Երևանը վերելք է ապրում. 10-ից ավելի պատճառ՝ հիմա Հայաստանի մայրաքաղաք այցելելու համար

Երևանը վերելք է ապրում. 10-ից ավելի պատճառ՝ հիմա Հայաստանի մայրաքաղաք այցելելու համար

Հոդվածի առանցքում

  • Մեկ օր՝ դեպի ճարտարապետական հրաշալիքներ, երաժշտություն ու հայկական խոհանոց:

Ուշադրությանն արժանի

Վարդագույն քաղաքը փոխվում է

Մինչև վերջերս ճանապարհորդների մեծ մասը շրջանցում էր Երևանը` նախընտրելով Բաքուն՝ իր տիեզերական հորիզոններով, կամ Թբիլիսին՝ ինստագրամում հայտնի իր խաչապուրիով և դիսնեյանման հին քաղաքով: Բայց այսօր շրջանցել Երևանը՝ կնշանակի երթուղու լուրջ սխալ թույլ տալ: Վերջին մի քանի տարում, հատկապես ապրիլի թավշյա հեղափոխությունից հետո քաղաքը մշակութային տեկտոնական անցում է ապրում իր եռաշերտ սրճարան-խանութներով և նրբագեղ գալերեաներով, որոնք հայտնվում են 13-րդ դարի եկեղեցիների և քարե շենքերի, այսպես կոչված՝ խռուշչովկաների արանքում: Զբոսանք Երևանի փողոցներով, և դուք կլսեք սրճարաններից ծորացող հայկական դուդուկի ձայնը՝ ԲՄՎ-ից պայթող ռեգեթոնի հնչյունների պես: Հնի ու նորի այս մշտական խաղը Երևան քաղաքը դարձնում է խելահեղ և առինքնող: Ահա հիմնական պատճառները՝ կրկին քաղաք այցելելու համար:

Համտեսիր հայկական խոհանոցը տարբեր ռեստորաններում

Հայկական խոհանոցը համային շերտերի և տեխնիկայի ամբողջություն է, որն իր վրա կրում է Պարսկաստանի, Արևելյան Եվրոպայի, Վրաստանի և Լևանտի ազդեցությունը։ Արևելյան հայկական խոհանոցի (ավելի շատ հակված է դեպի ռուսականն ու վրացականը) մասին գաղափար կկազմեք՝ այցելելով Դոլմամա, տնական ռեստորան, որտեղ գլխավոր ուտեստը տոլման է։ Այնթափում՝ հայ-սիրիական ռեստորանում, քաղաքի ամենալավ մանթի-բորակին են պատրաստում՝ արգանակի մեջ տավարի մսով լցոնված մատնաչափ խմորներ՝ ծածկված մածնով։ Զբոսաշրջիկի երթուղուց դուրս է, բայց արժե տաքսի վերցնել և հասնել Ղարաբաղ՝ Տատիկ-պապիկի մոտ և ժենգյալով հաց համտեսել։ Չմոռանաք այցելել Չաման ռեստորան՝ Կոնդի հարևանությամբ, որտեղ ոչ մեծ ափսեներով տապակած ձուկ և բանջարեղեն են մատուցում։

Գինեգործության հնագույն վայրը

Գինին պատրաստել են Երևանում և Երևանից դուրս սկսած մ.թ.ա. 9-րդ դարից՝ այն դարձնելով աշխարհի ամենահին գինեգործական տարածքը։ Այնպես որ, բաց մի թողեք վայելելու գինու և մսի տեսականու հաճույքը բարերում, ինչպիսին Ին Վինոն է, որի պատերը կորչում են հայկական և իտալական հազվադեպ շշերի ետևում։ Եվ Wine Republic-ը, որտեղ գինու գիտակները փնտրում են գինեգործության էզոթերիկ բազմազանություն, ինչպիսիք ոսկեհատն ու կարասն են։

Կենդանի երաժշտություն՝ Ամիրյան փողոցի վրա

Երևանը հրաշալի երաժշտական քաղաք է, որն իր կենդանի շոուներով գրավում է տարբեր ճաշակների տեր զբոսաշրջիկների։ Եթե առաջին անգամ եք Երևանում, ոչ մի դեպքում բաց չթողնեք հայկական հոգեթով ֆոլքը Երևան պանդոկում՝ Ամիրյան փողոցի վրա։ Ռեստորան, որը հայտնի է իր դրախտային խորովածով։ Եթե որոշել եք այցելել, արժե նախապես տեղ ամրագրել։ Ջազի սիրահարները հաճելիորեն կզարմանան Մեցցոյի տաղանդավոր երաժիշտներով, որոնք ճշգրտորեն կատարում են հայտնի դասականներին։ Ծխելն ու հազալը տարածքում թույլատրելի են։

Շրջեք Սիրահարների այգում

Եթե կարծում եք, որ Երևանը խորհրդային ոճի գործ սալաքարային քաղաք է, կրկին մտածեք: Այնտեղ բազմաթիվ կանաչ պուրակներ և այգիներ կան՝ առանձնանալու և գիրք կարդալու, երաժշտություն լսելու կամ պարզապես պիկնիկ անելու համար: Սիրահարների այգին ամենակենտրոնականն է: Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ետևում Անգլիական այգին է՝ ավելի փոքր և քիչ խնամված:

Հայկական պիցցա

Եթե սիրում եք պիցցա, հաստատ, լահմաջու էլ կսիրեք, թղթի հաստության խմոր՝ վրան համեմված գառան միս, որն այնքան է եփվում, մինչև պղպջակներ առաջանան։ Լավագույն լահմաջուն կգտնեք Մեր թաղը ռեստորանում, որտեղ մինչև մատուցելը վրան մաղադանոս են ցանում կամ լիմոն ճզմում։ Յուրահատուկ վայր է նաև Լահմաջուն Կայծը, որի տերը սիրիահայ փախստական է։ Այստեղ հայկական պիցցան համեմված է Հալեպի պղպեղով և նռան օշարակով։

Խորհրդային ճարտարապետության վկան. Հանրապետության հրապարակում և դրանից այն կողմ

Սիրես այն, թե ատես, Երևանի խորհրդային շրջանի ճարտարապետությունը տպավորիչ է։ Տրանսֆորմացիայի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է, որը հողին հավասարեցրեց հին շենքերն ու ճամփաները՝  տեղ բացելով վարդագույն տուֆե տների համար (այդ իսկ պատճառով էլ Երևանը կոչվեց վարդագույն քաղաք)։ Նա կազմեց Երևանի հատակագիծը՝ ավանգարդ ոճի շրջանաձև փողոցներով։ Հաղթական Հանրապետության հրապարակը՝ Երևանի նյարդային համակարգը կազմող կենտրոնը, կառուցելու համար 53 տարի պահանջվեց՝ իր Ազգային պատկերասրահով և Մարիոթ հյուրանոցով։ Ամառային մայրամուտին վայելեք «երգող շատրվանները»։

Համտեսեք Չերչիլի սիրած բրենդին

Ավանդություն կա, որ Ուինսթոն Չերչիլն ամեն օր մեկ կամ երկու բաժակ հայկական կոնյակ էր կոնծում։ Հասունացած կովկասյան կաղնու տակառներում և կրկնաթորած, ինչպես ֆրանսիական կոնյակը, այն նույնիսկ այսօր են գովում։ Մեկժամյա շրջայց Երևանի կոնյակի գործարարնում և կիմանաք, թե ինչպես է այն պատրաստվում։ Գործարանից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Հրազդանի կիրճ և Հաղթանակի կամուր։ Մի քանի ֆոտո էլ դրանցից կանեք։

Հոգևոր տեսարժան վայրեր, ինչպես Կաթողիկեն է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Կապույտ մզկիթը

Հայաստանն առաջինն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն, և այդ պատմական արմատներն արտացոլված են Երևանի եկեղեցիներում։ Քաղաքի ամենահին եկեղեցին Կաթողիկեն է, փրկված 1679-ի ավերիչ երկրաշարժից։ Փոքրիկ ժամատան ճակատամասի գրությունները թվագրվում են 13-րդ դարի սկիզբ։ Շարժվենք առաջ, 2001-ին իր դռները բացեց հայկական առաքելական ամենամեծ եկեղեցին աշխարհում՝ իր մեջ կենտրոնացնելով արդի ճարտարապետությունը։ Չնայած Երևանը դարեր շարունակ տուն է եղել մահմեդական համայնքների համար՝ Կապույտ մզկիթն այսօր երկրպագության միակ իսլամական վայրն է, որը պետք է, անպայման, աչքի անցկացնել։

Մեկ օր՝ դեպի ճարտարապետական հրաշալիքներ և ՅՈՒՆԵՍԿՕի պահպանության տեսարժան վայրեր

Հայաստանը մոտավորապես Մերիլենդի չափ է։ Սա նշանակում է, որ Երևանից պատմական տեսարժան վայրեր հասնելու համար մեկօրյա ճամփորդությունն էլ բավարար է։ Էջմիածնի Մայր տաճարը Կենտրոնից 11 մղոն արևմուտք է։ Համարվում է ամենահին տաճարը Երկրի վրա՝ մ.թ. 300 թվական։  Դարերի խորքից եկող այս եկեղեցին այսօր էլ ամբողջ աշխարհի հայերի համար մնում է ուխտատեղի։ Կենտրոնից հեռու չեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ժառանգության ցանկում գտվող ժայռափոր Գեղարդը և Նորավանքը, որոնց երփներանգ ու նախշազարդ քարերը նմանը չունեն Կովկասում։ Ճարտարապետական հրաշալի կոթողներ, որոնք չարժե անտեսել։

Վայելեք սուրճի մշակույթը

Անկասկած, Երևանը կարելի է համարել Կովկասում սուրճի մայրաքաղաք։ Խանութ-սրճարաններն այստեղ գրեթե յուրաքանչյուր անկյունում են։ Տեղի ժամանցի լավագույն ձևերից մեկը սրճարանում հայկական սև սուրճ վայելելն է, վերջերս նաև կապուչինո կամ այլ մասնագիտացված ըմպելիքներ։ Սուրճի գիտակները նախընտրում են The Green Bean-ը և Gemini-ն՝ հայտնի իր էսպրեսոյով և տաք նրբաբլիթներով։ Միայնակ ճամփորդողների համար նախընտրելի վայր է նաև Aeon անտի-սրճարանը, որտեղ վճարում եք ժամի համար և անսահմանափակ օգտվում թխվածքաբլիթներից, սուրճից և թեյից։

Գնացեք Բուզանդի և Արամի փողոցներ՝ բացօթյա առևտրի

Պատրաստ եղեք սակարկել Վերնիսաժում. Երևանի ամենամեծ բացօթյա շուկան վիքենդին է՝ Արամի և Բուզանդի փողոցներում: Այստեղ վաճառողները ներկայացնում են իրենց ապրանքը՝ անտիկվարիատից մինչև մեր օրերի ձեռքի աշխատանք և շապիկներ: Ուտելի հուշանվերները փնտրեք Փակ շուկայում: Խորհրդային ժամանակներից փոխանցված և արդիականացված ոսկեգույն ֆասադով այս վայրում կգտնեք չորացված մրգեր, թարմ աղացած համեմունք և բաստուրմա:

Իջևանեք անհավանական հյուրանոցներում

Քիմ Քարդաշյանը Մարիոթ Երևանի մասին փոսթեր հաստատ արած կլինի՝ քաղաքի խորհրդանիշ հյուրանոցից: Բայց վստահ ենք, որ նա ավելի շատ կտպավորեր հինգաստղանի Hyatt Place-ը, որը բացվեց 2013-ին ու, վստահաբար, լավագույնն է՝ իր ամպի պես փափուկ մահճակալների, առատ նախաճաշի և ուշագրավ դեկորի շնորհիվ: Քեշով ճամփորդողների համար Envoy Hostel-ից լավը չկա: Այն տրամադրում է առանձին և ընդհանուր սենյակներ, ֆանտաստիկ տուր-զբոսանք և էքսկուրսիաներ: Իր 12 համարներով և ջերմ անձնակազմով My Hotel Yerevan-ը մեկ քայլ առաջ է Envoy-ից և իդեալական վայր զույգերի, հետաքրքիր միջավայր փնտրողների համար:

Խմեք բարերում և գարեջրատներում

Երբ գալիս է գիշերը, վարվեք ինչպես երևանցիների մեծ մասը, մտեք հարևան բարը կամ սրճարանը: Առաջին կանգառն արեք Dargett-ում՝ փաբ-գարեջրատանը, որը բացվել է 2016-ին և առաջարկում է ավելի քան 12 տեսակ լցնովի գարեջուր: Հետո՝ մինչև Calumet Ethnic Loungefor գնալը,  կոկտեյլ վայելեք Դաբու բարում:

Շրջեք Ազգային պատկերասրահում և Մատենադարանում

Որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ հիմնադրված մ.թ.ա. 782-ին, անակնկալ չէ, որ Երևանը հպարտանում է համաշխարհային կարգի թանգարանային հարստությամբ: Ամենաշքեղը Ազգային պատկերասրահն է,  միջազգային և հայկական աշխատանքներով ներկայացված 7 հարկ՝ երկաթի դարաշրջանի ֆրեսկոներից, միջնադարյան սրբապատկերներից մինչև ժամանակակից գեղարվեստ: Նույնպիսի համաշխարհային նշանակության վայր է Մատենադարանը՝ հայկական գրականության անտիկ ավանդույթների տաճարն՝ առջևում Մեսրոպ Մաշտոցի հսկա արձանով, ով 405 թվականին ստեղծեց հայկական այբուբենը: Ներսում դուք կգտնեք հին դարերի բացառիկ ձեռագրեր և նկարազարդ գրքեր:

Հարգանքի տուրք մատուցեք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Հուշահամալիրը, որ հայտնի է նաև Ծիծեռնակաբերդ անունով, կանգնեցվել է՝ որպես հարգանքի տուրք 1915 թվականին Հայոց մեծ եղեռնին զոհ գնացած միլիոնից ավելի հայերին: Այնտեղ հավաքված են լուսանկարներ, փաստաթղթեր և Օսմանյան կայսրության ժամանակ իրագործված վայրագությունների մասին այլ վկայություններ: Թանգարանից այն կողմ երկինք ձգվող սյուներն են, սիրտ կեղեքող երաժշտությունը և հավերժական կրակը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment