Էրդողան. Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ արտադրել Ս400-ներ
Հոդվածի առանցքում
- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիայում ամբողջությամբ կտեղակայվեն 2020-ի ապրիլին՝ հակառակ ԱՄՆ-ից պատժամիջոցների սպառնալիքին՝ հավելելով, որ հաջորդ քայլը կլինի Մոսկվայի հետ համատեղ Ս400-ների արտադրությունը:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիայում ամբողջությամբ կտեղակայվեն 2020-ի ապրիլին՝ հակառակ ԱՄՆ-ից պատժամիջոցների սպառնալիքին՝ հավելելով, որ հաջորդ քայլը կլինի Մոսկվայի հետ համատեղ Ս400-ների արտադրությունը:
Ռուսական արտադրության Ս400 համակարգերի առաջին մարտկոցը Թուրքիա է առաքվել վերջին օրերին և դա չկանխեցին նույնիսկ Միացյալ Նահանգներից կրկնվող կոչերը՝ համաձայնագիրը չեղարկելու մասին: Հակառակ դեպքում ԱՄՆ սպառնում է պատժել:
«Մենք սկսել ենք ստանալ մեր Ս400-ները: Ասում էին, թե մենք չենք կարող գնել դրանք: Աստծո օգնությամբ դրանք կտեղակայվեն իրենց համար նախատեսված վայրերում մինչև 2020-ի ապրիլ»,- ասել է Էրդողանը երեք տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձի ձախողման առիթով միջոցառմանը:
«Ս400-ներն ամենաուժեղ պաշտպանական համակարգն են նրանց դեմ, ովքեր կցանկանան հարձակվել մեր երկրի վրա: Հիմա մեր նպատակն է Ռուսաստանի հետ դրանց արտադրությունը դարձնել համատեղ: Մենք կանենք դա», – ասել է նա:
ԱՄՆ սպառնացել է, որ Թուրքիան կբախվի պատժամիջոցների և արդեն սկսել է Անկարային Ֆ35 կործանիչների ծրագրից հեռացնելու գործընթացը: Վաշինգտոնը հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը սպառնալիք են Ֆ35-երի համար և Թուրքիան չի կարող ունենալ դրանք երկուսն էլ:
Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ չի հավատում, թե Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի, քանի որ երկու երկրները ռազմավարական դաշնակիցներ են:
Հստակ չէ երբ և որտեղ վերջնականապես կտեղակավեն Ս400 համակարգերը, բայց Թուրքիան կլինի ՆԱՏՕ-ի առաջին անդամը, որը կգործարկի ռուսական համակարգ, որը կարող է խոցել թիրախներ մինչև 400 կմ հեռավորությամբ:
Ս400-ների պահեստամասերով բեռնված 9-րդ ռուսական օդանավն է վայրէջք կատարել Անկարային մոտ գտնվող Մուրթեդ ռազմաբազայում, հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն:
Նախկինում Աքինջի անունով այս ռազմաբազան անվանափոխվել է 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Աքինջին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների շտաբն էր:
Հեղաշրջման փորձից երեք տարի անց Էրդողանի համար դժվար ժամանակներ են: Նա կանգնած է թուլացող տնտեսության, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ վատթարացող հարաբերությունների, Ստամբուլի վերջին ընտրություններում պարտության առաջ:
2016-ի հուլիսի 15-ին ավելի քան 250 մարդ սպանվեց, 2000-ը վիրավորվեց, Էրդողանի կոչից հետո հազարավորները դուրս եկան փողոցներ՝ դիմադրելու ըմբոստությանը:
Արևմուտքի հետ հարաբերությունները բարդանում են նաև հեղաշրջման փորձի պատճառով, քանի որ թուրք պաշտոնյաները Արևմուտքին մեղադրում էին Անկարային բավարար աջակցություն չցուցաբերելու մեջ:
Այդ ժամանակից ի վեր Էրդողանը մոտեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մտահոգությունների տեղիք տալով Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ