Երեք երկիր, ուր ժողովրդավարությունը հաղթանակեց 2018-ին

Երեք երկիր, ուր ժողովրդավարությունը հաղթանակեց 2018-ին

Հոդվածի առանցքում

  • 2018թ-ը ժողովրդավարության համար կատաստրոֆիկ տարի էր: Ավտորիտար առաջնորդները վճռական քայլերի էին գնում իրենց իշխանությունը պահպանելու համար` շարքից հանելով այն գործիքները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական գործընթացների համար, ինչպիսիք օրենքի գերակայությունն ու մամուլի ազատությունն են: Եվ նույնիսկ այսքանից հետո դեռ կան երկրներ, որտեղ անսպասելիորեն ժողովրդավարական ռեֆորմները հսկայական քայլ արեցին` հիշեցնելով, որ ակտիվիզմի, առաջնորդության և հանգամանքների ճիշտ համադրումը կարող է հանկարծ փոխել պատմության ընթացքը: Դրանց թվում են Եթովպիան, Հայաստանը և Պերուն

Ուշադրությանն արժանի

Գործնականում բոլոր առումներով 2018թ-ը ժողովրդավարության համար կատաստրոֆիկ տարի էր: Ավտորիտար առաջնորդները վճռական քայլերի էին գնում իրենց իշխանությունը պահպանելու համար` շարքից հանելով այն գործիքները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական գործընթացների համար, ինչպիսիք օրենքի գերակայությունն ու մամուլի ազատությունն են: Հունգարիայում, Նիկարագուայում, Ֆիլիպիններում և այլ երկրներում նաև անտեսում էին բողոքի զանգվածային ակցիաները:

Եվ նույնիսկ այսքանից հետո դեռ կան երկրներ, որտեղ անսպասելիորեն ժողովրդավարական ռեֆորմները հսկայական քայլ արեցին` հիշեցնելով, որ ակտիվիզմի, առաջնորդության և հանգամանքների ճիշտ համադրումը կարող է հանկարծ փոխել պատմության ընթացքը: Լավ լուրերը բոլորովին տարբեր երկրներից էին, որտեղ հակաժողովրդավարությունը մինչև այս դրսևորվում էր տարբեր ձևերով: Ամենակարևորն այն է, որ որոշ երկրներում ավտորիտար իշխանությունների դեմ ակտիվիստները պայքարեցին, համակագրը ցնցեցին և հասան իրենց նպատակներին առանց բռնության:

Եթովպիա

Հավանաբար  տարվա ամենամեծ անակնկալը Եթովպիան էր, որտեղ 100 մլն մարդ է ապրում և որն ուներ ամուր ավտորիտար հիմքով անցյալ: Բանտերում քաղբանտարկյալներ ու լրագրողներ էին և ռեժիմի գործողությունները քննադատողները գիտեին, որ միակ ապահով տեղն աքսորն է: 1991թ-ին ռազմական խունտայի հաստատումից հետո իշխող Ժողովուրդների հեղափոխական ժողովրդավարական ճակատը Եթովպիայում մոնոպոլիզացրել էր իշխանությունը, տարածվել էր կոռուպցիան, բանտարկվում էին այս ամենի ընդդիմախոսները և երկրում ֆավորիտ էր Տիգրայ էթնիկ խումբը:

Բայց մարտին Ժողովուրդների հեղափոխական ժողովրդավարական ճակատում լարվածությունը վերածվեց ներքին հեղաշրջման, և կուսակցությունը նոր ղեկավար ընտրեց Աբիյ Ահմադին` նրան դարձնելով վարչապետ: Ահմադին դարձավ Օրոմո էթնիկ խմբից առաջին վարչապետը: Նրա նշանակումը բերեց այնպիսի փոփոխությունների, որոնց եթովպիացիները դժվարությամբ էին հավատում:

Ահմադն ազատ արձակեց հազարավոր քաղբանտարկյալներին, բոլոր լրագրրողներին․ նրանցից ոչ մեկը բանտում չմնաց: Սա ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի: Ավարտվեց նաև տասնամյակներ շարունակվող պատերազմը Էրիթրեայի հետ: Եթովպիայում տարածվեց այնպիսի էյֆորիա, որ ընդդիմադիր առաջնորդները սկսեցին վերադառնալ երկիր:  Վարչապետին հերոսի պես էին ընդունում արտասահմանյան այցերի ժամանակ: Միացյալ Նահանգներում եթովպիացիների հետ հանդիպմանը նա հայտարարեց` հաջորդ քայլը ժողովրդավարական ընտրություններն են:

Նոր վարչապետը և Եթովպիան իրականում հսկայական խնդիրների առջև են կանգնած: Տնտեսական ցնցումները և էթնիկ կոնֆլիկտները դեռ առջևում են, բայց միաժամանակ վարչապետն ունի լայն աջակցություն: Նա խոսում է ազատ ընտրությունների մասին, հանդուրժող է ընդդմախոսների նկատմամբ, կանանց բարձր պաշտոնների է նշանակում իր կաբինետում, դատական համակարգում և այս ամենը ժողովրդավարական ապագայի նախանշաններ են:

Հայաստան

Հայատանն ունեցավ նույն դրամատիկ փորձառությունը: Երբ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պաշտոնավարում էր արդեն մեկ տասնամյակ, Սահմանադրությունը փոխելով և վարչապետ դառնալով փորձեց պահել իշխանությունը, լրագրողից ակտիվիստ դարձած Նիկոլ Փաշինյանը ժողովրդի զայրույթն օգտագործեց` արմատապես փոխելով երկրի քաղաքական կուրսը: Փաշինյանը գլխավորեց զանգվածային քայլարշավ` պարալիզացնելով երկիրը, մինչև որ խորհրդարանը, որը Սերժ Սարգսյանին ընտրել էր վաչապետ, այսպես ասած, փափկեց: Հայաստանի ոչ բռնի ժողովրդային ուժը Սերժ Սարգսյանին տարավ հրաժարականի և ճնշում գործադրեց օրենսդիրների վրա, որոնք Փաշինյանին ընտրեցին վարչապետ: Բայց ամենամեծ փոփոխությունը դեռ սպասվում էր:

Մեկ շաբաթ առաջ Հայաստանում ընտրել են նոր խորհրդարան, որում ձայների 70 տոկոսով մեծամասնություն է Փաշինյանի գլխավորած բլոկը: Իշխող նախորդ կուսակցությունը` Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, նույնիսկ չստացավ խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ նվազագույն 5 տոկոսը: Վստահության քվեի աջակցությամբ Փաշինյանը հիմա սկսել է հակակոռուպցիոն արշավ` մաքրելով կառավարության համակարգը:

Պերու

Մեկ այլ աշխարհամասում և օվկիանոսի մյուս կողմում` Պերուի ժողովուրդը նույնպես ցույց տվեց փոփոխությունների փափագը: Պերուացները երկար ժամանակ տուժում էին ամենաբարձր մակարդակով իրականացվող կոռուպցիայից: Բայց պայթեց Օդերբրեխտի մեծ սկանդալը, որը տարածվեց նաև ամբողջ Լատինական Ամերիկայում` բացահայտելով նոր սկանդալներ: Պերուի բոլոր նախկին նախագահները` մի քանի տասնամյակի կտրվածքով, հիմա կամ բանտում են, կամ նրանց դեմ հետաքննություն է սկսվել:

Անցած տարվա մարտին, երբ նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին ստիպված էր հրաժարական տալ կաշառակերության մեղադրանքների պատճառով, Կանադայում Պերուի դեսպան Մարտին Վիսկարան լուր ստացավ, որ պետք է շտապի տուն, քանի որ փոխնախագահը հիմնականում իշխանություն չուներ և նա նախագահի պաշտոնին հավակնող հաջորդ պաշտոնյան էր: Երբ Վիսկարան ժամանեց կոմերցիալ թռիչքով և ստանձնեց նախագահի պաշտոնը, պերուացիների մեծ մասը նրա մասին ոչինչ չէր լսել: Բայց նրա հանկարծակի նախագահությանը սպասվում էր դրամատիկ շրջադարձ:

Լրագրողները բացահայտեցին ձայնագրություններ, որոնցում դատավորները քննարկում են որոշումներ և նշանակումներ այնպիսի ծառայությունների դիմաց, որ հանրությունը պարզապես պոռթկաց: Նախագահը որոշեց պաշտոնն օգտագործել կոռուպցիան արմատախիլ անելու նպատակով: Պերուացիներն աջակցեցին նրան: Դեկտեմբերի 9-ին համապետական քվեարկությամբ հաստատվեց նրա պլանը, որով փոխվում է դատավորների և դատախազների նշանակման կարգը, խստացվում են նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման  մասին օրենքները և արգելվում է Կոնգրեսում վերընտրությունը:

Վիսկարան հիմա շատ պոպուլյար է, բայց նրա ճանապարհին դեռ շատ պոտենցիալ թակարդներ կան, ինչպես հանրության հիասթափությունը, որը չափազանց զգայուն է դարձել իրար հետևող սկանդալների ֆոնին:

Այս երկրները և նրանց առաջնորդները դեպի լիբերալ ժողովրդավարություն տանող իրենց ճանապարհին դեռ բախվում են վտանգավոր խոչընդոտների: Բայց փաստ է նաև, որ նրանց հաջողվել է հասնել զգալի հաջողությունների և դա պետք է ոգեշնչի նրանց, ովքեր դեռ պայքարում են կոռուպցիայի և ավտորիտար ռեժիմների դեմ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment