Էլեկտրոնային սիգարետն անվտա՞նգ է. Ահա՛ թե ինչ են գիտնականներն ասում

Էլեկտրոնային սիգարետն անվտա՞նգ է. Ահա՛ թե ինչ են գիտնականներն ասում

Հոդվածի առանցքում

  • 1965թ.-ին, երբ Հերբերտ Ժիլբերը ստացավ առանց ծխի ու ծխախոտի առաջին սիգարետի պատենտը, նա գրեց, որ իր արտադրանքը ծխելու ապահով ու անվնաս մեթոդ է: Էլ.սիգարետներն իրո՞ք արդյունավետ օգնություն են ծխողներին, թե՝ ոչ:

Ուշադրությանն արժանի

Ավելի քան 60 տարի է անցել, բայց Ժիլբերի հայտանգործությունը հանրային առողջության լայն շրջանակում քննարկումների առիթ է դարձել: Էլ.-սիգարետները, որոնք հատկապես վերջին հնգամյակում մեծ տարածում են գտել հանրության շրջանում, ի սկզբանե ստեղծվել էին ծխելը թողնելու հարցում մարդկանց օգնելու համար: Դրանք նաև պետք է զգալիորեն կրճատեին թոքերի քաղցկեղի ու այլ հիվանդությունների քանակը: Ավանդական սիգարետների մեխանիզմը շատ պարզ  է. Ծխախոտն այրվում է, թթվածնի համադրությամբ առաջանում է ծուխը: Juul, Blu և Vuse բրենդների արտադրության Էլ.սիգարետներն այրում են քիմիական բաղադրության հեղուկը, որը, որպես կանոն, նիկոտին և բուրավետ բաղադրիչներ է պարունակում և որն առաջացնում է աէրոզոլ: Առանց խեժի ու այլ վնասակար բաղադրիչների նիկոտին մատակարարելով ու միաժամանակ ծխողի ցանկությունը բավարարելով՝  էլ.սիգարետները ծխողների համար ավելի առողջ այլընտրանք են դառնում:

Առաջին հայացքից թվում է՝ կրկնակի շահում, բայց պրակտիկորեն այս հարցում առայժմ կոնսենսուս չկա. Էլ.սիգարետներն իրո՞ք արդյունավետ օգնություն են ծխողներին, թե՝ոչ:

Վեյփերը (այսպես են դրանց անվանում) սովորական սիգարետներից քիչ քաղցկեղածին քիմիական բաղադրիչներ են պարունակում (մկնդեղ, բենզոլ 7 ֆորմալդեհիդ): Միևնույն ժամանակ դրանց ազդեցության շուրջ երկարաժամկետ ուսումնասիրություններն էլ են քիչ: Գիտնականները չեն բացառում, որ Էլ.սիգարետներն ազդում են սրտի ու թոքերի վրա: Բացի այդ, Էլ.սիգարետների օրինական վաճառքը թույլատրվում է միայն չափահասներին, բայց դրանք լայն տարածում են գտել հատկապես թինեյջերների շրջանում: Մասնագետներն ահազանգում են՝ Էլ.սիգարետները նոր սերնդի ծխախոտային կախվածություն առաջացնելու պոտենցիալ վտանգ է:

Թեև հանրային առողջության որոշ փորձագետներ, օրինակ՝ Բրիտանիայում, էլ.սիգարետների օգտագործմանը կողմ են, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն ավելի զգուշավոր է:  Դոկտոր Սքոթ Գոթլիբը (ԱՄՆ) Սննդի ու դեղորայքի անվտանգության կոմիտեի անդամ է և կարծում է, որ Էլ.ծխախոտներն անվնաս չեն, քանի որ այդուհանդերձ կան ռիսկեր: Բայց կարևոր է նաև, որ դրանք չափահասներին օգնում են ծխելը թողնելու հարցում, նվազեցնում են քաղցկեղով հիվանդների թիվն ու ընդհանրապես բարելավում են շնչառական օրգանների վիճակը:

«Եթե բոլոր ծխողներն սկսեին էլ.սիգարետ ծխել, ապա հանրային առողջության ընդհանուր պատկերի վրա զգալի փոփոխություն կնկատեինք», – ասում է Գոթլիբը:

Թոնի Աբուդը՝ Vapor Technology Association Էլ.սիգարետների վաճառքով զբաղվող ընկերության գործադիր տնօրենը, համամիտ է: Ըստ նրա՝ Էլ.սիգարետները հանրային առողջության ոլորտում 21-րդ դարի ամենախոստումնալից հայտնագործություններից մեկն է:

Բայց էլ.սիգարետների ազդեցությունն ուսումնասիրող որոշ հետազոտություններ դրանում վստահ չեն: Փորձագետները պնդում են, որ որևէ հիմնավոր ապացույց չկա, թե էլ.սիգարետներն օգնում են, որ չափահաս ծխողը թողնի ծխելը, ավելին՝ շատ են հետազոտությունները, որոնց արդյունքերը ցույց են տվել, որ դրանք մեծացնում են սրտային հիվանդությունների ռիսկը, ավելացնում են շնչառական հիվանդությունների թիվը:

Էլ.-սիգարետների վնասակարության շուրջ ուսումնասիրությունները սակավաթիվ  են, հստակ չեն նաև տվյալները, արդյոք վեյփերներն օգնում են թողնել ծխելը:

Որոշ ուսումնասիրությունների տվյալով՝ էլ.սիգարետները կարող են հեշտացնել ծխելը թողնելու գործընթացը, բայց մյուս կողմից էլ կան հետազոտություններ, որոնց արդյունքները հակառակն են ցույց տալիս: Ըստ այդ ուսումնասիրությունների՝ ծխողները շարունակում են ծխել, քանի որ է.սիգարետները բավարարում են նիկոտինի պահանջը:

Սննդի ու դեղորայքի անվտանգության կոմիտեն էլ.սիգարետները չի ներառել ծխելը թողնելու միջոցների ցանկում: Արտադրողներն էլ, որպես կանոն, դրանք անվանում են ծխախոտի այլընտրանք՝ չափահաս ծխողների համար:

Juul-ը ամենատարածված էլ.սիգարետն է: Վերջին տվյալով՝ Juul-ը վաճառել է ավելի քան 16.2 միլիոն էլ.սիգարետ: Ընկերությունն ասում է, որ ուսումնասիրում է իր արտադրանքի ազդեցությունը ծխողների, ծխելը թողնելու, դրա թունաբանության ու այլ ազդեցությունների շուրջ:

«Մենք ցանկանում են ամեն ինչ ուսումնասիրել, հասկանալ, կիսվել մեր տվյալներով, քանի որ դա շատ կարևոր տեղեկություն է հանրային առողջության սեկտորում երկխոսության համար», – ասում է Էշլի Գուլդը, Juul-ի ադմինիստրատիվ պատասխանատուն:

Գուդի խոսքով Juul-ը հիմնադրվել է որպես ծխախոտի համար գոհացուցիչ այլընտրանք, նպատակ ունենալով ամբողջությամբ վերացնել ծխախոտի օգտագործումը:

Էլ.-սիգարետներին անցած ծխողների մեծ մասը լիակատար անցում չի կատարում: 2015թ.-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էլ.-սիգարետներին անցած ծխողների 59% տոկոսը ծխախոտից ամբողջությամբ չի հրաժարվել ու էլ.-սիգարետին զուգահեռ նաև ծխախոտ է ծխում: Ու չնայած որոշ փորձագետներ դրական են գնահատում ծխելու և վեյփելու համադրությունը, շատերի կարծիքով երկուսի համադրությունը շատ ավելի ռիսկային է, քան միայն ծխելը, կամ միայն վեյփելը: American Journal of Preventive Medicine-ի ուսումնասիրությունը հաստատում է, միաժամանակ և՛ ծխախոտ, և՛ էլ.-սիգարետ օգտագործողների մոտ սրտի կաթվածի հավանականությունը շատ բարձր է: Էլ.սիգարետների գործածումը կարող է նաև բարձրացնել թոքի քաղցկեղի հավանականությունը:

Բայց գիտնականներն առայժմ չգիտեն, ինչպիսի ազդեցություն է ունենում էլ. սիգարետների երկարատև գործածումն առողջության վրա, քանի որ էլ.սիգարետը բոլորովին նոր հայտնագործություն է ու դրա ուսումնասիրության համար նույնպես երկար ժամանակ կպահանջվի:

Այս ոլորտում ուսումնասիրությունները համեմատաբար քիչ են, բայց գոյություն ունեցողները ցույց են տալիս էլ.սիգարետները նույնպես հիվանդություններ առաջացնելու ռիսկեր են պարունակում: Բալբոն ու իր գործընկերները պարզել են, որ 15-րոպեանոց վեյփինգը կարող է բերանի խոռոչում ԴՆԹ փոփոխություններ առաջացնել: Ըստ ուսումնասիրության՝ այդ ԴՆԹ-փոփոխությունը կարող է կապված լինել քաղցկեղի մի քանի տեսակների հետ, օրինակ՝ բերանի խոռոչի կամ շնչառական օրգանների:

Վաղ շրջանի այլ հետազոտությունները ևս նմանատիպ եզրակացության են հանգել: PNAS ամսագրում տեղ գտած հետազոտությունը պարզել է, որ էլ.սիգարետների աէրոզոլը փոփոխության է ենթարկում ԴՆԹ-ն: Հետազոտություններն իրականացվել են մկների վրա: Մայիսին Scientific Reports ամսագրում հրապարակված մեկ այլ հետազոտություն փաստում է, որ Էլ.սիգարետները պարունակում են կարցինոգեն ֆորմալդեիդ, որը նպաստում է քաղցկեղի առաջացմանը:

Թոքերի քաղցկեղի առաջացմանը նպաստելու այլ մտահոգություններ ևս կան: Դիացետիլը՝ քիմիական բաղադրիչը, որը պարունակում են գրեթե բոլոր Էլ.սիգարետների հեղուկները, կապված է շնչառական հիվանդությունների առաջացման հետ:

Այս հետազոտությունների տվյալները հիմնավոր զգուշավորության պատճառ են: Միխայել Զիգելը Բոստոնի համալսարանական դպրոցի հանրային առողջության կոմիտեի պրոֆեսոր է, նա իր կարիերան նվիրել է ծխախոտի օգտագործման սահմանափակմանը: Նա վստահ է, որ էլ.-սիգարետները լավ այլընտրանք են ծխողների համար: «Ծխելու վնասակարության մասին գիտենք. ծխելը սպանում է»: Իդեալական կլիներ, իհարկե, եթե ծխելը թողնել ցանկացող մարդը նիկոտինից ընդհանրապես հրաժարվեր, բայց իրականում շատ դժվար է լիակատար հրաժարվել դրանից: Զիգելի խոսքով՝ Էլ.սիգարետները կարևոր կամուրջ են այն ծխողների համար, որոնք ցանկանում են թողնել ծխելը, բայց չեն կարողանում:

«Ծխելը թողնելու ճանապարհին յուրաքանչյուր միջոց ողջունելի է»:

Հիմա գերխնդիրն անչափահասներին էլ.սիգարետներից հետ պահելն է: Գնալով ավելի շատ թինեյջերներ են էլ.սիգարետներ օգտագործում: Դրանք ավելի լայն տարածում են գտել անչափահասների շրջանում: Սեպտեմբերի տվյալով՝ էլ.սիգարետների վաճառքը կտրուկ ավելացել է, այն նման է համաճարակի: Գոթլիբի խոսքով, հանրային առողջության տեսանկյունից, սա անթույլատրելի ու անընդունելի ցուցանիշ է: Զիգելը համամիտ է՝ թինեյջերների շրջանում էլ.սիգարետների վաճառքը նվազեցնելուն ուղղված ջանքեր պետք է գործադրվեն, էլ.սիգարետ գնող անչափահասների թվի կրճատումը պետք է առաջնահերթություն դառնա: Միևնույն ժամանակ բուրավետ, տարբեր համային բաղադրիչներ պարունակող էլ.սիգարետների դուրս բերումը շուկայից մեծ հարված է նաև չափահաս սպառողին: Առանց այդ ապրանքների շատ ծխողներ կվերադառնան նախկին ծխախոտների օգտագործմանը:

Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կառավարությունը կկարգավորի էլ.սիգարետների խնդիրը: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երիտասարդների շրջանում էլ.սիգարետների օգտագործումն ավելացել է: Մեկ բան պարզ է՝ էլ.սիգարետների շուրջ քննարկումները գնալով թեժանում են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment