշել,- պատմում է Մարիլագը,- Տարվա ընթացքում ամենահայտնի տուրը դեպի Արագած լեռն է, որտեղ միշտ ձյուն կա: Դա ամենամեծ գրավչությունն է»։

Ռիգորը ևս մեկ այց է ծրագրում դեկտեմբերին «Անկեղծ ասած, ես պարզապես ուզում եմ անընդհատ վերադառնալ Հայաստան։ Նորից և նորից»։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment